Ես իմ շրջապատում որևէ «վնգստացող դատավոր» չեմ ճանաչում

Ես իմ շրջապատում որևէ «վնգստացող դատավոր» չեմ ճանաչում

Երեկ խորհրդարանում Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծի թեմայով հանրային քննարկում էր կազմակերպվել։ Քննարկմանը ներկա էր վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ում հետ մենք հարցազրույց արեցինք։ Հիմնականում քաղաքական բնույթի հարցեր տվեցինք, թեեւ պարոն Խունդկարյանը փորձում էր ավելի շատ իրավական պատասխաններ տալ՝ խուսափելով ուղիղ գնահատականներից։ Նախ հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ կնպաստի դատական համակարգի եւ դատավորների անկախությանը, դատական համակարգի հանդեպ վստահության աճին Դատական օրենսգրքի այս փոփոխությունների փաթեթը, որը քննարկվում է ԱԺ-ում։

«Ասեմ, որ Հայաստանի անկախության գոյության տարիներին դատաիրավական բարեփոխումներն անընդհատ տեղի են ունեցել, եւ մենք հիմա արդեն չորրորդ փուլում ենք դատաիրավական բարեփոխումների։ Եվ այդ փոփոխությունները պետք է լինեն անընդհատ։ Եվ ես նախ ուզում եմ արձանագրել, որ այս նախաձեռնությունը շատ դրական է, երբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները համատեղ քննարկում են, թե ինչ խնդիրներ կան, եւ ինչպիսի լուծումներ կարող են տալ։ Իսկ, ընդհանրապես, դատական իշխանության հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից ես շատ կարեւորում եմ հասարակության ներկայացուցիչների ներգրավվածությունն այդ գործընթացին»,-ասաց Երվանդ Խունդկարյանը։

- Պարո՛ն Խունդկարյան, հեղափոխությունից հետո Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ նախկինում Բաղրամյան 26-ից ուղիղ զանգեր են եղել դատավորներին, այսինքն՝ զանգովի արդարադատություն է գործել։ Դուք երկար տարիներ է՝ դատական համակարգում եք, երբեւէ Բ 26-ից Ձեզ կամ Ձեր կոլեգաներին զանգեր եղե՞լ են։

- Ես կարող եմ պատասխանել իմ անձի հետ կապված, ես երբեւէ նման զանգեր, նման քննարկումներ՝ լինի Բ 26, լինի որեւէ այլ պաշտոնատար անձի հետ, երբեք չեմ ունեցել։ Այլ դատավորների պարագայում ես որեւէ կարծիք չեմ կարող հայտնել, բայց վստահ եղեք մի բանում՝ դատավորն անկախ է այնքան, որքանով որ ինքն իրեն անկախ է զգում։ Եթե իր էությամբ այդ դատավորը, որպես անձնավորություն, անկախ է, լինի զանգ՝ չլինի զանգ, լինի կարծիք, լինի մամուլով ինչ-որ հորդոր կամ մամուլով ինչ-որ կարծիքների հրապարակում, մեկ է՝ անկախ դատավորն իր որոշումը կայացնելու է օրենքներին եւ Սահմանադրությանը համապատասխան։

- Այդ դեպքում ովքե՞ր էին տարիներ շարունակ փչացնում դատական համակարգի էությունը, որ հասարակության մոտ անվստահություն է ձեւավորվել դատավորների նկատմամբ, որ դատավորներն անկախ չեն, կաշառվող են, քաղաքականացված են։

- Անկեղծ ասած՝ կդժվարանամ այդ հարցին որեւէ պատասխան տալ, թե ինչու է այդպիսի կարծիք ձեւավորվել։ Տեսեք, ժամանակին՝ 2017 թ․, Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել դատարաններից օգտվողների վստահության մակարդակի հետ կապված հարցախույզ։ Հարցումն անցկացվել էր այն անձանց միջեւ, որոնք օգտվել էին դատարանների ծառայություններից։ Եվ էդ հարցման արդյունքներում ձեւավորվել էր կարծիք, թե ինչպիսին է վստահության մակարդակը ՀՀ դատարանների նկատմամբ։ Եվ ասեմ՝ 6 բալային համակարգում վստահության մակարդակը գնահատվել էր 50 տոկոսից ավելի։ Սա նույնիսկ եվրոպական չափանիշներով, ասեմ, ցածր ցուցանիշ չէ։ Եվ էսպիսի հարցախույզներ բավականին շատ պետք է արվեն։

