Իշխանության գալուց հետո պարտադիր չի, որ նույն սկզբունքները պաշտպանես

Իշխանության գալուց հետո պարտադիր չի, որ նույն սկզբունքները պաշտպանես

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության «մաեստրոյին»՝ Հովիկ Աղազարյանին, հարցրինք վարչապետի՝ ընտանյոք հանդերձ Արցախ մեկնելու հետ կապված։ Նա անգամ հարցը մինչեւ վերջ չլսեց եւ սկսեց պաշտպանել նրան։

«Բայց իր տղան ծառայում ա էնտեղ, չէ՞։ Չարաշահո՞ւմ ենք համարում, որ վեռտալյոտը դատարկ պիտի գնար, հետը տարել է»,- հարցը գուշակեց պարոն Աղազարյանը։ Ի դեպ, նախորդ օրը վարչապետի որդու ծննդյան օրն էր, եւ ԱԱԽ նիստը «պատահաբար» համընկել էր Աշոտ Փաշինյանի տարեդարձի հետ։

- Ասում են, որ ուղղաթիռը դատարկ էր գնում։ Եթե դատարկ է գնում,  թող մի անգամ էլ ինձ տանեն, Ձեզ տանեն, Ձեր հարեւանին-բարեկամին տանեն, ինչո՞ւ չեն տանում։

- Չէ, մենք մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն չպետք է ընկնենք։ Մենք պետք է թանկ գնահատենք վարչապետի ժամանակը, եւ, հետեւաբար, երբ որ ինքը նմանատիպ այցելությունների ժամանակ օգտագործում է վեռտալյոտ, ապա դա նաեւ ժամանակ խնայելու համար է, չէ՞։ Ընդ որում, որոշ դեպքերում, երբ որ ժամանակը թույլ է տալիս, ինքը հատուկ նաեւ գնում է կորտեժով, որ էդ ընթացքում էլ ինքը հարցեր լուծի՝ այս բնակավայրում կամ այն բնակավայրում։

- Շատ լավ, բայց հիմա շատ է քննարկվում, որ վարչապետի կինը, երեխաները անընդհատ նրա հետ մեկնում են գործուղումների՝ պատճառաբանելով, թե «մենք չենք հասցնում մեր ընտանիքի հոր հետ շփվել, դրա համար ստիպված ամեն առիթ օգտագործում ենք, որ շփվենք հետը»։

- Էդ հարցադրման պատասխանը բավականին դժվար է, ես հասկանում եմ պարոն վարչապետի ընտանիքի անդամներին էդ իմաստով, բայց ես՝ ինքս, գտնում եմ, որ ամեն ինչ նորմալ է։ 

- Օրինակ, եթե Կարեն Կարապետյանը թույլ տար նման բան, Հովիկ Աբրահամյանը կամ Տիգրան Սարգսյանը, նորմալ կընդունվե՞ր, այն ժամանակվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարձագանքեր այդ ամենին։

- Երբ որ դու գտնվում ես ընդդիմության դիրքերում, երեւույթներին նայում ես մի քիչ ուրիշ։ Երբ որ դու իշխանության մեջ ես,  երեւույթներին նայում ես ուրիշ ձեւով։ Եվ դրանք միշտ չէ, որ պետք է համընկնեն։ Պարտադիր չի, որ դու լինես Հռոմի պապից ավելի կաթոլիկ եւ լինելով իշխանության մեջ՝ էն սկզբունքային դիրքերը, որ ինչ-որ հարցի շուրջ ունեցել ես, էդ սկզբունքային դիրքերը քար լռությամբ եւ ամենայն հետեւողականությամբ պաշտպանես։

- Այսինքն՝ կարող են սկզբունքներդ փոխվե՞լ, երբ գաս իշխանության։

- Ոչ թե սկզբունքները փոխվեն, այլ դու այս կամ այն հարցի հետ կապված էն ժամանակ, որ ընդդիմություն ես, չունենաս համապարփակ ինֆորմացիա ու քո գնահատականների մեջ երբեմն-երբեմն լինես ոչ ճշգրիտ։ Բայց երբ որ դու իշխանություն ես, ապա այդ գնահատականներն ունես, եւ արդեն քո դատողությունները կարող են ճշգրիտ լինել։ Երկրորդը․ դե, բնական է, եթե ես ընդդիմություն եմ, նաեւ այդ հանգամանքը կա, ես կարող եմ այս կամ այն երեւույթն օգտագործեմ իմ քաղաքական շահից ելնելով։

- Այսինքն՝ ժողովրդին մանիպուլյացիայի ես ենթարկում, կեղծում ես, երբ ընդդիմություն եղած ժամանակ ասում ես՝ իշխանությունն ամեն ինչ վատ է անում, այս ինչ վատ իշխանություն է՝ արագաչափերը, Սաշիկը, կոռուպցիան, թալանը, ռեկետը, փայ են մտնում, պետական ռեսուրսներ են օգտագործում, բայց երբ գալիս ես իշխանության, հասկանում ես, որ դա այդքա՞ն էլ վատ բան չէ։

