Պիղատոսությո՞ւն, թե՞ իշխանության ճնշումների «զոհ»

Պիղատոսությո՞ւն, թե՞ իշխանության ճնշումների «զոհ»

Շուրջ մեկ տարվա դեգերումներից հետո երեկ հանրապետության նախագահը պիղատոսաբար լուծում տվեց Սահմանադրական դատարանի թափուր տեղի համալրման հարցին։ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի անդամի թափուր պաշտոնում առաջադրեց իշխանությունների «սրտի թեկնածու», փաստաբան Վահե Գրիգորյանին։ Կասկած չկա՝ «Իմ քայլը» նրան կգործուղի ՍԴ՝ Գրիգորյանին կառույցի նախագահ դարձնելու հեռահար պլանով։ Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործի տուժողների իրավահաջորդն է, նա դարձել է վարչապետի խորհրդատուն, նրա «քավորությամբ» է ներկայումս իշխանությունը նախաձեռնում դատաիրավական բարեփոխումների, անցումային արդարադատության գործընթացը, հայտնի գաղտնալսման ձայնագրության մեջ նույնպես ՀՔԾ պետը  հիշատակում է նրա անունը․ «Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա, ընգեր, ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի․․․»։

Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանին մեկ անգամ ներկայացրել էր որպես թեկնածու, բայց նախկին խորհրդարանը բոյկոտեց  ընտրությունը, նրա ճակատագրին էր արժանացել նաեւ նախագահի ներկայացրած առաջին թեկնածուն՝ Էմիլ Տարասյանը։ Երկու փորձ էլ Արմեն Սարգսյանն արեց նոր խորհրդարանում՝ առաջադրելով սկզբում Գոռ Հովհաննիսյանի, ապա Արթուր Վաղարշյանի թեկնածությունները, բայց երկու դեպքում էլ կրկին տապալվեց իշխող «Իմ քայլի» գործուն ջանքերով։ Ուշագրավ է, որ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց երկու օր հետո Արմեն Սարգսյանը,  չհայտարարելով դատավորի թեկնածուի հավակնորդների նոր դիմումներ ընդունելու մասին, ինչն անում էր նախորդ բոլոր թեկնածուների դեպքում, չսպասելով օրենքի ընձեռած մեկամսյա ժամկետին՝ առաջադրեց Վահե Գրիգորյանին: Նախագահականի տարածած հաղորդագրությամբ փորձ արվեց բացատրություն տալ այդ քայլին, արդարանալ, թե «մեկ տարվա ընթացքում, չնայած մի քանի անգամ հայտարարվել է թեկնածուների հայտերի ընդունման մասին, այդուհանդերձ, հավանական թեկնածուների թիվը եղել է շատ սահմանափակ», ասել է թե՝ նախագահն իբր չի կարող այլեւս նոր թեկնածու ներկայացնել։

Սա՝ այն պարագայում, երբ Արմեն Սարգսյանի ձեւավորած մրցութային հանձնաժողովը, որը պետք է ընտրեր լավագույն դիմումատուներին, առաջին անգամ շուրջ 150 հայտ էր ընդունել։ Հաղորդագրության մեկ այլ հատվածում էլ փորձ է արվում նախագահի վրայից պատասխանատվությունը գցել, թե «ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցը չի կարող անվերջանալի գործընթացի վերածվել, դառնալ քաղաքական սակարկությունների կամ շահարկումների առարկա», բայց թե ում կողմից է դարձել շահարկումների, սակարկումների թեմա, բնականաբար, չի նշվում։ Իրականում ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը, տեղի տալով Նիկոլ Փաշինյանի անձնական ցանկություններին ու քաղաքական նեղ հաշվարկին, Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրեց իշխանական տանդեմին սպասարկող փաստաբանին։ Նա իշխանությանը հաճոյանալու համար ոտնատակ տվեց նաեւ սեփական ինքնասիրությունը եւ առաջադրեց նրան, ով հրապարակավ Արմեն Սարգսյանին համարել է ոչ լեգիտիմ։ Կարո՞ղ էր արդյոք հակադրվել իշխանության ցանկությանը․ անշուշտ, կարող էր, բայց Արմեն Սարգսյանը պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում երբեւէ պատասխանատու որոշում չի ընդունել եւ  սպասարկել է Փաշինյանի ամբիցիաները, ինչպես եղավ հոկտեմբերի 2-ի հայտնի նիստում ընդունված նախագիծը չստորագրելը, ՍԴ ուղարկելը, ինչպես եղավ դատարանները շրջափակելու Փաշինյանի կոչին աչք փակելը եւ ընդհանրապես։

