Արևմուտքին նման ղեկավար է պետք, որը սարսափի անգամ յուրայիններից․․․

Արևմուտքին նման ղեկավար է պետք, որը սարսափի անգամ յուրայիններից․․․

Ժողովուրդը միայն  «աթոռ վերցնելու» համար չի պետք։ Ասենք թե ժողովրդին խաբելու, դրսի ուժերի  շնորհիվ աթոռը գրավեցիր, հետո ու՞մ միջոցով ես պահելու այդ աթոռը։ Այդ պարզ ճշմարտությունն  առաջին հերթին պիտի հասկանա աթոռ վերցնողը։ Դրսի ուժերին պետք է, որ իր օգնությամբ  իշխանություն վերցնողը հետագայում կախված լինի ոչ թե ժողովրդից, այլ իրենից։ Ինչու՞ է այդպես արվում։ Որ իրենց նշանակածը անվերապահարորեն ենթարկվի, ծառայի  իրենց։ Աշխարհաքաղաքական լայնամասշտաբ գործողությունների հիմքը դա է։ Աչք փակել չի կարելի, որ Արևմուտքը իր կադրերի միջոցով խառնարան է դարձրել այն տարածքը, որտեղ ժամանակին հաշտ ու խաղաղ ապրում էին մեծ ու փոքր ժողովուրդները։

Նախապես պատրաստված կադրերին օգնում են, որ իշխանություն գրավեն՝ ժողովրդի սրտի, հույզերի վրա  «խաղեր տալով» , հետո կտրում են  «կրծքի կաթից» ու անցնում արհեստական սնուցման։ Հեռու գնալ պետք չէ, մեր քթի տակ են զելենսկիները, սաակաշվիլները, նիկոլները․․․ Ի՜նչ աղմուկով, վարդերի, թավշյա հեղափոխությամբ, ծափողջյուններով, դըմփ- դըմփ- ով  բերվեցին իշխանության։ Հենց Ռուսաստանի քթի տակ։ Դա արվեց ժողովրդի միջոցով, որովհետև դրսում գիտեն, որ առանց ժողովրդի  «նոտաների վրա խաղալու», հնարավոր չէր իշխանություն վերցնել։ Երբ իրենց կադրերն իրենց աջակցությամբ, ցուցումներով  իշխանություն վերցրին, դրսին  այլևս պետք չէր ժողովրդի աջակցությունը։ Իրենք արդեն վերցնում են նմանների  «խնամակալությունը»։ Ականատես ենք լինում, թե  ինչ  «խնամակալություն» են  իրականացնում, Սաակաշվիլու, Զելենսկու,  Նիկոլի նկատմամբ։ Փաշինյանն արդեն կտրվել է  «մոր կաթից ու արհեստական սնուցման» է անցել։ Նա դեռ նոր- նոր է անցնում այն ճանապարհը, որով անցել են Սաակաշվիլին, Զելենսկին․․․ Նա կտրվել է մայր հողից, ժողովրդից։ Արևմուտքին նման Փաշինյան է պետք, որին չսիրի ժողովուրդը, ու նա մշտապես ապրի ահ ու սարսափի մեջ։ Նրա միակ հենարանն ու նեցուկը  պիտի Արևմուտքը մնա։ Կգա ժամանակ, որ Փաշինյանը  կկասկածի անգամ իր ընտանիքի անդամներին։ Սա ի՞նչ է՝ երբ ոտքերիդ տակ հող չկա։ Այն վիճակն է, ինչի համար նրանք բերվել են իշխանության։ Առանց դիմադրության անել այն, ինչ պահանջում են․․․