-  Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում բավականին կոշտ արտահայտվեց դատավորների հասցեին՝ նշելով, թե «կան պատերի տակ վնգստացող դատավորներ»։ Ձեր դատարանում կա՞ն վնգստացող դատավորներ։

- Էսպես ասեմ՝ ես իմ շրջապատում որեւէ նման անձնավորություն չեմ ճանաչում։ Ես չեմ ընդունի դատավորի այն կերպարը, որը որեւէ մեկի քիմքին հաճո արդարադատություն կկայացնի։

- Իսկ գործադիր մարմնի ղեկավարի կողմից նման գնահատականներին ինչպե՞ս եք վերաբերվում։

- Տեսեք, դատավորներն իրենք երեւի լրագրողների համար հետաքրքիր զրուցակիցներ չեն, որովհետեւ մենք՝ դատավորներս, ունենք մեզ կաշկանդող վարքագծի կանոններ, եւ ամեն մի երեւույթի շուրջ չէ, որ մենք կարող ենք մեր կարծիքը բարձրաձայն ներկայացնել։ Դատավորն իր վարքագծով էնպիսին պետք է լինի, որ իր անաչառությունը որեւէ մեկի մոտ երբեք կասկածի չարժանանա։ Եվ եթե դատավորն ի սկզբանե որեւէ երեւույթի, որեւէ դատողության, որեւէ մտքի շուրջ նախապես կարծիք հայտնի, դա կնշանակի, որ այդ դատավորն ապագայում նմանատիպ վեճեր քննելիս այլեւս չի կարող լինել անաչառ։

- Այսինքն՝ կարող են վիրավորել դատավորներին, եւ վերջիններս չարձագանքեն կամ որեւէ կարծիք չհայտնե՞ն այդ վիրավորանքի վերաբերյալ։

- Ցավոք սրտի, դա էդպես է, որովհետեւ դատավորը երբեք չպետք է փորձի բոլոր կարծիքներին պատասխաններ տալ։ Դատավորը խոսում է միայն իր դատական ակտերով։ Դատավորն իր հուզմունքը, իր կարծիքը կարող է արտահայտել միայն եւ միայն իր դատական ակտերում։

- Բայց խոսքը գործադիրի ղեկավարի մասին է։

- Պարոն Մակարյան, ավելին ես չեմ կարող ասել։

- Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ կոչ արեց շրջափակել դատարանների դռները, եւ սա շատ իրավաբաններ գնահատեցին որպես գործադիր իշխանության եւ անձամբ վարչապետի կողմից ուղիղ միջամտություն դատարանների գործերին։ Առհասարակ, վարչապետի շատ հայտարարություններ են գնահատվում որպես միջամտություն դատական իշխանության գործունեությանը։ Դուք տեսնո՞ւմ եք միջամտություն դատական իշխանության գործերին։

- Ես որեւէ միջամտություն չեմ տեսնում իմ աշխատանքում, վճռաբեկ դատարանի աշխատանքում։ Իսկ ինչ վերաբերում է դատարանների՝ Ձեր արտահայտելով շրջափակելուն, ապա կասեմ հետեւյալը․ կարո՞ղ են, արդյոք, քաղաքացիներն իրենց կարծիքն ազատ արտահայտել, այդ թվում՝ արտահայտել ցույցերի միջոցով։ Պատասխանը միանշանակ է՝ այո, կարող են։ Կարո՞ղ են քաղաքացիները ցույցերի միջոցով իրենց վերաբերմունքն ու կարծիքը բարձրաձայնել դատարանների շենքերի մոտ, պատասխանը՝ այո, կարող են։ Բայց այդ միջոցառումները պետք է կազմակերպվեն այնպես, որ չխաթարվի դատարանների բնականոն աշխատանքը։

- Այդ օրը խաթարվել էր, մենք տեսանք, որ շատ դատավորներ չէին կարողանում մուտք գործել դատարան, բայց որեւէ քրեական հետեւանք դա չունեցավ։

- Երկու հարց առաջ տրված պատասխանս մնում է ուժի մեջ՝ դատավորն ինքը պետք է իր վարքագծային կանոնների սահմանափակումներից ելնելով՝ հնարավորինս զուսպ լինի իր նախապես արտահայտելիք կարծիքում։