Առավել ուշագրավ էր թեկնածուի արձագանքն իր առաջադրման կապակցությամբ։ Նա սոցցանցի իր տարածքում մի ծավալուն գրառում թողեց, մոռանալով դատավորի ապաքաղաքական կարգավիճակի մասին՝ քաղաքական գնահատական հնչեցրեց ՍԴ-ի  եւ առհասարակ դատական իշխանության վերաբերյալ․ «Հայաստանն այն հազվագյուտ պետություններից է, որտեղ դատավորների 95 տոկոսից ավելին նշանակվել կամ վերանշանակվել են մեկ քաղաքական կուսակցության (ՀՀԿ) ղեկավարի կողմից՝ նրա գրեթե բացարձակ հայեցողությամբ։
Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանում բացարձակ մեծամասնություն են կազմում նույն կուսակցության կողմից վերահսկվող ԱԺ-ի եւ նույն կուսակցության ղեկավարի կողմից բացարձակ հայեցողությամբ, առանց որեւէ ստուգման թափանցիկ ընթացակարգի եւ զուտ կուսակցական նպատակահարմարությամբ նշանակված անդամները։ Եվ, հաշվի առնելով Ազգային ժողովում իմ թեկնածության ընտրության բարձր հավանականությունը, ես բնական եւ խիստ կանխատեսելի եմ համարում զրպարտախոսության եւ հայհոյախոսության շքերթի հերթական մեկնարկն իմ դեմ։

Եվ ես կարծում եմ, որ այդ կոնկրետ շրջանակներն իրենց հակաժողովրդավարական անցյալի եւ նկրտումների դեմ վտանգի հարցում իրապես անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն»։ Վահե Գրիգորյանը խոստացավ նաեւ դատական իշխանության «բարեփոխումների եւ վերափոխումների» իր պատկերացումների մասին խոսել առաջիկայում։ «Արդարադատության համակարգի՝ սկսած դրա դատական համակարգի բաղադրիչից, վերափոխումների ընթացքն այլեւս անդառնալի է եւ հասնելու է Հայաստանին արժանի կայուն եւ հանրության շրջանում խորը վստահություն եւ հարգանք վայելող համակարգի կարգավիճակի»։ Փաստորեն, մի կողմից, դատավորի թեկնածուն դատապարտում է, որ գրեթե բոլոր դատավորները, այդ թվում՝ ՍԴ, ՀՀԿ-ի ղեկավարի կողմից են ընտրվել, մյուս կողմից՝ խրախուսում, որ հիմա այս իշխանության «մարդիկ» պետք է ձեւավորեն դատական անկախ կոչված իշխանությունը։  

«ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ Է»

Խորհրդարանի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը երեկ մեր զրույցում Արմեն Սարգսյանի կողմից առաջադրումը համարեց «անօրինական»։ Նա, հղում անելով «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներին, հերթական անգամ պնդեց, որ Սահմանադրությունն արգելում է մի քանի անգամ նույն անձի առաջադրումը՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու: Նույն իրավասու մարմինը պետք է «նոր թեկնածու» առաջադրի, իսկ «ո՞ր թեկնածուն», նախկինում առաջադրվածը չի կարող լինել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեր հարցին, թե ինչու են օրենքի խախտումով ՍԴ գործուղում Վահե Գրիգորյանին, պատասխանեց․ «Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք, հա՞։ Սա նոր թեկնածություն է, խնդիր չկա այստեղ։ Գիտեք, իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, քննարկել ենք թեման հրապարակային։ Հիմա ես չեմ կարող․․․ կարող եմ․․․ իրավաբանների բերած բոլոր փաստարկները տառ առ տառ շարադրել»։

Տարոն Սիմոնյանն էլ է իրավաբան։ «Այո, կա մեկ պատգամավոր, որ պնդում է՝ չեն կարող, կան բազմաթիվ իրավաբաններ, այդ թվում՝ պատգամավոր, որոնք պնդում են, որ կարող են»։ Արդյոք ԱԺ-ն ճնշումների արդյունքում չհասա՞վ այն բանին, որ ՍԴ գործուղի իր համախոհ թեկնածուին։ «Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր, դա չի նշանակում գործող իշխանության կողմից յուրայինի գործուղում ՍԴ։ Վահե Գրիգորյանը եթե ընտրվի, լինելու է ՍԴ անկախ նախագահ»,- իրենց պլանների մասին բերանից թռցրեց Միրզոյանը, ապա ուղղեց, թե վրիպակ էր ընդամենը, եւ հիշեցրեց․ «ԱԺ-ն Հայաստանի բարձրագույն քաղաքական մարմինն է, ԱԺ-ն կարող է կայացնել բոլոր այն քաղաքական որոշումները, որոնցով լիազորված է Սահմանադրությամբ եւ ունի ժողովրդի մանդատը։ Ճնշման մասին խոսք չկա»։ Միրզոյանը չթաքցրեց նաեւ անձամբ իր եւ Վահե Գրիգորյանի մտերմությունը։

«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, եւ դա ձեւավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաեւ տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձեւավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը․ շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերեւա առաջիկայում»,- ասաց նա։