90-ականներին ապրած մի ողջ ժողովուրդ սպասում է իմ հարցերի պատասխանին

90-ականներին ապրած մի ողջ ժողովուրդ սպասում է իմ հարցերի պատասխանին
Սրբուհի Ղազարյան, Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  խորհրդական Սրբուհի Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երեկ, անդրադառնալով   ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հնչեցրած հայտարարությանը,   գրել էր․

«Որպես Սոֆյա Հովսեփյան-ի մտքերի տրամաբանական շարունակություն… 
Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն/ ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/  3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ

հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:
Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Սրբուհի Ղազարյանին ուղղեցինք մի քանի հարց։

-Դուք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հնչեցրել եք տեսակետ, որին արձագանքել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն, ի մասնավորի, նշելով՝  ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը։

-Ես որեւէ դիրքորոշում չեմ հայտնել։ Երբ ես որեւէ դիրքորոշում կհայտնեմ, այդ պարագայում, կարծում եմ, բոլորը կկարողանան համեմատել ու գնահատել՝ այդ դիրքորոշումը համապատասխանո՞ւմ է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ։ Ես երեք հարց եմ ուղղել 1991 թվականից նորանկախ Հայաստանի ղեկը ստանձնած ղեկավարին։  

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ այսուհետ Դուք Ձեր գործունեությունը ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում չեք շարունակի։

-Ես մտավախություն չունեմ, կընդունեմ այն, ինչ որոշի վարչապետը։ Ես, որպես ամբողջ կյանքս Հայաստանի Հանարպետությունում ապրած անձնավորություն, որպես ՀՀ քաղաքացի, երեք հարց եմ ուղղել նորանկախ Հայաստանի ղեկը ստանձնած անձնավորությանը։ Ինչ վերաբերում է իմ հանրային ծառայությանը, ապա իմ հարցադրումները ոլորտային իմաստով որեւէ կերպ չեն առնչվում իմ պարտականություններին։ Ես ընդհանրապես այլ հարցերով եմ զբաղվում՝ որպես խորհրդական։

-Ձեզ հաջողվե՞ց ստանալ Ձեր հարցերի պատասխանը։

-Ոչ, ես կարծում եմ, որ մեր պատմությունը կտա այդ պատասխանը։ Հուսամ՝ մոտ ժամանակներում, քանի որ 25 տարի սպասում ենք այս հարցերի պատասխանին։  

-Իսկ Դուք ակնկալո՞ւմ էիք, որ կստանաք Ձեր հարցերի պատասխանը։

-Իմ ամբողջ սերունդն է սպասում այդ հարցերի պատասխանին, հատկապես՝ իմ ողջ դասարանը, որից ընդամենը երկու հոգի է մնացել Հայաստանում։ 40 հոգանոց դասարանից երկու հոգի է մնացել Հայաստանում, մյուսներն արտագաղթել են։ Ոչ միայն մեր դասարանն է սպասում այդ հարցերի պատասխանին, այլ մի ամբողջ ժողովուրդ, որն ապրել է 90-ականներին։ 

-Իսկ ինչո՞ւ միայն Հայաստանի առաջին նախագահին հարցեր ուղղեցիք, երկրորդ, երրորդ նախագահներին հարցեր չունե՞ք ուղղելու։

-Այդ հարցերը վերաբերում են առաջին նախագահին։ Եթե Դուք հետեւեք իմ գրառումներին, ապա կտեսնեք, որ ես հարցեր եմ ուղղել նաեւ երկրրոդ, երրորդ նախագահներին, որոնք վերաբերում են իրենց ժամանակաշրջանի «գործերին»։ 

-Կա մի չգրված կանոն, որ պաշտոնյաները չպետք է գրառումներ անեն սոցիալական ցանցերում։

-Ինչո՞ւ, հանրային ծառայողը դադարո՞ւմ է ՀՀ քաղաքացի լինելուց։ 

-Իսկ գրառում կատարելուց հետո, բացի վարչապետի խոսնակի հայտարարությունից, վարչապետի կողմից զգուշացում ստացե՞լ եք։

-Վարչապետը երկու օր է, ինչ Ազգային ժողովում է, ես վարչապետին չեմ տեսել։ 
Հիշեցնենք ՔՊ-ականները սկսեցին քննադատել ՀԱԿ թիմակիցներին եւ ՀՀ առաջաին նախագահին այն ժամանակ, երբ Լեւոն Զուրաբյանը հարցազրույց էր տվել եւ իր կարիծքն էր հայտնել Արցախի հարցի կարգավորման շուրջ:

Զուրաբյանի այդ հարցազրույցին արձագանքել էր «Իմ քայլի» պատգամավոր  Սոֆյա Հովսեփյանը: 
Իսկ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը:
Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից:
Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»: