Կառավարությունը «զադնի» է դնում

Կառավարությունը «զադնի» է դնում

Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը եւ կից փաթեթները թեեւ ընդգրկված չեն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստի օրակարգում, սակայն հանձնաժողովի թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների վստահեցմամբ՝ այն քննարկվելու է ապրիլի 16-ին մեկնարկող հերթական քառօրյայի ընթացքում։ Չի բացառվում, որ մինչ այդ հանձնաժողովը եւս մեկ նիստ հրավիրի ու քննարկի փաթեթը։ Մի քանի օր առաջ ԱԺ ուղարկված նախագծում կառավարությունը փոփոխություն չի արել, չնայած վերջին օրերին խոսվում էր, թե մշակույթի նախարարությունը հնարավոր է պահպանվի՝ չմիավորվի կրթության եւ սպորտի նախարարությանը։ 

Այսպիսով՝ ի՞նչ տեսք ունի կառավարության ներկայացրած նախագիծն այս պահին։ Անկասկած է, որ իշխանությունները նահանջել են հանրային դժգոհությունից եւ «զադնի դրել» նախնական մտադրությունից․ առաջիկա փոփոխություններով՝ պետապարատից դուրս չեն մղվի ավելի քան 10 հազար «անբան» «շարիկ գլորողները»։ Նախարարությունների թիվը, ինչպես խոսվում էր, 17-ից կդառնա 12, փոփոխությունների եւ օպտիմալացման առաջին փուլի արդյունքում պետական ապարատը կազատվի բացառապես մի քանի տասնյակ հայեցողական պաշտոնյաներից։ «Հարկ է նշել, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման եւ դրա արդյունքում նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղծառայության ղեկավար պաշտոններից՝ գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին: Հետեւաբար, ակնկալվում է, որ նախարարությունների վերակազմակերպման արդյունքում անմիջապես կրճատման ենթակա կլինեն վերը նշված հաստիքները, որոնց թվային ցուցանիշը կազմում է մի քանի տասնյակ»,- նշված է նախագծում: Նախարարությունների միաձուլումից հետո մի քանի ամսվա ընթացքում նախատեսվում է օպտիմալացնել կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները, եւ դրանց թվաքանակը կկրճատվի, որի թվային ցուցանիշը գնահատվում է «մի քանի հարյուր»։

Ուշագրավ է, որ թեեւ հիմնավորման մեջ նշվում է՝ այդպիսով կառավարության գործունեությունը կիրականացվի առավել «օպտիմալ եւ արդյունավետ ձեւաչափով», սակայն հաշվարկ չկա, թե այն ինչքանով է թեթեւացնելու պետբյուջեի բեռը։ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի փաթեթի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա ներկա պահին հնարավոր չէ գնահատել՝ պետական մարմինների աշխատողների թվաքանակի փոփոխության վերաբերյալ հստակ տվյալների բացակայության պատճառով»,- նշվում է նախագծում։

Կհանվի նաեւ առաջին փոխվարչապետի ինստիտուտը․ ՀՀԿ-ն այդ պաշտոնը մոգոնեց հատուկ Կարեն Կարապետյանի համար, հեղափոխությունից հետո այն զբաղեցրեց Արարատ Միրզոյանը, հիմա, որքան էլ զարմանալի է, հրաժարվում են «առաջին փոխվարչապետ» եզրույթից ոչ թե այն պատճառով, որ այն հակասահմանադրական է՝ արհեստածին, այլ, ինչպես կարդում ենք նախագծի հիմնավորման մեջ, «նշված առաջարկության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ օրենքների նախագծերի այս փաթեթով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով 12 նախարարություն, որի պարագայում փոխվարչապետների կողմից համակարգման դերակատարությունը որոշ դեպքերում նվազում է, եւ առավել նպատակահարմար է այն կենտրոնացնել 2 փոխվարչապետների շուրջ: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 փոխվարչապետների պարագայում առաջին փոխվարչապետ սահմանելու տրամաբանությունը բացակայում է, առաջարկվում է հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը»: 

Նախարարությունների միավորման նպատակահարմարություններից առավել ուշագրավ է սփյուռքի նախարարության պարագան։ Պարզվում է՝ ոչ թե լուծարվում է սույն նախարարությունը, այլ դրան ավելի բարձր կարգավիճակ է տրվում․ «Նախարարության փոխարեն առաջարկվում է ստեղծել եռաստիճան օպտիմալ համակարգ, որի առաջին մակարդակում իր դերակատարությունը կունենա վարչապետը՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորություններով: Երկրորդ մակարդակում իր դերակատարությունը կունենա վարչապետի կողմից նշանակվող Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, որը կլինի հայեցողական պաշտոն վարչապետի աշխատակազմում, եւ որի հիմնական դերակատարությունը կլինի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը»։ Ի դեպ, վարչապետի աշխատակազմին կից Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտի ստեղծմամբ 150 հոգով կավելանա վարչապետի աշխատակազմը՝ 600-ից դառնալով 750։