Կարմիր գորգեր ԱԱԾ-ի տատասկոտ ճանապարհին

Կարմիր գորգեր ԱԱԾ-ի տատասկոտ ճանապարհին

Թե՛ նախահեղափոխական, թե՛ հեղափոխական, թե՛ հետհեղափոխական Հայաստանում ազգային անվտանգության տարանուն գերատեսչությունը, որպես կանոն, եղել եւ մնում է ներքաղաքական զարգացումների անբաժան ուղեկիցը եւ ուժային մյուս կառույցների՝ ոստիկանության եւ բանակի հետ՝ իշխանության պահպանման հիմնասյունը, իսկ Հայաստանում, ով վերցրել է իշխանությունը, յուրացրել է նաեւ պետությունը: Թեպետ դժվար է ասել, թե ՀՀ ազգային անվտանգության գերատեսչությունն ավելի շատ ծառայել է Հայաստանի՞, թե՞ օտար պետությանը՝ տվյալ դեպքում՝ Ռուսաստանին: Մանավանդ որ, դժվար է ասել, թե անկախ Հայաստանում ԱԱԾ-ի գործունեությունն ավելի շատ հրահանգավորվել-կանոնակարգվել է Երեւանու՞մ, թե՞ խորհրդային օրերի հանգույն ՝ Մոսկվայում:

Եթե նախահեղափոխական Հայաստանում ազգային անվտանգության գերատեսչությունը դարձել էր ՀՀ իշխանությունների ապօրինությունների իրականացման, իշխանության բռնազավթման անվտանգության ապահովման գաղտնի գործիքն ու զենքը, ապա հետհեղափոխական Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է ներքաղաքական ազդեցիկ եւ հրապարակային գործոնի: 

Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի գործունեությունը հանրայնացվեց ոչ միայն այն պատճառով, որ նոր իշխանություններն ավելի բաց էին եւ թափանցիկ, այլ նախեւառաջ այն պատճառով, որ այդ կառույցը հռչակվել էր որպես հեղափոխության պահպանման եւ հակահեղափոխության կանխարգելման կենտրոնակայան՝ առավելապես՝ պայքարելով կոռուպցիայի դեմ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում կոռուպցիայի բարձր՝ ռիսկային մակարդակը դարձել էր սպառնալիք ՀՀ ազգային անվտանգության համար, ըստ այդմ՝ դրա հաղթահարումը պետական կարեւոր խնդիր էր, այնուամենայնիվ, թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն ավելի շատ հիշեցնում էր կոռուպցիայի դեմ պայքարի վարչության, քան իր մնացյալ գործառույթներն ամբողջությամբ իրականացնող ազգային անվտանգության կառույցի: Միաժամանակ, կոռուպցիայի դեմ պայքարը մի կողմից՝ հնարավորություն էր տալիս մաքրել Հայաստանը կոռուպցիոն ապականությունից՝ դրանով իսկ ապավինելով հանրային աջակցությանն ու վստահությանը, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ արագորեն քաղաքականացվող այս գերատեսչությունը քաղաքական նոր դերակատարման էր հավակնում: 

Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ի ճանապարհին թեպետ կարմիր հանդիսավոր գորգ փռվեց, սակայն աստիճանաբար կարմիր գորգի տակից սկսեցին երեւալ այդ ճանապարհի տատասկները: Այդ առումով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականին հաջորդած հայտարարության տեքստը կարելի է համարել ե՛ւ որպես պետականության սպառնալիքների գնահատման զգուշացում, ե՛ւ որպես ԱԱԾ-ի քաղաքական դերակատարման կասեցման փաշինյանական փորձ: Իրականում սա երկսայրի սուր էր, քանի որ մի կողմից ԱԱԾ-ի ներգրավումը քաղաքական գործընթացներում հետհեղափոխական Հայաստանում կարող էր հաստատել 37թ. քաղաքական մթնոլորտը, մյուս կողմից՝ ԱԱԾ-ի ապաքաղաքականացումը հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը՝ առանց անվտանգության մարմինների զսպման մեխանիզմների: Ընդ որում, սա կարող էր տեղի ունենալ անկախ նրանից, թե ով էր ղեկավարելու նոր Հայաստանի ԱԱԾ-ն: 

Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը հաճախ է հայտնվում ներքաղաքական զարգացումների կիզակետում՝ ստվերելով ոչ միայն այլ թեմաներ ու խնդիրներ, այլեւ դառնալով ներհայաստանյան իրողությունների գնացքն ուղղորդող ամենատես ու ամենազոր կարգավարը: Միջին վիճակագրական հայաստանցու համար ԱԱԾ-ն մշտապես եղել է այն կառույցը, որի շուրջ հյուսվող առասպելներն ու իրականությունը դժվար է եղել զանազանել: 
ԱԱԾ թեման ներհայաստանյան քննարկումների դաշտ վերստին նետվեց 2019թ. դեկտեմբերին ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հարցազրույցում առկա փաստերի բացահայտմամբ: 

Արդեն 2020թ. հունվարին 17-ին ԱԱԾ թեման դարձյալ հայտնվեց ներհայաստանյան զարգացումների կիզակետում արդեն ողբերգական առիթով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանությամբ: Նրա մահով ՀՀ դատաիրավական եւ ազգային անվտանգության ոլորտի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային, չբացահայտված սպանությունների եւ ինքնասպանությունների արճճե շղթային ավելացավ եւս մեկ օղակ: ՀՀ քննչական մարմնի տարածած հաղորդագրությունները (համենայնդեպս, մինչ այս հոդվածի հրապարակումը) դեռ որոշակի եւ հանրության կասկածները ցրող տեղեկատվություն չեն հաղորդում:

Հայաստանում ցայսօր չի բացահայտվել նաեւ ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ Մարիուս Յուզբաշյանի սպանությունը: Նա Խորհրդային Հայաստանի ՊԱԿ-ը ղեկավարել էր տասը տարի՝ 1978-88 թվականներին: Յուզբաշյանը սպանվել է պաշտոնանկությունից 5 տարի անց՝ 1993 թ. հունիսի 21-ին, Երեւանի Կոմիտասի անվ. պանթեոնի տարածքում։ Հետխորհրդային Հայաստանում այս սպանությանը հաջորդել են ՀՀ դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների այլ սպանություններ եւ ինքնասպանություններ, որոնք դարձյալ բացահայտված չեն կամ ներկայացվել են որպես ինքնասպանություն: 

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահը կարող է ունենալ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ կենցաղային շարժառիթներ: Այն կարող է ունենալ ե՛ւ տեղական, ե՛ւ օտարերկրյա հետք: Եվ այստեղ «Ո՞ւմ է ձեռնտու այդ մահը» հարցի պատասխանը դեպի կեղծ հետք կարող է ուղղորդել, քանի որ նրա մահը կարող է ձեռնտու լինել շատերին կամ ոմանց, սակայն հույժ անհրաժեշտ՝ ոչ բոլորին: 

Կուտոյանի տանը կրակած, հայտնաբերված 40 փամփուշտները վստահելի բացատրության կարիք ունեն: Նրա մահվան այսեւայլ հանգամանքներ կա՛մ կբացահայտվեն եւ կներկայացվեն Հայաստանի հանրությանը, կա՛մ այդ մահը կհամալրի Հայաստանի չբացահայտված սպանությունների շղթայի օղակներից մեկը: 

ՀՀ Ազգային անվտանգության գերատեսչությունում եւ դրա շուրջ ծավալվող իրողություններն անհրաժեշտ են դարձնում մի շարք կարեւոր հանգամանքներ. 

- ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է վերանայի իր դերակատարումը, գործառույթները, խնդիրները ներքաղաքական կյանքում՝ դադարելով լինել ներքաղաքական վայրիվերումների խառնարան: 

- ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դառնա հիրավի ազգային՝ ապահովելով Հայաստանի պետության ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, նպաստելով համահայկական խնդիրների կենսագործմանը՝ ծառայելով Հայաստանի, նրա քաղաքացիների եւ հայ ժողովրդի շահերին: 

Ազգային անվտանգության ճանապարհը տատասկոտ է, այն կարմիր գորգերով չեն ծածկում, սակայն հենց այդ ճանապարհին է խարխլվում կամ ամրանում Հայաստանի անկախ պետականությունը: