Արդյոք Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից

Արդյոք Հայաստանը դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից

Հայ-ռուսական հարաբերություններում հերթական լարվածության ալիքն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը france 24-ի հետ զրույցում հայտարարել է, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, եւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ ՀԱՊԿ-ից ի պատասխան հայտարարեցին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին դիմում չի տվել, ամենայն հավանականությամբ` «անդամակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է» արտահայտությունը նշանակում է այն, որ Հայաստանը տեւական ժամանակ է՝ չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է քննարկումներ ունենալ հայկական կողմի հետ` կապված ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարության հետ։ Ասել է թե՝ ռուսական կողմը ցանկանում է հայկական կողմից ճշտել, թե ինչ նկատի ունի Հայաստանի վարչապետն այս հայտարարություններով` կարեւոր է հասկանալ դետալները, եւ հույս է հայտնել, որ հայ գործընկերները կկարողանան համարժեք բացատրություններ տալ Մոսկվային։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, թե Հայաստան-Ֆրանսիա գործակցությունը բխում է Հայաստանի շահերից` ոչ մեկի դեմ ուղղված չէ, եւ Հայաստանի գործընկերները պետք է հարգեն այդ իրավունքը, ու հավաստիացրել է, որ անհանգստանալու կարիք չկա։
Բաքվից անեկդոտային ժանրի մեջ, մեդիափորձագիտական մակարդակում արձագանքեցին, թե Փաշինյանը փորձում է հասկանալ՝ «ռուսական անվտանգության ամպհովանի՞ն է ավելի զորավոր, թե՞ ֆրանսիական»։ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը, կարելի է ասել, մոտենում է կուրիոզային ժանրի սահմաններին։ Ահա թե ինչու։

Ուշադրություն դարձնենք ռուսական կողմի հայտարարությունների տողատակերի հեգնական նյուանսին՝ «ի՞նչ նկատի ունի Փաշինյանն իր հայտարարությամբ», այսինքն` «Փաշինյանի բառապաշարում հնչած աղմկահարույց հայտարարությունն ադեկվատ մարդիկ ինչպե՞ս պետք է հասկանան» տրամաբանությամբ։ Սա նշանակում է, որ Մոսկվայում կարծես կանխատեսում են, որ Փաշինյանն առաջիկայում իր այս խնդրահարույց հայտարարությունները, իր «խասյաթի համաձայն», սրբագրելու է ու պարզաբանելու, որ ինքն ասել է «իքս» բայց դա ոչ թե «իքս»-ի իմաստով պետք է հասկանալ, այլ՝ «իգրեկի», հատկապես, որ իր մտքում էլ եղել է «զեթը»։ Այսինքն՝ Մոսկվայում կարծես ակնարկում են, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, հերթական «անլուրջ հայտարարությունն է արել» զուտ մեդիաքարոզչական աղմուկի համար՝ «մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելով»։ Սակայն եթե, օրինակ, Երեւանն իրոք որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, ապա, ինչպես շատ փորձագետներ են նկատում, Ռուսաստանը, վստահաբար, նաեւ այդ սցենարին է պատրաստվել եւ հարկ եղած դեպքում կկարողանա Երեւանին, թեկուզ հարկադրանքով, վերադարձնել Մոսկվայի համար ընդունելի ուղեծիր։

Ուստի առայժմ պետք է սպասել, թե ինչպես կպահի իրեն Փաշինյանը, արդյոք ինչ-որ հավելյալ բացատրություններ կտա՞ եւ կսրբագրի՞ ասածը, թե՞ կորոշի երկիրը դուրս բերել ՀԱՊԿ անվտանգության համակարգից՝ առանց դրա այլընտրանքն ունենալու։