Ո՞վ եւ ե՞րբ կվերածնի միջակայքի հրապարակախոսությունը
Խորհրդային Միությունը գաղափարախոսության երկիր էր: Կոմկուսակցության Կենտկոմն ընդունում էր որոշումներ, որ դառնում էին կառավարության գործունեության ծրագիր: Հետո գործին լծվում էին մամուլը, ռադիոն եւ հեռուստատեսությունը, որպեսզի աշխատավորներին բացատրեն-համոզեն, թե որքան կարեւոր եւ ժողովրդանպաստ է իշխանության այս կամ այն քայլը: Քարոզչական այդ հեղեղն ուղեկցվում էր պատվիրված քննադատությամբ, որի թիրախ էին դառնում ամենատարբեր տրամաչափի ֆունկցիոներներ: Երբեմն՝ նաեւ Կենտկոմի գծից շեղված կուսակցական ղեկավարներ: Իհարկե՝ տեղական նշանակության: Կենտկոմը քննադատությունից դուրս էր: Մինչեւ նախկին գլխավոր քարտուղարին կփոխարիներ նորը եւ կխոսեր բացթողումների եւ սխալների մասին: Եւ այդպես՝ վերեւից՝ մինչեւ ամենավերջին օղակը:
Բայց նույնիսկ այդ տոտալիտար երկրում էին հասկանում «գոլորշի բաց թողնելու» կարեւորությունը: Կոնստանտին Սիմոնովի հուշերից մի դրվագ հատկապես տպավորվել է: Պատմում է, որ «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիրն էր: Տպարան էին ուղարկում թերթի նոր համարը, երբ առանձնասենյակում զրնգում է «կրեմլյովկան»՝ Ստալինի հետ ուղիղ կապի հեռախոսը, եւ առաջնորդը նրան հրավիրում է առանձնազրույցի: Ինչ ապրումներով է Սիմոնովն աճապարում Առաջնորդի մոտ՝ հասկանալի է: Բայց ստացվում է շատ հետաքրքիր խոսակցություն: Ստալինը պատմում է մերձմոսկովյան կոլտնտեսություններում տիրող խայտառակ իրավիճակի մասին եւ հարցնում. «Ո՞վ պետք է այդ մասին ահազանգի, ընկեր Սիմոնով»: Գրողը, բնականաբար, լռում է: Հարցին պատասխանում է Ստալինը. «Եթե ոչ խորհրդային Գրողների միության պաշտոնաթերթը, ապա ուրիշ ո՞վ»: Դրսում 1953թ. ձմեռն էր: Երկու ամիս անց Ստալինը մահանում է: Գալիս են նորերը: Հետո՝ նոր սերնդափոխություն: Հետո սկիզբ է առնում այլախոհական շարժումը: Եւ կոմկուսակցության Կենտկոմում հասկանում են, որ ժողովրդին անվերջ թվանկաչությամբ կերակրել չի լինի: Մամուլը որոշակի ազատություն է ստանում: Ծնվում է խորհրդային «ազատ» հրապարակախոսությունը:
Հայ իրականությունը գիտի այդ բնագավառի մի շարք նվիրյալների անուններ: Արդեն անցյալ դարի 70-80-ական թվականներին նրանք բարձրացնում էին բնապահպանական, ժողովրդագրական սուր հարցեր: Նրանք գաղափարներ էին առաջարկում: Այդ ժանրից է սկզբնավորվել նաեւ Արցախի հարցը, Սփյուռքում հայապահպանության խնդիրը: Այդպես է սկզբնավորվել ոչ հեռավոր անցյալի գաղափարական վերանայումը: Մեր մի շարք հեղինակներ կարողանում էին ճեղքել մոսկովյան անընկալունակության պատը եւ կենտրոնական մամուլում, որ միլիոնավոր ընթերցողներ ուներ, բարձրացնում Հայաստանի համար կարեւորագույն նշանակության խնդիրներ: Իսկ խորհրդային երկրում եթե մի թեմա քննարկվում էր մամուլում, ապա պարտադիր էին կազմակերպչական հետեւությունները: Անկախության առաջին տարիներին հրապարակախոսությունը մնում էր իր տարերքի մեջ: Հնաբնակների կողքին դրսեւորվում էր երիտասարդ եւ ավելի ազատամիտ սերունդը: Ինչու՞ մեռավ հրապարակախոսությունը: Իշխանություններն անհանդուրժողական գտնվեցին քննադատության, երկրորդ կարծիքի նկատմամբ: Ֆորմալ հռչակելով խոսքի ազատություն՝ գործնականում նրանք ավելի տոտալ վերահսկողություն սահմանեցին մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության վրա, ստեղծեցին եւ գործունեության ազատություն տվեցին «անկախ» լրատվամիջոցների, որոնց խնդիրը ոչ թե հանրային, այլ քաղաքական շահի պաշտպանությունը եւ քարոզչությունն էր: Երբ իրականությունը մեկն է, իսկ քարոզչությունն՝ այլ, տեղի է ունենում հանրային եւ վերնախավային ընկալումների եւ գնահատականների խզում, բախում, որ ժամանակի հետ վերաճում է անհանդուրժողականության եւ թշնամանքի: Եւ հիմա ունենք իրավիճակ, երբ ոչ ոք ոչ մեկի խոսքի անկեղծությանը չի հավատում: Ամեն ինչ չափվում է «ո՞վ է պատվիրատուն» սկզբունքով:
Իսկ երբ ԽՈՍՔԻ հանդեպ հանրային հավատ եւ վստահություն չկա, ուրեմն վտանգված է ԵՐԿՐԻ ապագան: Օրվա իշխանությունը, ով էլ որ լինի կառավարման ղեկին, պետք է հաշտվի եւ ընդունի, որ քննադատությունն ավելի օգտակար է, քան՝ մոլեռանդ նվիրվածությունը: Որ երկրորդ-երրորդ-չորրորդ տեսակետն իրեն այլընտրանք է առաջարկում: Օրվա ընդդիմությունը պարտավոր է գնահատական տալ, ոչ թե միտումնավոր վերագրումներ անել: Եւ միջակայքի խոսք պիտի հնչի: Որովհետեւ ասված է՝ ծայրահեղություններից մեկի կողքին կանգնելը հերոսություն չէ, հերոսությունը նրանց միջակայքում լինելն է: Ո՞վ եւ ե՞րբ կվերածնի միջակայքի հրապարակախոսությունը…
Կարծիքներ