Չգիտենք՝ Վանո Սիրադեղյանն ունի՞ զորակցության կարիք, թե՞ ոչ

Չգիտենք՝ Վանո Սիրադեղյանն ունի՞ զորակցության կարիք, թե՞ ոչ

Մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, ինչ հայկական ՊԷՆ կենտրոնը (պոեզիա, էսսէ, նովել) ղեկավարում է արձակագիր Արմեն Օհանյանը։
ՊԷՆ նախագահ Արմեն Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ՊԷՆ-ը ինչ գործունեություն է ծավալել իր ղեկավարման օրոք։ 
«Ընթացիկ գործունեությունը շարունակվում է, համագործակցում ենք Նյու-Յորքի մեր գործընկեր կազմակերպության հետ։ Նյու-Յորքում էլ կա ՊԷՆ-ի գրասենյակ։ Կենտրոնի հետ փորձում ենք համատեղ գործունեության պլան մշակել, պատրաստվում ենք տարեկան զեկույցին, սեպտեմբերին կայանալիք տարեկան համաժողովին, որը կլինի Ֆիլիպիններում։ Լավ նորություն է, որ Հայաստանում  այսօր բանտերում չկան խոսքի ազատության պատճառով հայտնված մարդիկ, լրագրողներ։ Լավ կլինի, որ այս հարցում մենք անգործ մնանք, որովհետեւ ՊԷՆ-ի գործառույթներից մեկն  ազատազրկված լրագրողներին եւ գրողներին սատարելն է։ Հայտնի է, որ ՊԷՆ-ն ունի «Գրողները՝ բանտում» կոմիտե։ Բայց մենք կարող ենք աջակցել այլ երկրների մեր գործընկերներին, որոնք հայտնվել են բանտերում, մենք դա անում ենք՝ միանալով այդ առթիվ տարբեր հայտարարությունների։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միջազգային ցուցանիշներով մեր երկիրը խոսքի եւ արտահայտման ազատության հարցում առաջընթաց է գրանցել, մեր անելիքն էլ նվազել է»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Օհանյանը։
Նկատեցինք, որ թեեւ Հայաստանում չկան ազատազրկված լրագրողներ կան գրողներ, սակայն Վանո Սիրադեղյանը համարվում է վտարանդի գրող, նրա համախոհները պարբերաբար բարձրաձայնում են նրա վերադարձի անհրաժեշտությունը։
Ի՞նչ է պատրաստվում անել ՊԷՆ-ը։
«Մենք այդ հարցը չենք քննարկել, երբ առաջիկայում ժողով հրավիրենք, այդ հարցն էլ կքննարկենք։ Օրակարգային խնդիրն այն է, որ Վանո Սիրադեղյանը լռում է, եւ մենք չգիտենք՝ ինքն ունի՞ աջակցության, զորակցության կարիք, թե՞ ոչ ներկա քաղաքական իրավիճակում։ Ինչ-որ մարդիկ կարող են պահանջել նրա վերադարձը, բայց գործնականում որքանով է դա նպատակահարմար, որքանով է դա պայմանավորված կոնկրետ աձի կամքով՝ չգիտենք։ Եթե Վանո Սիրադեղյանը կապ հաստատեր մեզ հետ եւ աջակցություն խնդրեր, ապա այդ պարագայում գործընթացն այլ տրամաբանությամբ կընթանար»,- ասաց Արմեն Օհանյանը։
Հարցին, թե որն է համարում թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը, Արմեն Օհանյանն արձագանքեց․ «Մեծագույն ձեռքբերում է խոսքի եւ արտահայտման ազատության առաջընթացը, որը տեսնում ենք ոչ միայն մենք, այլեւ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ»։