Եթե կարողանում են, թող օգնեն, չէ՝ ուրեմն թող չխանգարեն

Եթե կարողանում են, թող օգնեն, չէ՝ ուրեմն թող չխանգարեն

Երեկ՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների արդյունքներով Ուրցաձորում համայնքապետ  ընտրվեց համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու:

Բանն այն է, որ Ռաֆիկ Անդրեասյանին ստիպեցին հրաժարակալ տալ ընտրություններից առաջ, համայնքի մի խումբ բնակիչներ պարբերաբար ճանապարհներ էին փակում, համայնքապետին տարբեր մեղադրանքներ էին ուղղում՝ ընդհուպ մինչև համայնքի բնակիչներին հասանելիք օգնություննրի յուրացում։ Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ասելով, որ եթե համայնքի բնակիչները ցանկանան, որ Անդրեասյանը լինի իրենց համայնքի ղեկավարը, ապա նրան նորից կընտրեն։

Մարզպետի «մարգարեությունն» իրականացավ, ուստի Անդրեասյանին հարցրինք, թե ի՞նչ տպավորություններ ունի, հաղթե՞լ է մարզպետին, նրան ապացուցե՞լ է, որ համայնքի լեգիտիմ ղեկավար է․ «Ես որևիցե մեկին ապացուցելու չունեի, ես ընդամենը ուզում էի, որ մեր ժողովրդի մոտ բախումներ չլինեն, խաղաղություն տիրի, ու ոչ մեկի հորդորն էլ չէր կարող ինձ այդ քայլին տանել, իմ հրաժարականի միակ պատճառը եղել են այդ բախումները։ Իսկ թե ինչպե՞ս ընտրվեցի, ապա դրա ճշգրիտ պատասխանը տվեց գյուղը։ Ես բազմաթիվ փորձություններով ու դժվարություններով եմ անցել, իսկ այդ դժվարություններն ու փորձությունները ինձ համար ուսանելի են եղել, ես այդտեղ բան եմ սովորել։ Դա էլ եմ դժվարություն համարում, բայց կարծում եմ, որ դա այն դժվարությունը չէր, որոնց միջով ես մինչ այդ անցել էի։ Կարծում եմ այս լուծումը արդեն իսկ բավականին դրական ազդեցություն ունեցավ, այս անգամ ավելին ենք անելու, որ այդ ընդդիմախոսները ինչքան հնարավոր է, աչքերը ավելի լայն բացեն, իրականության հետ հաշտվեն ու, կարծում եմ՝ այդ ամենը պետք է առարկայական ապացուցել, միայն խոսքերով չէ»։

Նորընտիր համայնքապետին հարցրինք նաև, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի մարզպետի հետ այժմ․ «Մարզպետի հետ ի՞նչ հարաբերություններ են ունենում։ Մենք տեղական ինքնակառավարման մարմին ենք, կա մարզպետարան, եթե կարողանում են, թող օգնեն, չէ՝ ուրեմն թող չխանգարեն։ Իսկ հարցը, թե իրենք պատրա՞ստ են չխանգարելու, պետք է իրենց տալ, ես չգիտեմ, ես իմ տեղը պատասխան տվեցի, մարզպետի տեղը ի՞նչ գործ ունեմ՝ պատասխան տամ»։