Խոստումներ, որոնք մնացել են թղթի վրա

Խոստումներ, որոնք մնացել են թղթի վրա

2017 թվականի մայիսին, քաղաքապետի ընտրությունից առաջ, Երեւանի ավագանու թեկնածու Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր Երեւանի բյուջեի չափերից: Նա խոստանում էր, որ «Ելք» դաշինքի հաղթանակից հետո մայրաքաղաքի բյուջեն կավելանա շուրջ 30-40 միլիարդ դրամով: Այսօր  Փաշինյանը՝ որպես վարչապետ, ավելի մեծ հնարավորություններ ու լծակներ ունի, բայց նա «չորով»  հրաժարվել է իր խոստումներից: Նրա օրոք հաստատված 2019 թվականի Երեւանի բյուջեի նախագիծը, որն ավագանին ընդունեց անցյալ տարվա դեկտեմբերին, ավելի խղճուկ տեսք ունի, քան 2017 թվականինը: 2017 թվականին Երեւան քաղաքի բյուջեն եկամուտների մասով կազմում էր մոտ 84 միլիարդ 344 մլն դրամ: Մինչդեռ այս տարվա՝ 2019 թվականի համար, Երեւանի ավագանու որոշմամբ, Երեւանի բյուջեով պետք է հավաքագրեն նույնիսկ 1 միլիարդից էլ պակաս՝ մոտ 83 մլրդ 77 մլն դրամ: Ծախսերի գծով ծրագրված է 84 մլրդ 346 մլն դրամ: Պակասուրդն այս տարի մոտ 1 մլրդ 269 մլն է, մինչդեռ 2017 թվականին Երեւանի բյուջեի դեֆիցիտն ընդամենը 68 մլն դրամ էր: Հավանաբար, Փաշինյանը շարունակում է դժգոհ մնալ Երեւանի բյուջեից, հակառակ դեպքում «Իմ քայլը» նման լուրջ փաստաթուղթ չէր մտցնի քաղաքի բյուջեն ընդունելուց 3 ամիս անց:  
Երեւանի ավագանու առաջիկա նիստը նշանակված է մարտի 19-ին:

Օրակարգն առայժմ հայտնի չէ: Տեղեկություն ունենք, որ «Իմ քայլը» խմբակցությունն այդ նիստին փորձելու է փոփոխություն մտցնել Երեւան քաղաքի բյուջեում, եկամուտների ավելի բարձր չափ սահմանել: Արդյոք դա այդպե՞ս է, եւ ինչի՞ հաշվին են ավելանալու հավաքագրումները: Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հաստատեց, որ փոփոխություն արվելու է, սակայն մանրամասներին չէր տիրապետում:  «Դեկտեմբերին, երբ ընդունվում էր բյուջեն, հայտարարվեց, որ տարվա ընթացքում այն որոշակի վերանայումների պետք է ենթարկվի: Հիմա ես տեղյակ եմ, որ այդ վերանայումների ուղղությամբ աշխատանք գնում է, բայց ժամկետ չեմ կարող նշել»: 

Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Փաշինյանի կուսակցությունը, փաստորեն, չի կատարել 2017 թվականի խոստումները: Հարցն ուղղեցինք ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին, որը դեկտեմբերին ընդունված բյուջեի նախագծին դեմ քվեարկողներից էր եւ ավագանու նիստերին քննադատում էր «Իմ քայլի» բերած բյուջեի նախագիծը: «Իրենք վերցրել էին նախկին բյուջեն, մի քանի բան էին փոխել՝ ավելի վատացնելով, եւ բերել էին ավագանի: Փաշինյանի խոստման հետ կապված՝ չեմ կարող ասել, բայց այն, որ այս բյուջեն նախկինի «քոփի փեստն» է, սակայն ավելի վատ տարբերակով, ինձ թվում է, ես արդեն ապացուցել եմ»: Վերջնական կարծիք հայտնելու համար Դավիթ Խաժակյանը սպասում է փոփոխություններին: Ի՞նչ փոփոխություններ են լինելու, արդյոք վերաբերելո՞ւ են հիմնական հոդվածներին՝ եկամուտներ, ծախսեր:

«Իրենց ասելով՝ մեծ փոփոխություններ են լինելու, ինչին ես կասկածում եմ, բայց այս քանի օրը կլինի, կտեսնենք: Հավաքագրումների ծրագրած թվերը, իմ կարծիքով, նույնն են մնալու, բայց քանի որ անցյալ տարվանից մնացած գումար կա, դա պետք է նոր բյուջեում արտացոլվի, վերաբաշխվի: Հետեւաբար, եթե դուք նույնիսկ տեսնեք նախկին 81-82 մլրդ-ի փոխարեն 90 մլրդ, դա նախորդից եկած գումարն է լինելու, նախկին իշխանության թողած, ո՛չ նրանց ձեռքբերումը»: Իսկ «Լույսն» իր առաջարկն անելո՞ւ է: Դավիթ Խաժակյանը նշեց, որ սպասելու է «Իմ քայլի»  նախագծին, ծանոթանալուն պես նոր կերեւա՝ իմաստ ունի՞, թե՞ ոչ նոր առաջարկ անելը: Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը հայտնեց, որ քաղաքի բյուջեի փոփոխություններն էական են։ «Մեծ, ծավալուն փաստաթուղթ է, որին ծանոթանալու համար մի քանի օր պետք է»,- ասաց նա։