Իմ ազատման լուրերն ավելի վաղուց են շրջանառվում

Իմ ազատման լուրերն ավելի վաղուց են շրջանառվում

Մի քանի օր է՝ լուրեր են շրջանառվում, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ազատվել է պաշտոնից։ Համաձայն մեր աղբյուրների, թեեւ 2 օր է արդեն՝ ազատման հրամանը կա, բայց պաշտոնական հայտարարություն դեռ չի արվում։ Դեռ 2 օր առաջ քաղշինկոմիտեից փորձեցինք ճշտել այս լուրը, որտեղից մեզ ասացին, որ պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, իսկ ոչ պաշտոնական խոսակցությունները չեն ուզում մեկնաբանել։ Կառավարությունը դժգո՞հ է Էլոյանի աշխատանքից՝ հետաքրքրվեցինք մեր աղբյուրից։ «Հրամանում բացակայում է հիմնավորումը, թե ինչու է Էլոյանն ազատվում պաշտոնից, բացառված չէ, որ Արամի 23-ի պատի փլուզումն ունեցել է իր դերակատարումը»։ 

Կապ հաստատեցինք նաեւ Ավետիք Էլոյանի հետ, ով ասաց, որ նման բան չկա, ինքը հիմա իր աշխատասենյակում աշխատում է։ Նա նշեց, որ իր ազատման մասին լուրերը ոչ թե 2 օր են շրջանառվում, այլ շատ ավելի վաղուց. «Ես անձնապես ոչ մի բան չեմ տեսնում, ընդ որում՝ այս պաշտոնը հրամանով չէ, այլ կառավարության որոշումով, որովհետեւ Քաղաքաշինության կոմիտեն կառավարությանը ենթակա մարմին է, այսինքն՝ պետք է լինի կառավարության որոշում եւ ո՛չ հրաման»։ 

Վերջին շրջանում, այդ թվում՝ Արամի 23-ի հուշարձանով պայմանավորված դժգոհությունները շատ էին քաղշինից եւ անձամբ իրենից, ինչը, սակայն, Էլոյանը չցանկացավ մեկնաբանել։ Հարցրինք՝ կարծում է, որ կառավարությունն իրենից դժգո՞հ չէ եւ որեւէ հիմք չունի՞ իրեն աշխատանքից ազատելու համար։ «Ես չգիտեմ ոչ մի հիմքի եւ դժգոհության մասին»,- ասաց նա։