Վերազինվում են

Վերազինվում են

Բոլոր հեռուստաընկերությունների քաղաքական-հեղինակային հաղորդումներն Ամանորից անմիջապես հետո վերսկսել են  աշխատանքները, բացառությամբ Հանրային հեռուստաընկերության Պետրոս Ղազարյանի հաղորդման, որը տեւական ժամանակ է՝ եթերում չէ։ Ինչո՞ւ. հարցրինք Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին։ «Մենք հունվար եւ օգոստոս ամիսներին թարմացնում ենք տեխնիկան։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք նոր տեխնիկա ենք գնում, պարզապես տեխնիկան կարիք ունի հանգստանալու, մաքրվելու, այդ թվում եւ` շարժական հեռուստակայանը, եւ այդ 2 ամսվա ընթացքում այն կարգի է բերվում։ Երկրորդեմ` պարտադիր մաքրվում է, ինչը շատ կարեւոր պրոցես է»,- ասաց տեխնիկայի մաքրմամբ անհանգիստ տիկին Մարգարիտան:

Բովանդակային առումով նույնպե՞ս փոփոխություններ լինելու են նույն Պետրոս Ղազարյանի հաղորդման մեջ։ «Ոչ, բովանդակային փոփոխություններ չեն նախանշվում. փետրվարին սկսվելու է նոր եթերաշրջանը, իր հաղորդումը մնալու է եւ նույնկերպ շարունակվի»: Իսկ ընդդիմադիրներ հրավիրվելո՞ւ են եթեր, հանրապետականները, ուրիշներ․ բողոքում են, որ Հանրայինն իրենց չի հրավիրում։ «Մնացյալ հարցերը` գրավոր, մեր փիար-բաժնին. ես քաղաքական հարցերի չեմ պատասխանում»: