Իջևանում 13 անձ ձերբակալվել է

Իջևանում  13 անձ ձերբակալվել է

Իջևանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, 13 անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու  նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան  փողոցների հատման խաչմերուկի հատվածը:
Այդ ընթացքում՝ ժամը 20:30-ի սահմաններում, մի խումբ անձինք, խուլիգանական դրդումներով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով Իջևան քաղաքի բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ, բղավել, հայհոյել են, վնասել նշված խաչմերուկում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի թիթեղյա ծածկը, գործադրել բռնություն:

Մասնավորապես՝ բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել հասարակական կարգի ապահովման նպատակով հիշյալ վայրում ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ոստիկանության մի շարք աշխատակիցներին և չենթարկվելով վերը նշված հանցավոր գործողությունները դադարեցնելու՝ նրանց օրինական պահանջին՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, գործադրել են ինչպես կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր, այնպես էլ՝ վտանգավոր բռնություն: