Դիմում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին եւ Գլխավոր դատախազին

Դիմում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին եւ Գլխավոր դատախազին

Հարգելի պարոնայք Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում շուրջ տասը տարի է ոմն Աշոտ Ալավերդյան զբաղվում է խառնակչությամբ: Հիշյալ անձնավորությունը 1992թ. աշնանը, այն բանից հետո, երբ Խաչենի գումարտակի Առաջաձորի վաշտի մարտիկների բողոքներից հետո իր հորը խայտառակաբար հեռացրել են վաշտի հրամանատարի պաշտոնից, ինքնակամ լքել է ծառայությունը եւ վեց ամիս բնակվել Երեւան քաղաքում:

Այդ ընթացքում նա վաճառել է հակառակորդից ռազմավար վերցված եւ հոր կողմից զարտուղի ճանապարհով Երեւան տեղափոխած ՊԱԶ մակնիշի ավտոբուս եւ ԶԻԼ 131 մեքենա: Մարտակերտի ուղղությամբ ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի հաջող ռազմագործողություններից հետո նա վերադարձել է Առաջաձոր, չպարզված հանգամանքներում ստացել աչքի վիրավորում, ճանաչվել Արցախյան պատերազմի հաշմանդամ: 2002թվականին, հանդիսանալով համայնքի ղեկավար, Աշոտ Ալավերդյանը դաժան ծեծի է ենթարկել Մարտական խաչ շքանշանի ասպետ Վարուժան Բեկնազարյանին, դատվել եւ խայտառակաբար հեռացվել գյուղապետի պաշտոնից: Տարիներ շարունակ Ոստիկանությունը զբաղվել է այդ ընտանիքով՝ նրանց մոտ հայտնաբերելով ապօրինի զենք եւ զինամթերք:

Այդ մասին փաստաթղթերը, հավանաբար, պահվում են Ոստիկանության արխիվներում: 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին Աշոտ Ալավերդյանը Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում զբաղվել է դիակապտությամբ՝ տիրանալով գյուղատնտեսական տեխնիկայի, խոշոր եւ մանր եղջերավոր անասունների: Ինչ-որ մեկի կողմից հովանավորվելով՝ անցյալ տարվա աշնանը նա ձեռք է բերել մի քանի գյուղական դպրոցների վառելափայտի մատակարարման արտոնություն: Օգտագործելով այդ հանգամանքը, Աշոտ Ալավերդյանը թույլ է տվել զանգվածային անտառահատումներ, վառելափայտի անվան տակ ՀՀ արտահանել լորենու, հացենու եւ ընկուզենու գործափայտ: Այդ առթիվ բողոքները Ոստիկանությունը չի քննարկել:

Աշոտ Ալավերդյանը դիակապտությամբ է զբաղվել նաեւ Առաջաձորում՝ ապօրինաբար մուտք գործելով անցյալ տարի ապրիլին մահացած Աշոտ Կարապետյանի տուն եւ վաճառահանության դնելով այդ տան գույքը, կենցաղային տեխնիկան, թանկարժեք իրերը: Բարեկամների բողոքը Ոստիկանության կողմից մնացել է չստուգված: Տարեվերջին Աշոտ Ալավերդյանը կատարել է հերթական «հերոսությունը»՝ մուտք է գործել Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Գառնիկ Բաբայանին պատկանող խանութ-սրահ, ֆիզիկական բռնության ենթարկել նրան, ծաղրել, ապա հափշտակել մեկ տորթ եւ սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղալով՝ հեռացել: Գառնիկ Բաբայանը դիմել է Ոստիկանություն, բայց առայսօր քննություն չի տարվել, մեղավորն արժանի պատիժ չի ստացել: Հարց է առաջանում՝ մենք օրինակա՞ն երկիր ենք, թե՞ մի հասարակություն, որտեղ հանցագործը կարող է ունենալ բարձրաստիճան հովանավոր եւ անպատիժ ահաբեկել մի ամբողջ գյուղական համայնք: Պարոն Գրիգորյան Պարոն Շահրամանյան Պարոն Մոսիյան Խնդրում եմ այս գրառումը համարել հաղորդում հանցագործությունների մասին եւ ձեռնարկել համապատասխան քայլեր:

Հարգանքով՝ առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյան