Դինքի սպանության գործով դատարանը վճիռներ է արձակել

Դինքի սպանության գործով դատարանը վճիռներ է արձակել

«Էրմենիհաբերը» գրում է, որ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը գործով 7 մեղադրյալների առաջադրված որոշ առանձին մեղադրանքների մասով վճիռ է կայացրել։  Մասնավորապես մեղադրյալ Էրհան Թունջելին Դինքի սպանության գործում հանցագործներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 18 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 2 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Տրապիզոնում տեղի ունեցած պայթյունի կազմակերպմանը մասնակցության մեղադրանքով՝ 7 տարի ազատազրկման։ Այսպիսով, Թունջելին ընդհանուր առմամբ դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը նաև վերջինիս կալանավորելու որոշում է կայացրել։

Հանցագործության անմիջական կատարողը՝ Դինքին սպանած Օգյուն Սամասթը զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման։

Գործով մեկ այլ մեղադրյալ՝ Յասին Հայալը զինված հանցավոր խմբավորում հիմնելու և ղեկավարելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։

Մեղադրյալ Զեյնել Աբիդին Յավուզը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 12 տարի 6 ամիս ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 6 ամիս, 22 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ 14 տարի 22 օր ազատազրկման դատապարտված Յավուզի վեարբերյալ նաև կալանավորման որոշում է կայացվել։

Մեղադրյալ Թունջայ Ուզունդալը Դինքի դիտավորյալ սպանությանն աջակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարի ազատազրկման, զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով՝ 1 տարի, 10 ամիս, 15 օր ազատազրկման։  Ընդհանուր առմամբ ազատազրկման ժամկետը կազմել է 16 տարի 10 ամիս 15 օր։  Իսկ մեղադրյալներ Ահմեթ Իսկենդերն ու Էրսին Յոլջուն զինված հանցավոր խմբավորմանն անդամակցության մեղադրանքով դատապարտվել են 1 տարի 10 ամիս 15 օր ազատազրկման։

Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող, գրող և հրապարակախոս Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս»-ի խմբագրատան մուտքի մոտ։ Հանցագործության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից մեկն է, որ շարունակվում է արդեն 12 տարի։