Մոգերինիի «մոգական» խոսքերն ու վարչապետի ակնարկները

Մոգերինիի «մոգական» խոսքերն ու վարչապետի ակնարկները

Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի ժամանակ, ի թիվս այլ հանդիպումների, նաեւ հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ՝ ԼՂ հակամարտության շուրջ։ Մամուլում հրապարակում եղավ, որ ՀՀ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության եւ Մոգերինիի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունների միջեւ հակասություններ կան։ ՀՀ կառավարությունը պաշտոնապես տեղեկացրել է․ «Նիկոլ Փաշինյանը եւ Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձեւաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում»: Իսկ Մոգերինիի ծառայությունը նույն հանդիպման վերաբերյալ այսպիսի հաղորդագրություն է տարածել․ «ԵՄ Բարձր ներկայացուցիչ Մոգերինին իր աջակցությունն է հայտնել վարչապետ Փաշինյանի` բանակցային գործընթացին ամբողջական ներգրավվածությանն առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո»։

Այսինքն՝ ՀՀ կառավարությունը բաց է թողել Մոգերինիի «մոգական» բառերը՝ «առանց նախապայմանների», ինչը ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի մոտ մտահանգումների տեղիք է տվել․ «Կարելի է ենթադրել, որ «նախապայմաններ» ասելով՝ Մոգերինին արձագանքել է Փաշինյանի այն պնդումներին, ըստ որոնց՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»։
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արցախյան թեմայի վերաբերյալ հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ հնարավորություն ընձեռելով Նիկոլ Փաշինյանին, որ նա հստակեցում մտցնի Մոգերինիի «առանց նախապայմանների» ձեւակերպման մեջ։

«Հետեւելով Բաքվի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական արձագանքներին վերջին օրերին՝ ըստ էության, Բաքուն փորձում է ազդակներ հղել եւ միջազգային հանրությանը ներկայացնել, որ նոր կառավարությունը դիրքորոշում է կոշտացնում Արցախի հարցում՝ խնդիրներ ստեղծելով բանակցային գործընթացում․․․ ինչպե՞ս եք որակում այդ հայտարարությունները, եւ արդյոք մեր դիրքորոշումները հասկանալի եւ ընկալելի՞ են մեր միջազգային գործընկերների համար, թե՞ դրանք իսկապես որակվում են որպես որոշակի կոշտացում»,- հարցրեց պատգամավորը։ Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ կան այդպիսի որակումներ, որ Հայաստանը բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է։ 

«Կարող եմ ասել, որ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, որովհետեւ, եթե հիշում եք, ամենասկզբից մենք ասել ենք, որ մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ։ Ի՞նչ նկատի ունեմ։ Դեռեւս նախորդ Ազգային ժողովում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, ասացի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Ինչի՞ համար է արվել այս հայտարարությունը։ Այն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, եւ Հայաստանը, ըստ էության, արել է առաջին քայլն այս ճանապարհին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաեւ ադրբեջանական կողմից։ Բայց, ցավոք սրտի, մինչեւ այժմ ադրբեջանական կողմից դեռեւս համանման հայտարարություններ չեն հնչում, ընդհակառակը, անընդհատ խոսվում է, ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության մասին, արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որեւէ տարբերակ պիտի ընդունելի լինի նաեւ Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի համար։ Եվ մենք այս իրավիճակում ընդամենը հավատարիմ ենք մնում մեր դիրքորոշմանը՝ մնալ ադեկվատ իրավիճակին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սրանով նա փաստացի հասկացրեց, որ եթե բանակցային գործընթացում դրական տեղաշարժ չկա, եւ Ադրբեջանը միայն ագրեսիվ դիրքորոշմամբ է հանդես գալիս, մեզ մնում է իրավիճակն ադեկվատ գնահատել, այսինքն, եթե Ադրբեջանը որոշի ուժ կիրառել, ապա պետք է ուժին ուժով պատասխանենք։