- Չէ, էդպես չի։ Երբ որ դու ընդդիմություն ես, ու քո թիմից որեւէ մեկն ասում է, որ արագաչափերը պետք է վերացվեն, եւ դա արտահայտում է քո գործընկերներից մեկը ոչ թե որոշման մակարդակով, այլ դա որպես իր կարծիք, եւ երբ որ դու գալիս ես իշխանության, էն մյուս գործընկերները, որոնք դրա մասին չէին խոսել եւ հակառակ փաստարկներն էին բերում, որ դրանք պետք են, եւ դու համաձայնում ես էդ փաստարկներին, դա չի նշանակում, որ դու քո սկզբունքներին դավաճանում ես։ Եթե մեկը մեր շարքերից հայտարարել է, որ արագաչափերը պիտի վերացվեն, ես կարող եմ երաշխավորել, որ մեկի փոխարեն 5 հոգի ասել են, որ չէ՝ ոչ թե պետք է վերացվեն, այլ պետք է կանոնակարգվեն։

- Բայց դուք ձեր ամբողջ թիմով հեղափոխության օրերին արագաչափերն էիք փակում՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ոմանք նույնիսկ իրենց ներքնաշորերն էին հանում, որ ծածկեն արագաչափերը։ Հիմա ասում են՝ արագաչափերը վատ բան չեն։

- Ես նորից եմ ասում, որ յուրաքանչյուր մեկի դիմաց հինգ հոգի ամենաքիչը առարկել է արագաչափերի մասսայական փակման դեմ։ Եվ էն, որ մենք մեր քայլերի ընթացքում փակել ենք երեւի մի հինգ հատ արագաչափ, դա պետք է համարել որպես ակցիա ընդամենը, ոչ թե որպես քաղաքականություն։

- Լավ, հիմա վարչապետի ընտանիքը հաճախակի նրա հետ մեկնում է տարբեր երկրներ գործուղումների։ Նախորդ վարչապետերից որեւէ մեկի կինը երբեւէ նման բան արե՞լ է։

- Ուշադրություն չեմ դարձրել էդ հանգամանքին, բայց ես կարծում եմ, որ դա շատ գեղեցիկ է, երբ որ վարչապետի կինը նրան ուղեկցում է պաշտոնական այցելությունների ժամանակ։

- Բայց Արցախում էլ, Բրյուսելում էլ, Դավոսում էլ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել ու պաշտոնական պատվիրակության կազմում չի եղել։ 

- Վարչապետի կինը պարտադիր չի, որ պաշտոնական հրավեր ունենա, որպեսզի գնա այս կամ այն պաշտոնական այցելության։ Ինքն ուղեկցում է իր ամուսնուն, դա նույնպես կարգավիճակ է։

- Ի դեպ, երեկ իմացանք, որ ԱԱԽ նիստի նախորդ օրն էլ վարչապետի որդու ծննդյան օրն էր, ստացվում է՝ Փաշինյանն այնպես է կազմակերպել ԱԱԽ նիստը, որ համընկնի որդու ծննդյան օրվա հետ։ Այսինքն՝ գնացել էին որդուն տեսակցության, ձեռքի հետ էլ ԱԱԽ նիստ են անում։ 

- Դե, չէ, լավ, էլի, արդեն ծիծաղելի է դառնում․․․ Ծիծաղելի է դառնում հարցադրումը, ոչ թե երեւույթը։ Ես չգիտեմ էլ, որ ծննդյան օրն է եղել, ճիշտն ասած՝ կարող է պատահի, որ պատահաբար համընկել է։

- Այսինքն՝ գնացին հասան Ղարաբաղ ու մեկ էլ պատահաբար հայտնաբերեցին, որ այդ օրն իրենց որդու ծննդյան օ՞րն է։

- Չէ, կարող ա պատահի, որ ծննդյան օրն էդ օրը չի եղել, նախորդն օրն ա եղել կամ մոտիկ օր ա եղել, ենթադրենք։ Անձամբ ես չեմ բացառում, որ պաշոնատար անձինք, իմանալով, որ վարչապետի որդու ծննդյան օրն ա, իրենք են հարմարեցրել․․․ ես ոչինչ չեմ բացառում էստեղ, բայց էդտեղ վատ բան չեմ տեսնում ուղղակի։ Վարչապետի յուրաքանչյուր այց, նույնիսկ իր որդուն, որը ծառայում է գիտենք որտեղ, դա պետական, պաշտոնական քայլ է, դա չպետք է պարզունակ դարձնենք։