Գրեք մեզ

Գրեք մեզ

Մեզ երբեմն մեղադրում են, թե ոչ մի լավ բանի մասին չենք գրում։ Ի դեպ, առաջ էլ էին մեղադրում եւ ընդդիմության «ականջները» տեսնում մեր հրապարակումների հետեւում։ Այսօր նախկին ընդդիմությունը գրեթե նույն մեղադրանքներն է մեզ ուղղում՝ մեր հոդվածների հետեւում նախկին իշխանությունների «ականջները» տեսնելով։

Դեմ չեմ՝ մամուլը բացասական երեւույթների մասին շատ է գրում, բայց դրա համար 2 պատճառ կա։ Նախ, որովհետեւ մամուլն ավելի շուտ եւ ավելի շատ բացասականի մասին գրելու համար է, մարդը թերթ է գնում, կայք է մտնում՝ պրոբլեմների մասին կարդալու համար, այլ ոչ թե սրա-նրա հասցեին դիֆերամբներ։ Եթե ընթերցողի պատվերը դիֆերամբները լինեին, ապա իշխանական մամուլը շատ պոպուլյար կլիներ, բայց գաղտնիք չէ, որ անկախ, քննադատական ուղղվածությամբ լրատվամիջոցներն են մարդիկ առավելապես կարդում։ Եվ երկրորդ․ մեր շուրջը բացասականն այնքան շատ է, որ դրականի մասին գրելը շատ բարդ է, գրեթե՝ անհնարին։

Անկեղծ ասած, մենք՝ լրագրողներս, ուղղակի «մոմով» դրական, լուսավոր բաներ ենք փնտրում, որ նեգատիվով չխեղդենք մեր ընթերցողին։ Ողջ օրը փնտրտուքի մեջ ենք, թե ինչ լավ բան արեց իշխանությունը, ինչ խելացի խոսք ասացին պաշտոնյաները, ինչ հեռանկարային նախագիծ ու ձեռնարկ մեկնարկեց, որ գրենք դրա մասին։

Երբ երկրում ամենագործունակ օրենքը Քրեական օրենսգիրքն է, երբ մեր փոստը հեղեղված է բողոք-դիմումներով, երբ դժգոհությունների մի օջախը չմարած՝ մյուսն է ծլում, երբ պաշտոնյաներն անգրագետ են ու ծույլ, երբ գործողությունների ծրագիր չկա, շատ բարդ է դրական ու լուսավոր հոդվածներ գրելը։ Ահա, առաջարկում եմ մեր ընթերցողին՝ «Հրապարակի» փոստին ուղարկել, մեր հոդվածների տակ նկարագրել այն դրականն ու լուսավորը, որ վրիպել է մեր աչքից։ Սիրով կհրապարակենք։