Ես դա չեմ համարի պարտություն․ Գրիգոր Գուլյանը՝ իր պարտության մասին

Ես դա չեմ համարի  պարտություն․ Գրիգոր Գուլյանը՝ իր պարտության մասին

Աբովյանում ընտրություններն ավարտվել են։ Նախնական հաշվարկով՝ հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։ Նրա հիմնական մրցակիցը ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանն էր, որը Գևորգյանին պարտվեց շուրջ 400 ձայնի տարբերությամբ։ ՔՊ-ականներն իրենց թեկնածուի պարտությունը բացատրում են ժողովրդավարության հաղթանակով։ Գուլյանը, սակայն, Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը սա չէր համարի պարտություն։

«Ես վերջնական տվյալներն ամփոփելուց հետո կարձագանքեի, բայց, ամեն դեպքում, նախնական տվյալներով՝ այո, Վահագն Գևորգյանը շարունակում է լինել իբրև քաղաքապետ։ Եվ ես դա չեմ համարի էդպես պարտություն, որովհետև Աբովյանում աննախադեպ էին նման ընտրությունները։ Ամեն դեպքում, յուրաքանչյուրս շարունակելու ենք մեր գործն ի շահ համայնքի, ես դա իմ մասով եմ ասում»,- ասաց Գրիգոր Գուլյանը։

- Ինչո՞վ էին աննախադեպ։

- Աննախադեպ էին, որովհետև նման արդյունք, նման հավասար պայքար, որ թվերն են ցույց տալիս, ես՝ ինքս, չեմ հիշում նման դեպք։

- Երեկ ամբողջ օրը հասարակությունը հետևում էր ընտրություններին, և քննադատություններ էին հնչում, որ իշխանությունը՝ ի դեմս Կոտայքի մարզպետի, վարչական ռեսուրսն ու լծակներ է կիրառում, որ հաղթեր իրենց թեկնածուն, ընդհուպ՝ մարզպետին անգամ վստահված անձ էին գրանցել։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

- Ապատեղեկատվություն է, ոչ մի վարչական ռեսուրս, համենայնդեպս` մեր կողմից, չի կիրառվել, մարզպետն արձակուրդի մեջ է եղել և որպես Աբովյանի քաղաքացի՝ իրավունք ուներ լինել վստահված անձ։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես վարչական ռեսուրսներին, ես հերքում եմ՝ ի՞նչ վարչական ռեսուրսի մասին է խոսքը; Իսկ թիմի հետ կապված, որ վարչապետն էլ է այցելել, մենք դրան բազմիցս անդրադարձել ենք, որ սա կուսակցության աշխատանքն է, կուսակցությունն է ինձ առաջադրել, և որպես կուսակցության առաջնորդ՝ վարչապետն իրավունք ուներ այցելելու նաև քաղաք Աբովյան։

- Պարոն Գուլյան, գուցե Դուք շատ արժանի թեկնածու էիք Աբովյանի քաղաքապետի համար, այդուհանդերձ, այնպիսի տպավորություն էր, որ ինչպես մյուս քաղաքներում, այնպես էլ Աբովյանում մարդիկ ձայն են տվել ավելի շատ ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե բուն թեկնածուին, ում այդքան էլ լավ չէին ճանաչում։

- Գիտե՞ք, ես չէի մեկնաբանի այդ մեկնաբանությունն այն իմաստով, որ իմ կարծիքն այլ է, իսկ նման տեսակետ ձևավորելիս, ինձ թվում է, պետք է առաջնորդվել քաղաքացիների կարծիքով։ Քաղաքացիները պետք է ասեն՝ ինչպե՞ս են ընտրել ինձ, ես ո՞նց կարող եմ ասել։

- Այսինքն, եթե Դուք առաջադրված չլինեիք ՔՊ-ի կողմից, և Նիկոլ Փաշինյանն էլ չսատարեր Ձեզ, Դուք՝ ինքներդ, կհավաքեի՞ք այդքան ձայն։

- Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Քաղաքացին թեկնածուին քվեարկում է իր կատարած աշխատանքով, իր կենսագրությունից ելնելով, իր գործունեությունից ելնելով, իր աշխատանքային փորձից ելնելով, նաև իր կուսակցական պատկանելությունից։ Միանշանակ չի կարելի ասել՝ կոնկրետ այս կամ այն գործոնն է հաշվի առնվել։

- Հիմա Ձեր դեպքում ո՞ր գործոնն են ավելի շատ հաշվի առել և Ձեր կատարած ո՞ր աշխատանքն են աչքի տակ ունեցել Ձեզ ձայն տալիս։

- Բոլոր գործոններն էլ հաշվի են առնվել, նաև իմ կատարած աշխատանքը, որ այժմ ես աշխատում եմ Կոտայքի մարզպետարանում, բայց մինչ այդ ունեցել եմ 18 տարվա տեղական ինքնակառավարման բնագավառում երկարամյա աշխատանքային փորձ։

- Պատրա՞ստ եք շնորհավորել հաղթած թեկնածուին։

- Ես սպասում եմ ԿԸՀ վերջնական արդյունքներին և ըստ այդմ՝ իմ անելիքը կանեմ։

- Այսուհետ ինչպե՞ս եք համագործակցելու Վահագն Գևորգյանի հետ, քանզի բավականին լարված մթնոլորտում ընթացավ պայքարը ձեր երկու թիմերի միջև։

- Գիտե՞ք, յուրաքանչյուրս մեր աշխատանքը կատարելով՝ պետք չէ լարվածությունը հիմա ավելի թեժացնենք։ Ես իմ աշխատանքը կատարել եմ որպես Կոտայքի մարզպետարանի աշխատակից, համայնքի ղեկավարն էլ՝ որպես համայնքի ղեկավար, իր աշխատանքն է իրականացնելու։

- Ձեր կամ ձեր թիմի առջև, թեկուզ ենթատեքստում, դրվա՞ծ էր խնդիր՝ անպայման ազատագրել Աբովյանը Ծառուկյանի ու ԲՀԿ-ի «տիրապետությունից»։

- Նման առաջադրանք չկա, մենք ունենք մեր տեսակետը, մեր գաղափարները և մենք ուզում էինք մեր տեսակետն առաջ տանել մեր Աբովյան համայնքում։

- Ձեր թիմակիցներն ասում են, որ Աբովյանում հաղթեց ժողովրդավարությունը։ Բայց նկատենք, որ նույն Վահագն Գևորգյանն ընտրություններում հաղթել էր նաև նախորդ իշխանության օրոք։ Այսինքն՝ նախկինում է՞լ է հաղթել ժողովրդավարությունը։

- Ես չեմ կարող ուղիղ համեմատական տանել, բայց այն կարծրատիպերը, որոնք կոտրվել են համայնքում, և քաղաքացիների ինքնագիտակցությունը բարձրացել էր, այս քվեարկության արդյունքները դա ապացուցեցին։