Վազգեն Մանուկյանի ակումբում մտահոգնե՞րն են, թե՞ մտահոգությունները

Վազգեն Մանուկյանի ակումբում մտահոգնե՞րն են, թե՞ մտահոգությունները

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ում նշանակման հրամանը երեկ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մտահղացել է նոր ակումբ-հարթակ, որտեղ քննարկելու են տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական թեմաներ։ Ակումբի աշխատանքներին մասնակցելու հրավերներ էին ուղարկվել փորձագիտական-քաղաքագիտական, քաղաքական-կուսակցական տարբեր շրջանակների․ Անդրանիկ Թեւանյան, Երվանդ Բոզոյան, Դավիթ Շահնազարյան, Աղվան Վարդանյան, Վարդան Բոստանջյան, Ստեփան Դանիելյան եւ ուրիշներ։ Թեպետ ակումբի մասին տեղակատվությունը հաստատած Երվանդ Բոզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, թե սա ընդամենը գաղափար է, այն էլ՝ հում, եւ այսօր էլ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրա մասին չի ուզում խոսել, որովհետեւ ակումբի ձեւավորումն ընթացքի մեջ է, հստակություն դեռ չկա, մեզ ասացին,- որ ակումբն արդեն գործում է եւ անգամ  նիստեր է արել։ 

Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները։ Հարցին, ակումբ-հարթակն ուղղվածություն ունի՞, օրինակ՝ լինել ընդդիմադիր, Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց՝ խնդիրը հարթակ-քննարկումն է՝ կոնկրետ թեմաների վերաբերյալ, ապա ավելացրեց․ «Քաղաքական մարդիկ միշտ էլ զրուցելու բան ունեն»։ «Գոնե այս պահին միայն քննարկումներ են»,- ասում է Անդրանիկ Թեւանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ քննարկումները, ի վերջո, ինչ-որ տեսք ստանալո՞ւ են՝ դառնալո՞ւ են հոդվածներ, տպագրվելո՞ւ են կամ ներկայացվելո՞ւ են իշխանություններին։ 

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասում է․ «Ինչպես տարբեր երկրներում, հասարակություններում, ինձ թվում է, լինում է, ասենք թե, որոշակի հարցերի շուրջ իրենց մտքերն արտահայտողների ակումբ։ Ըտենց նպատակ է դա հետապնդում։ Այսինքն՝ ինչ պրոբլեմներ ենք մենք տեսնում, ճի՞շտ ենք տեսնում, թե՞ սխալ։ Մարտահրավերներին դիմակայել։ Եթե դիմակայելու հստակ ուղղություն հայտնաբերենք, դա մենք կփոխանցենք համապատասխան մարդկանց կամ կառույցներին՝ իշխանություններին՝ որպես մտահոգ մարդիկ»։ Հարցին՝ ի՞նքն է այդպես կարծում, թե՞ նման բան ասվել է, Վարդան Բոստանջյանն արձագանքեց՝ ոչ ոք ոչ մեկին ոչ մի բան չի ասում, պարզապես մտածում են՝ ինչ պրոդուկցիա՝ արդյունք կարող են տալ։ Ի վերջո, ըստ Վարդան Բոստանջյանի, բոլոր հրավիրվածներն անկախության ակունքներից կամ «շուկայական հարաբերությունների դաշտում նկատված», այսինքն՝ կայացած անձինք են։ Տնտեսագետը չի բացառում, որ որոշ ժամանակ անց կհրավիրեն նաեւ իշխանության ոլորտային որեւէ ներկայացուցչի՝ ինչ-ինչ հարցեր իրենց լուսաբանելու համար։

Մեզ հետ զրույցում Վազգեն Մանուկյանը նորից պնդեց, թե հավաք չի եղել, ուղղակի մարդկանցով հանդիպել են ակումբի ձեւավորման հարցերի շուրջ։ «Դե, փոքր-փոքր քննարկումներ էլ լինում են, ընկերական զրույցներ՝ տարբեր հարցերի շուրջ, բայց դեռ պարզ չէ՝ ինչի կվերածվի։ Եվ ակումբը, որը սկսում է մշտական գործել, դեռ ձեւավորված չէ, եւ դրա համար ես դրա մասին չեմ ուզում խոսել։ Ակումբը երբ ձեւավորվի, անպայման պրեզենտացիա կանենք եւ կհրավիրենք»,- խոստացավ Վազգեն Մանուկյանը։ Տեղեկություն ունեինք, որ որպես վերջնարդյունք՝ նշվել է ակումբ-հարթակի՝ քաղաքական կուսակցության վերածվելը։ Վազգեն Մանուկյանը միանշանակ հերքեց այդ հնարավորությունը․ «Սա հասարակական կազմակերպություն է, եւ քաղաքական իշխանության նպատակներ չեն դրվում, մանավանդ, որ ենթադրվում է, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ պետք է լինեն այստեղ»։

Հարցին, թե ակումբն իրավաբանորեն գրանցելո՞ւ են (ակումբի անվանում, կանոնադրություն), Վազգեն Մանուկյանը չպատասխանեց՝ ասելով, որ առանց այն էլ ավելին ասաց, քան պետք էր։ Հետաքրքիր է՝ եթե ակումբն իրոք քաղաքական նպատակներ չի հետապնդում, ինչո՞ւ է դրա շուրջ նման խորհրդավոր մթնոլորտ ձեւավորվում։