Միհրան Պողոսյանից մինչև Չերչիլ ու Զախարովա 

Միհրան Պողոսյանից մինչև Չերչիլ ու Զախարովա 

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ հայաստանյան լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսին պատասխանեց հարցերի լայն շրջանակի՝ Միհրան Պողոսյանի արտահանձնումից մինչեւ այն հարցը, թե արեւմտյան հիմնադրամների օրինակով Ռուսաստանը չի՞ պատրաստվում դրամաշնորհներ ու գովազդներ տրամադրել հայաստանյան լրատվամիջոցներին։ Դեսպան Կոպիրկինը հարցը համարեց փիլիսոփայական, ապա պատասխանեց Ուինսթոն Չերչիլի բառերով․ «Լրատվամիջոցների հետ վատ է, բայց առանց նրանց՝ ավելի վատ»։ Ամեն դեպքում, ռուսաստանցի դիվանագետն ասում է, որ սա բիզնես հետաքրքրությունների շրջանակում կարող է լինել։ Ասուլիսը Կոպիրկինի՝ ամեն 6 ամիսը մեկ հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպելու ավանդույթի շրջանակում է։ 

Հայ-ռուսական հարաբերությունները դեսպան Կոպիրկինը բավականին լավատեսական գույներով նկարագրեց եւ մի շարք թվային ցուցանիշներ ներկայացրեց։ Ըստ այդմ՝ ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր եւ թիվ 1 առեւտրատնտեսական գործընկերը, 2018-ի տվալներով՝ ՀՀ-ՌԴ միջեւ առեւտրաշրջանառությունը 11 տոկոսով աճել է՝ հասնելով 2 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության 26 տոկոսը: «2018 թվականին ՌԴ կողմից ուղիղ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կազմել են 125 մլն դոլար»,- ընդգծեց դեսպանը՝ շարունակելով․ «Սա հրաշալի արդյունք է՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ոչ ստաբիլ իրավիճակը»: Նրա ամփոփմամբ՝ Հայաստանում հայտնի քաղաքական զարգացումներից հետո հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են կայուն կերպով եւ շարունակում են կրել ռազմավարական բնույթ: Հիշատակվեցին նաեւ վերջերս Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները: 

Հոկտեմբերին Երեւանում կայանալու է ԵԱՏՄ ղեկավարների նիստը, որին կմասնակցի նաեւ Վլադիմիր Պուտինը։ Այս լավատեսական զեղումների ֆոնին մենք հարց հնչեցրինք՝ ռուսները չե՞ն կարծում, որ Մարիա Զախարովայի ծաղրը Նիկոլ Փաշինյանի ռուսերենի նկատմամբ արդարացիորեն է հարուցել հայ օգտատերերի վրդովմունքը։ Կոպիրկինն ասաց, որ Մարիա Զախարովան արդեն իսկ հանդես է եկել պարզաբանմամբ՝ որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։ Իսկ ի՞նչ է մտածում ռուսական կողմը տարբեր շրջանակների, այդ թվում՝ Վատիկանում ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն առաջարկի մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետությունը պետք է փոխվի։

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերությունների ճարտարապետության վերաֆորմատավորման գաղափարներն առավել փորձագիտական հարթակի քննարկման նյութ են։ «Կարծում եմ՝ մեր հարաբերություններում կան կոնստանտներ, Հաաստանը պետք է ՌԴ-ին եւ հակառակը, բնական է՝ մենք հետաքրքրված ենք նրանում, որ Հայաստանը լինի ուժեղ, բարգավաճ երկիր։ Դիտարկում ենք այն որպես դաշնակից, եւ շատ էական է, որ մեր հարաբերությունները կարեւոր լինեն շարքային մարդկանց համար։ Այ, այս չափանիշների շրջանակներում կարելի է քննարկել փոփոխություններ, ինչ-որ կատարելագործումներ։ Գլխավորն առանցքն ու մեր հարաբերություններում կոնստանտներն են»,- ասում է ՌԴ դեսպանը։ 

Միհրան Պողոսյանի արտահանձնման-չարտահանձնման մասին ՌԴ դեսպանը ոչինչ չգիտի։ Ասաց․ «Կարող եմ ձեր նման՝ հենվել միայն լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա, բայց կարծում եմ՝ ինձնից այդ չէ, որ սպասում եք»։ 

Նախիջեւանում շարունակվում են մարտական կրակի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական «Անսասան եղբայրություն-2019» զորավարժությունները, արդյոք դա չի՞ մտահոգում ռուսական կողմին։ Դեսպան Կոպիրկինն այս հարցին պատասխանելու իրավունքը փոխանցեց ռազմական կցորդ Անդրեյ Գրիշչուկին, ով ասաց․ «Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են՝ համապատասխան հայտարարված նպատակների եւ խնդիրների: Մենք հետեւում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես»։