Շառլ Ժուլիե. Ծվեններ

Շառլ Ժուլիե. Ծվեններ

Ֆրանսիացի արձակագիր Շառլ Ժուլիեն ծնվել է 1934 թվականին՝ Էնում։ Սովորել է մի շարք ռազմական դպրոցներում եւ ուսումնարաններում, բժշկական դասընթացներ է վերցրել, ապա թողնելով՝ սկսել է գրել։ Փարիզում հանդիպել է իռլանդացի դրամատուրգ, արձակագիր Սեմյուել Բեքեթի հետ՝ այն համարելով ներքին հեղաշրջության հանդիպում: Հեղինակել է երեսունից ավելի գրքեր` ինքնապատումային վեպեր, օրագրեր, էսսենների ժողովածուներ, նովելներ, հարցազրույցներ:

«Ծվեններ» ինքնապատումը գրվել է տասներկու տարի, լույս է տեսել 1995 թվականին, գրքի հայերեն թարգմանությունը հրատարակվել է 2008 թվականին (Երեւան, «Ակտուալ ա», 224 էջ, ֆրանսերենից թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյանի):

Ծվենավոր, արձակ բանաստեղծության կերպարանքով, առաջնորդողում, որով մեկնարկում է այս գիրքը, պատմողն ասում է․ «Այնուհետեւ՝ հարվածի պես, որ ջախջախելու էր ծոծրակդ: Այդ վայրագ վերադարձն առօրյային, մենությունը, անհատնում գիշերները: Խորտակված, դաժանաբարո: Անընդունակ վերահաստատվելու: Քեզ վերամարմնավորել: Քեզ վերակերտել: Արտահայտել քեզ տարիների, ձմեռների մեջ այն լույսով, որ կրել էր քեզ, սակայն մի օր, ի դժբախտություն քեզ ու ինձ, պատռվեց» (էջ 7): «Ծվենները» դժվարության գիրք է, մի բան, որն ի սկզբանե հաղթահարում է հետապնդում, սակայն Շառլ Ժուլիեն գրելու միջոցը սոսկ հասունության, հետհուշի դժվարություններ հաղթահարելու առիթով չի գործածում, ահա՝ այսօրինակ նախադասությունը եղելության, ինչ-որ իմաստով հակապոետական վավերացում է․

«Երբ հասնում է քնելու ժամը, դժվարությամբ ես աստիճաններով բարձրանում: Երբեմն ուժ չունես սահելու անկողնուդ մեջ եւ մնում ես այդտեղ, աչքերդ պարապությանը հառած, աթոռիդ վրա փլված (էջ 17)»: «Այլեւս ոչ մի ցանկություն չունես, եւ ոչինչ չի հետաքրքրում քեզ: Մարդկային էակներ եւ առարկաներ են անհետացել նույն խանձողի մեջ, եւ ամեն ինչ լոկ մոխիր է» (էջ 209): 
Այնքան հուսահատ է Ժուլիեի պատմողը, եւ նրա դրվագներն ու կտրածոներն այնքան ճանաչելի են, բացահայտումներն ու փոխաբերությունները թոթափած տողերով, որ թվում է՝ շարունակելու որեւիցե հնարավորություն մեզ տրված չէ այլեւս: Ավանդված, ընկալելի գրականության սահմաններից դուրս է Շառլ Ժուլիեի ինքնապատումը, նա՝ ինքն իրեն պատմողը, ծնվել է եւ իսկապես ծնվել է, իսկ հետո ներկա-բացակայի արանքում դեգերում է նրա ընտանիքը, սովորականի պես դպրոց է հաճախում, ապա՝ ռազմաառողջապահական ուսումնարան, կան բաներ, որոնց մասին խոսում է անմիտում սակավախոսությամբ, լռած բաների մեջ եւս արձանագրումներ է անում: Միեւնույն է՝ Ժուլիեի ամբողջ գիրքն է լռում․

«Այնուհետեւ՝ աշուն: Այնուհետեւ՝ ձմեռ: Ամեն ինչ ձյան տակ խրված: Դանդաղ օրերը՝ իրար նման: Ժամանակը՝ անողոք հոգեվարքի նման: Բնության մրափին ենթարկված՝ չես հավատում, թե մի օր ձյունը կհալվի, գարունը կվերադառնա, կյանքը կվերահայտնվի» (էջ 29):