Անպատասխան հարցեր

Անպատասխան հարցեր

100 տարի անց մենք դեռ ցեղասպանության դեպքերն ենք քննարկում, 30 տարի անց` Սովետի քանդվելը, 5 տարի անց` 2018-ի իշխանափոխությունը եւ չենք կարողանում պարզել, թե որն էր պատճառը, ինչպես տեղի ունեցան այդ իրադարձությունները, ով էր մեղավոր եւ այլն: Ասենք, եթե հայ ժողովուրդն ավելի դիվանագետ լիներ, ավելի ճկուն ու հեռատես, կկարողանա՞ր արդյոք խուսափել 1915 թվականի դեպքերից եւ մատաղացու գառ չդառնալ: Ի՞նչ պետք է անեինք մենք, որ 1988-1990 թվականներին սովետական տոտալիտար երկրի փլատակների տակ չմնայինք, այլ անկորուստ ու շահած դուրս գայինք` հետագայի համար առավել բարենպաստ ստարտային պայմաններով: Եվ վերջապես՝ ի՞նչ էր հարկավոր անել 2018 թվականին, ինչպե՞ս պետք է իրեն պահեր հասարակությունը․ դուրս գար փողոց՝ մերժելով Սերժի՞ն, թե՞ թույլ տար, որ նա հավերժացներ ՀՀԿ-ի իշխանությունը: Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի՝ իշխանության գալը մեզ երաշխավորված պարտության, Արցախի կորստի էր բերելու, թե՞ դրանք անխուսափելի կորուստներ էին, որոնք կարող էինք ունենալ նաեւ նախկին իշխանությունների հավերժացման դեպքում:

Այլ հարցեր էլ կան, որ մեզ համար դեռ պարզ չեն, եւ դրանց պատասխանները դեռ հասարակությունը չունի: Օրինակ, եթե Սերժ Սարգսյանը փոխանցեր իշխանությունը, ասենք, Կարեն Կարապետյանին կամ Վիգեն Սարգսյանին, արդյո՞ք մարդիկ դուրս կգային փողոց եւ կկանգնեին Նիկոլ Փաշինյանի կողքին` աջակցելով իշխանափոխության նրա ծրագրերին: Կամ՝ եթե Սերժ Սարգսյանը գնար ուժային ճանապարհով եւ ճնշեր այդ շարժումը, Նիկոլ Փաշինյանին էլ ազատազրկելով, ինչպե՞ս կզարգանային իրադարձությունները երկրում: Գուցե անիմաստ է ետ նայելն ու այս հարցերի պատասխանները փնտրելը: Բայց մեր կորուստներն այնքան շատ են, որ այս հարցերը միշտ ուղեկցելու են մեզ: