Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք. Հասմիկ Պապյան

Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք. Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Նախօրեին, երկար ընդմիջումից հետո, Աբովյան հրապարակի մոտով անցնելիս` դարձյալ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ անավարտ կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, ինչ որ դիսպետչերանոցի, չորացած ծառերի, աղբի մեջ. Աբովյանի, Տերյանի, Թամանյանի, Մաթևոսյանի բարձր ու արժանավոր անունների հետ բացառիկ դիսոնանս:

Դավիթ Մաթևոսյանից տեղեկացա, որ կենտրոնի կառուցումը արդեն մեկ տարի է կասեցված է և Հայաստանի նոր կառավարության պատկան կոմիտեներն ու նախարարությունները պետական բյուջեով, կառավարության պատվերով կառուցվող մոտ մեկ միլիոն դոլար արժեքի կառույցը փողոցում են թողել և հեռացել: Պաշտոնական կամ ոչ պաշտոնական բոլոր գրություններն ու հանդիպումները զրո արդյունք են ունեցել: Մինչև հիմա մի շնչով հարցը լուծելու փոխարեն, Հայաստանի վարչապետն ու կառավարությունը անգործության ու ինչ որ նամակագրության ու բացատրությունների դանդաղ գործընթացի մեջ են:

Չեմ հասկանում թե ինչ է կատարվում և ինչ տրամաբանությամբ, կամ տրամաբանության բացակայության ինչ սկզբունք է գործարկվել նոր Հայաստանում այս դեպքում: Մի կողմից փետրվարի 12-ը` գրողի ծննդյան օրը Մաթևոսյանից ցիտատով սկսող Փաշինյանը, մյուս կողմից կարծես թե շատ հանգիստ ու բնականոն է վերաբերվում կիսակառույց շենքի այս վիճակին, կառավարության ու ստորաբաժանումների անգործությանը:

Հարցս ուղղում եմ Հայաստանի վարչապետին, կրթության և մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին, և եթե կան էլի պատասխանատու մարմիններ ու անձինք` նրանց եմ հարց տալիս. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն, մշակութային կամ քաղաքաշինական քաղաքականության մասին յուրօրինակ պատկերացու՞մ:

Ուզում եմ մոտ օրերս այցելել շենք և մանրամասն ծանոթանալ իրավիճակին: Նույնը անելու կոչ եմ անում ՀՀ վարչապետին և կառավարությանը»: