Առաջ Ընտրական օրենսգրքում մի ստորակետ էր փոխվում, բառիս բուն իմաստով՝ վայնասուն էին բարձրացնում
ԿԸՀ նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Դեռ ամիսներ առաջ նա չէր բավարարում ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները։ ԸՕ 42-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այդ պահանջները։ Ամռանը այդ պահանջները նվազեցվել են, օրենքը, այսպես ասած, համապատասխանեցրել են Վահագն Հովակիմյանին: Սակայն Հովակիմյանի առաջադրումը վրդովմունքի ալիք է առաջացրել: Ամենից շատ վրդովվել են սորոսականները եւ անգամ հայտարարություն են տարածել: Մենք զրուցել ենք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
- Իշխող «Քաղպայմանագիրը» որոշել է «կարծրատիպեր կոտրել» եւ կուսակցական, քաղաքական գործչին կարգել ԿԸՀ նախագահ: Մինչդեռ անցյալում երբեւէ հանձնաժողովի նախագահը կուսակցական, անգամ նախկին կուսակցական չի եղել եւ պարտադիր՝ իրավաբան է եղել:
- Մի անեկդոտ հիշեցի. ուղտը երկար ճանապարհ գնալիս է լինում, անցորդներից մեկն ասում է` էդ վիզդ ինչի՞ ա ծուռ, ուղտը պատասխանում է` էդ ի՞նչս էր ուղիղ, որ վիզս ուղիղ լիներ…. հիմա սրանցն է: 2018 թվականից սկսած՝ այսօրվա իշխանությունները տարբեր մեղավորներ կարգեցին, խոսեցին ժողովրդավարության մասին, սակայն 2020 թվականի պատերազմը, կապիտուլյացիան եւ այսօր տեղի ունեցող իրադարձություններն ասում են լրիվ այլ բան: Հիմա էլ մեղադրում են Ռուսաստանին, Պուտինին, եւ այսպես շարունակ: Մեղավորների շարքը չի վերջանում: Օրվա իշխանությունները մշտապես խոսում են ժողովրդավարության մասին, սակայն այն, ինչ տեղի է ունենում այսօր, դեմ է ժողովրդավարությանն առհասարակ: Օրինակ` վերջին ՏԻՄ ընտրությունները: Ի՞նչ է տեղի ունենում այսօր: Բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթել, հաղթող ուժերին տարատեսակ հետապնդումների են ենթարկում: Նախորդ ՏԻՄ ընտրությունները՝ եւս: Մարդկանց էին ասֆալտին ֆռում, ու այսպես շարունակ: Այսօր էլ որոշում են ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակել մի մարդու, ով ամիսներ առաջ ցանկանում էր սահմանադրական բարեփոխումներ անել: Ես դժվարանում եմ այս երեւույթին տալ կոնկրետ գնահատական: Ընտրական հանձնաժողովն ամենակարեւոր հանձնաժողովներից մեկն է, վերջին սահմանադրական բարեփոխումներից հետո մենք փոփոխություններ արեցինք՝ ԿԸՀ-ն դարձնելով առավել անկախ կառույց: Իրավական առումով գնահատականներ տալու համար պետք է պատմությունն ունենա բովանդակություն, սակայն այստեղ բովանդակություն չկա: Ի՞նչ ենք ակնկալում Վահագն Հովակիմյանից:
- Որոշ շրջանակներ պնդում էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հոգնել է եւ չի ցանկանում վարչապետի պաշտոնում մնալ, սակայն ՔՊ-ական ԿԸՀ նախագահ նշանակելը, կարծես, լրիվ հակառակ բանի մասին է խոսում: Նա թերեւս պատրաստվում է վերարտադրվել, եւ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի պաշտոնում այդ նպատակին է ծառայելու:
- Չեմ կարծում, թե Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալն ընտրական պրոցեսներով է որոշվում: Եթե դատարանները շրջափակելու հրամաններ են տալիս, սա նշանակում է, որ գործ ունենք կոնկրետ մարդու գործողությունների հետ: Հիմա այս պայմաններում ի՞նչ ակնկալել նրանից, չեմ կարծում, որ կա գնահատական տալու կարիք:
- Այսինքն` ընտրություններն այս իշխանությունների համար վճռորոշ չե՞ն լինելու:
- Եթե այսպես շարունակվի, չեմ կարծում, թե Հայաստանում ընտրություններ կլինեն: Տեսեք` չորս կողմում ինչ է կատարվում: Մեր ինքնիշխան տարածք է ներխուժել թշնամին՝ ամրապնդելով իր դիրքերը, փոխարենը որեւէ արձագանք կամ պատասխան չենք տեսնում:
- Իսկ կարելի՞ է ենթադրել, որ Տիգրան Մուկուչյանն օրվա իշխանություններին չի գոհացնում:
- Իմ կարծիքով` Տիգրան Մուկուչյանը երկու-երեք կարեւոր ընտրություններում օրվա իշխանություններին լավ էլ գոհացրել է: Չեմ կարծում, թե նրանց միջեւ սեւ կատու է անցել: Կա իրավական արգելք, եւ Մուկուչյանը չի կարող այլեւս պաշտոնավարել: Ավելի հավանական է, որ Մուկուչյանի պաշտոնն ուզում են բարձրացնել, այլ ոչ թե հեռացնել իրենց ճանապարհից:
- Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է ԿԸՀ անդամին ներկայացվող պահանջները, որոնց Հովակիմյանը չէր համապատասխանում։ Սակայն պարզվում է՝ նրան ԿԸՀ նախագահ դարձնելու համար այդ պահանջները նվազեցրել են։
- Սա արդեն իսկ տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Այսինքն` պետք է Վահագն Հովակիմյանը դառնա ԿԸՀ նախագահ եւ վերջ…. այստեղ չկա ոչ մի տրամաբանություն եւ իրավական գործընթաց: Իրենց պետք է, անում են ու անելու են, քանի դեռ այն նույն միջազգային հանրությունն ու իրավապաշտպանները, որոնք նախկինում նման դեպքերում աղաղակում էին, այսօր լռում են: Այն ժամանակ, երբ Ընտրական օրենսգրքում մի ստորակետ անգամ փոխվում էր, նրանք բոլորն աղաղակում էին, թե հանրային լսումներ չեն եղել եւ այլն, եւ այլն։ Բառիս բուն իմաստով՝ վայնասուն էին բարձրացնում, սակայն այսօր լռում, երբեմն էլ գովեստի խոսքեր են շռայլում, ինչի՞ մասին է խոսքը: Ես դիտմամբ իրավական տեսանկյունից չեմ պատասխանում Ձեր հարցերին, քանի որ այստեղ չկա իրավական ոչ մի պրոցես: Սա մեկ անձի ցանկությունն իրականացնելու խնդիր է ընդամենը:
Կարծիքներ