Կալանքի հարցը՝ նախաքննության ավարտից հետո

Կալանքի հարցը՝ նախաքննության ավարտից հետո

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդության նիստը դռնբաց էր, ինչը զարմանալի էր Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկայի համար։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ մայիսի 15-ի դատական նիստը միայն հընթացս դարձավ դռնբաց։ Դրանից առաջ դռնփակ նիստ անցկացնելու միջնորդությունը դռնփակ կարգով քննվեց, որից հետո լրատվամիջոցներին թույլատրեցին ներկայանալ դատական նիստերի դահլիճ: Հետաքրքիր է՝ այս պրակտիկան կարո՞ղ է նախադեպային դառնալ նաեւ այլ ամբաստանյալ ՀՀ քաղաքացիների համար։ Մասնավորապես, կալանքի եւ այլ միջնորդություններ քննելիս նիստերը դառնան բաց եւ հասանելի բոլոր ցանկացողների եւ հատկապես լրագրողների համար։

Պարզվեց՝ խոսքը ոչ թե կալանքի միջնորդությունների մասին է՝ նախաքննության փուլում, այլ նախաքննության ավարտից հետո, երբ գործն արդեն գնացել է դատարան։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ վաղուց արդեն այս պրակտիկան Հայաստանում կիրառվում է։ «Գործը դատարան ուղարկելուց հետո այդ բոլոր միջնորդությունները դռնբաց են քննվում։ Նախաքննության ավարտից հետո, երբ նախաքննությունն ավարտվում է, գործն ուղարկում են դատարան, այդ փուլում կալանքի քննարկումը դռնբաց է»։ Երվանդ Վարոսյանն անգամ ընդգծեց՝ բոլոր ՀՀ քաղաքացիներինը, եւ այդպես է արդեն 6-7 ամիս օրենսդրական փոփոխության արդյունքում։ Նա նկատեց, որ սա Հայաստանի նոր իշխանությունների բարի կամքից չէ, այս հարցն ունեցել է նախապատմություն։ «Օրենքն ուներ բաց՝ գործն ուղարկում էին դատարան, կալանքն առանց նիստի թողնում էին նույնը։ Նիստ չէին անում առհասարակ, ոչ թե դռնփակ էր»,- ասաց Երվանդ Վարոսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ մի խումբ փաստաբաններ սրա դեմ երկար ժամանակ պայքարում էին, բողոքեցին ՄԻԵԴ, Սահմանադրական դատարան, որ «այսպես չի լինի»՝ պետք է կալանքի միջնորդության հարցով առանձին նիստ գումարվի, որից հետո ՍԴ-ն կայացրել է նախադեպային որոշում, որ գործը դատարան ուղարկելուց հետո պետք է առանձին դատական նիստ լինի, եւ կալանքի հարցն առանձին քննարկվի։ «Էս նիստը, որը նորություն է, դա դռնբաց է։ Իսկ նախաքննության փուլում նման միջնորդությունների քննարկումը հիմա էլ է դռնփակ»,-մանրամասնեց Վարոսյանը։

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ քաղաքացիականի մասով, այսպես թե այնպես, դռնբաց են։ «Քաղաքացիականով, օրինակ, հայցի ապահովման միջնորդությունը։ Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ, բոլոր նիստերը դռնբաց են, եթե նախաքննական գաղտնի կամ անձի ինտիմ կյանքի վերաբերյալ անձնական տվյալների վերաբերող գաղտնիք չկա։ Ամեն դեպքում, դռնբաց է»։