Ծառուկյանի խարիզման չի կարող նսեմանալ, ինքը միշտ էլ պայծառ է լինելու

Ծառուկյանի խարիզման չի կարող նսեմանալ, ինքը միշտ էլ պայծառ է լինելու
Միքայել Մելքումյա

ԲՀԿ-ին չի գոհացրել կառավարության ծրագիրը, որը երեկ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ այս ծրագրով պետք է իրենք տնտեսական հեղափոխություն իրականացնեն այն գործիքակազմով, որով քաղաքական հեղափոխություն են արել։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ծրագրի մասին խոսելիս նախ հիշեցրեց՝ ով ներկայացնում է ծրագիրը, նա էլ ստանձնում է դրա իրականացման քաղաքական պատասխանատվությունը։ Ապա անցավ բովանդակությանը։

«Ծրագրի 22-րդ էջում շատ հստակ գրված է, որ կառավարության գործունեությունը՝ ըստ ժամկետների, պետք է չափելի ցուցանիշներով գնահատվի։ Բայց, ցավոք սրտի, հինգ ցուցանիշ կա․ առաջինը՝ 5 տոկոս տնտեսական աճ, որը պարզ չէ՝ ՀՆԱ-ի իրակա՞ն տնտեսական աճն է, թե՞ անվանական։ Ենթադրում ենք, որ իրական աճ պետք է լինի։ Ի դեպ, հիմնական վիճարկելի պահերից մեկն էլ այն է, որ ամեն ինչ հնգամյա ծրագրի վերջում է նախատեսված, այսինքն՝ մենք պետք է գանք հասնենք 2023 թվականին, նոր ասենք՝ բա ինչպե՞ս են դեպքերը։ Երկրորդ ցուցանիշը արտահանում-համախառն ներքին արդյունքն է, որը 42-43 տոկոս էր, այժմ 23 տոկոս է։ Երրորդը, որը նույնպես նվազ ցուցանիշ է, զուտ ներդրումներ-ՀՆԱ արդյունքն է, որը 2008-ին 41 տոկոս է եղել, հիմա 18-19 տոկոս է։ Ծայրահեղ աղքատությունը գրված է, որ ընդհանրապես կլիկվիդացվի 2023 թվականին, եւ ներառական կրթությունը, որ ամբողջական կլինի 2023 թվականին։ Այսինքն՝ ընդամենը հինգ չափելի ցուցանիշներ։ Իսկ որտե՞ղ են ծրագրի իրականացման երաշխիքները եւ որտե՞ղ են ռիսկերը»,- ասաց պարոն Մելքումյանը՝ չտեսնելով այդ ռիսկերն ու երաշխիքները կառավարության ծրագրում։

- Քննադատում են, որ Փաշինյանի ելույթն ավելի շատ էմոցիոնալ բնույթի էր, կոնկրետություն չկար, բարի ցանկությունների ծրագիր էր ներկայացնում եւ այլն։ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք այդ ելույթից։

- Այո, էմոցիաներ կան, բայց միգուցեեւ պետք են, որովհետեւ ամեն մի երկրի ղեկավար ինքն է որոշում, թե ինքն ինչ պարամետրերով կամ ինչ ուժգնությամբ պետք է մոտենա։ Ինքը շեշտադրում է արել այդ էմոցիաների վրա, որովհետեւ հետհեղափոխական շրջանում այն գործիքները, որ հանգեցրին հաղթանակի, դա հենց նաեւ ե՛ւ էմոցիաներն էին, ե՛ւ նախկին իշխանության թուլությունն էր, եւ հիմա վերցնել այդ գործիքները, տեղադրել տնտեսական հեղափոխության մեջ՝ վատ չի։ Բայց որտեղի՞ց է փողը լինելու։ Որտե՞ղ է երաշխիքը, որ գումար է գալու։

- Ձեր կուսակցության ղեկավարը՝ Գագիկ Ծառուկյանը, շարունակ խոսում է իր անձնական դերակատարման մասին եւ ցույց տալիս իր կատարած ներդրումները տնտեսության մեջ։ Հիմա ինքը պատրա՞ստ է ներդրումներ անել տնտեսական հեղափոխության համար։

- Նախեւառաջ, այդ ներդրումները ենթադրում են երաշխիքներ՝ այդ ներդրումների անվտանգությունն ապահովելու համար։ Հայաստանի տարածքն այնպիսին է, որ Հայաստանում արտադրված ամեն մի միավոր պարզ արտադրանքը, որտեղ տրանսպորտային կոմպոնենտ կա՝ գյուղատնտեսական մթերքներ, մեքենաշինական արտադրանք եւ այլն, այդ տիպի արտադրանքի ինքնարժեքը 25-30 տոկոսով ավելի թանկ է նստում, քան Ռուսաստանի կամ այլ եվրոպական տարածքներում արտադրվածը, որովհետեւ մենք ելք չունենք դեպի ծով, տրանսպորտային ծախսերը թանկ են նստում։ Այսինքն՝ մենք պետք է կարողանանք այնպիսի տեխնոլոգիական փոփոխություն անենք թողարկված արտադրանքի տեսականու, կառուցվածքի մեջ, որ տրանսպորտային կոմպոնենտը փոքր լինի։ Բայց քանի որ մենք ունենք գյուղատնտեսություն, դրանից չենք խուսափելու։ Դրա համար Ծառուկյանը շատ կոնկրետ առաջարկ էր անում՝ բերեք օրը 100-200 տոննա գոնե արաբական աշխարհի երկրներ թարմ պտուղ-բանջարեղեն արտահանենք։ Ինքը՝ Ծառուկյանը, շահագրգռված է եւ անելու է իրենից հասանելիքը, որպեսզի կարողանա իր մասով հարթակ հանդիսանա, բայց Ծառուկյանն էնպես չի, որ ինքն ամբողջ կառավարության փոխարեն պիտի երաշխիքներ տա։

- «Իմ քայլից» ասում են, որ տնտեսական հեղափոխությունը պետք է լինի նախ նրանով, որ ոչ ոք հարկերը չպիտի թաքցնի։ Գագիկ Ծառուկյանին նախկինները երբեմն մեղադրում էին հարկերը թաքցնելու մեջ։ Կա՞ նման բան։

- Ուրեմն բավականին եւ արմատական սխալվել են, որ Ծառուկյանը հարկեր է թաքցնում։ Ծառուկյանի կարողությունները եւ իր կերպարն էնպիսին են, որ նրա հարկեր թաքցնելն ուղղակի անիմաստ է։ Այնպես որ, ես հերքում եմ։ Չեք ասում, որ բազմիցս Ծառուկյանի ձեռնարկությունները ստուգել են, եւ որեւէ անգամ չի հայտնաբերվել պաշտոնապես, որ նա հարկ է թաքցրել։ Սա էժանագին փիառ է, որ օգտագործել են այս կամ այն ուժերը, որ կարողանան քաղաքական դաշտում ինչ-որ ձեւով նսեմացնեն Ծառուկյանի կերպարը։ Բայց բնական է, որ Ծառուկյանի խարիզման չի կարող նսեմանալ, ինքը միշտ էլ պայծառ է լինելու։

- Հիմա ձեր խմբակցությունը կո՞ղմ է քվեարկելու Փաշինյանի ներկայացրած ծրագրին, թե՞ դեմ։

- Մենք արդեն հայտարարել ենք, որ այս տեսքով, ինչ որ մենք ունենք, կառավարության ծրագրին չենք կարող կողմ քվեարկել։ Պաշտոնական կհայտարարվի, եկեք ես առաջ չանցնեմ, պարոն Ծառուկյանն էլ, կարծում եմ, վաղը հանդես կգա ելույթով ու ամբողջապես կասի։