2008 թվականից սկսած՝ չեմ նայում Հանրային հեռուստաընկերություն

2008 թվականից սկսած՝ չեմ նայում Հանրային հեռուստաընկերություն

Հանրային հեռուստաընկերությունում փոփոխություններ անելու մասին բանավեճը, որն ակամա հրահրեց հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն իր բաց նամակով, հետաքրքիր ելեւէջներ բացահայտեց մեզ համար։ Մշակութային, հանրային գործիչներից ոմանք խուսափում էին տեսակետ հայտնել այդ մասին՝ նշելով, որ, սկսած 2008 թվականից, իրենք չեն դիտում Հանրային, ինչպես նաեւ այլ հեռուստատեսություններ, անհրաժեշտ տեղեկատվությունը ստանում են ինտերնետից։ 
Փաստորեն՝ 2008-ը եղել է այն ջրբաժանը, որը խզում է առաջացրել հեռուստադիտողի եւ հեռուստատեսության միջեւ, եւ բանավեճի կողմերը նախ եւ առաջ պետք է մտածեն այդ խզումը վերացնելու, նոր՝ փոփոխություններ նախաձեռնելու մասին։

Արվեստագետ Արման Գրիգորյանն էլ խոստովանեց, որ ինքը 2008-ից սկսած չի դիտում հեռուստատեսություն, սակայն ծանոթ էր Տիգրան Պասկեւիչյանի նամակին, Արա Շիրինյանի պատասխանին ու նրանցում արտահայտված մտահոգություններին։ 
Արման Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ինչ է ուզում անել Տիգրան Պասկեւիչյանը, ինչ է ուզում անել Արա Շիրինյանը։

Միաժամանակ նա դրական է համարում, որ կա ցանկություն՝ դուրս գալու սովետականությունից։
«Մեր հեռուստատեսությունն ու ռադիոն իներցիայով Սովետական շրջանից են եկել եւ որեւէ ձեւով չեն դառնում Հանրային։ Իսկ Սովետում կուսակցության համար կարեւոր էր պրոպագանդան։ Այդ առումով Հանրային հեռուստատեսություն եւ ռադիո ունենալը մեր տիպի երկրներում դժվար է։ 30 տարվա մեջ ինչքան փորձել են հեռուստատեսությունն ու ռադիոն դարձնել Հանրային, ստացվել է կիսատ-պռատ մի բան։

Արա Շիրինյանն ունի մեծ փորձ, բայց քանի որ իր փորձը կապված է եկեղեցու հեռուստաընկերության հետ, դա պահպանողական մի բան է։ Կարծում եմ, որ Պասկեւիչյանի առաջարկը կարող էր բերել նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը համապատասխանի իր կարգավիճակին։ Իսկ  մեզ նման պահպանողական եւ դիկտատորական անցյալ ունեցող հասարակություններում դժվար է փոխել Հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը»,- ասաց Արման Գրիգորյանը։