Սիրախաղ բելառուսական ձեւով

Սիրախաղ բելառուսական ձեւով

Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը, հունվարի 10-ին հեռախոսազանգ է ունեցել Վաշինգտոն, որի ընթացքում տեղեկացրել է, որ բելառուսական կողմը չեղյալ է հայտարարել Մինսկում ամերիկյան դիվանագետների ներկայության թվաքանակի մասին որոշումը։ Այս մասին գրում է ամերիկյան Foreign Policy-ն, այս իրողությունը գնահատելով որպես եզակի դիվանագիտական առաջընթաց։Հիշեցնենք, որ արդեն 10 տարի է, ինչ դիվանագիտական շփումները երկու երկրների միջեւ հասցված է նվազագույնի, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն սանկցիաներ էր սահմանել ընդդեմ Բելառուսի՝ մարդու իրավունքների ոլորտում ունեցած խախտումների համար։ Այն ժամանակ դեռ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկում ամերիկյան դեսպանատունն իրականացնում է կազմաքանդիչ գործունեություն եւ Մինսկում ամերիկյան դիվանագետների թիվը հասցրել էր 5-ի։ Մինչ այդ ամերիկյան դիվանագիտական առաքելության թիվը Բելառուսում հասնում էր 32 դիվանագետի, ինչը ստանդարտ թիվ էր Բելառուսի նման երկրների համար։ Foreign Policy-ն նշում է, որ բելառուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մինսկի կայացրած այս որոշման մասին տեղեկացրել է Վես Միտչելին, ով հանդիսանում է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալը՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով։ Ամերիկյան պարբերականը ակնարկում է, որ ռուս-բելառուսական հարաբերությունների ներկայիս վատթարացման փուլում Լուկաշենկոյի այս քայլը դեպի Միացյալ Նահանգները կարող է սկիզբ հանդիսանալ հարաբերությունների հալոցքի եւ ջերմացման։