Փոխարենն ի՞նչ են պահանջելու

Փոխարենն ի՞նչ են պահանջելու

Ադրբեջանական մամուլը տեղեկացնում է, որ բանտից ազատվել եւ Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, էթնիկ հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանը: Նա Բաքվի օդանավակայանում ձերբակալվել էր երեք տարի առաջ` «խոշոր չափերով թմրանյութի իրացման» կասկածանքով, ապա դատապարտվել: Խնդիրը ռուս-ադրբեջանական շփումներում քննարկվել է բազմիցս, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս հույս էր հատնել, որ բանակցությունների միջոցով կհաջողվի դրանական լուծում տալ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը: Ադրբեջանական մամուլում Ուելդանովի խնդիրը ներկայացվում էր 2014 թվականին Արցախում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամ Դիլգամ Ասկերովի հետ փոխկապակցված: Այն իմաստով, որ եթե Ռուսաստանը մտահոգված է իր քաղաքացիների ճակատագրով, ապա ամեն ինչ պետք է անի, որպեսզի «ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովը շուտափույթ ազատվի հայկական գերությունից»:

Այժմ Ուելդանով-Գալուստյանի հարցը լուծված է: Եւ տրամաբանական հարց է ծնվում` այդ ընթացքում Բաքուն բարձրացրե՞լ է Դիլգամ Ասկերովի հարցը: Ռուսաստանն ինչպե՞ս է արձագանքել: Մոսկվան հայկական կողմին կներկայացնի՞ Ասկերովին Ռուսաստան վերադարձնելու պահանջ: Հարցը չափազանց լուրջ է: Եթե ռուսական կողմն Ուելդանովի հարցը կարգավորելիս որեւէ պայմանավորվածության է գնացել Ադրբեջանի հետ եւ Ասկերովին Ռուսաստան վերադարձնելու քննարկումներ է սկսելու, ապա փաստացի ծագում է խնդիր` ՌԴ քաղաքացին Ադրբեջանում ձեւավորված դիվերսիոն խմբի կազմում հանցագործություն է կատարել Արցախի դեմ: Այսինքն, Ռուսաստանը նախ պետք է ընդունի այդ իրողությունը:

Պատրա”ստ է Մոսկվան նման ծանրություն վերցնել իր վրա: Ադրբեջանի համար Արցախում ազատազրկված դիվերսանտների խնդիրն ունի սկզբունքային նշանակություն: Հարցով զբաղվել է անձամբ նախագահ Ալիեւը: Այս համատեքստում շատ հավանական է թվում, որ Ուելդանով-Գալուստյանին ազատ արձակելու դիմաց Ադրբեջանն Ռուսաստանից պահանջելու է հասնել ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլգամ Ասկերովի արտահանձնմանը: Ո՞րն է լինելու հայկական կողմի պատասխանը: