Ոչ թե ներդրում են առաջարկում, այլ սիրում են գալ-շփվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Ոչ թե ներդրում են առաջարկում, այլ սիրում են գալ-շփվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր` շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումներով: Վարչապետը, ինչպես իր թիմի բազմաթիվ անդամներ, նորից շտապեց չիրականացած, անգամ թղթին չհանձնված ծրագրերով արհեստական ոգեւորություն առաջացնել հասարակության շրջանում։ Մարդիկ կլսեն այդ հնչեղ թվերն ու կմտածեն՝ ապրի մեր կառավարությունը, 2.7 միլիարդի ներդրում է բերում։ Բայց սրանք ընդամենը բարի ցանկություններ են, որոնցից հարց է, թե որ մասը կիրականանա։ Մյուս կողմից՝ նշենք, որ կառավարությանն իսկապես բազմաթիվ ներդրումային ծրագրերի առաջարկներ են լինում, բայց դրանք երբեմն խելացնոր գաղափարներ են։ 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ ասաց, որ վարչապետի հայտարարած 89 ներդրումային ծրագրերը ներկայացված են ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ներդրողների կողմից: Օտարերկրյա ներդրողների, այդ թվում` սփյուռքահայերի կողմից ներկայացվել է շուրջ 50 ծրագիր։ Առաջարկներ կան Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Իրանից, Չինաստանից, Գերմանիայից, հիմնականում էներգետիկայի, մշակող արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտներում։ Այդ ծրագրերից որեւէ մեկն այս պահին դեռ ավարտուն չէ՝ դրանք, ըստ Սիսեռյանի, գտնվում են իրականացման տարբեր փուլերում։ Սիսեռյանը մեզ հետ զրույցում՝ որպես այս պահին կատարված ամենախոշոր ներդրում, մատնանշեց իտալական «Ռենկո» ընկերության 250 մլն դոլարի ներդրումը Երեւանի ՋԷԿ-ի կառուցման համար, որի նախնական պայմանավորվածությունը, հիշեցնենք, ձեռք էր բերվել դեռ Սերժ Սարգսյանի օրոք։ Բայց այն ժամանակ սակագինը բարձր էր, եւ նոր կառավարությունն իր ձեռքբերումն է համարում այն, որ կարողացել է բանակցել ու էներգիայի վաճառքի սակագինն իջեցնել 20 տոկոսի չափով։

- Պարոն Սիսեռյան, ներդրողները, որոնք ցանկանում են կառավարության հետ հանդիպել, ո՞ւմ հետ են հանդիպում, Դո՞ւք եք նրանց ընդունում։ 

- Կան տարբեր մակարդակներ, բայց ներդրողները հիմնականում սիրում են գալ եւ շփվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Առաջին հանդիպումը հենց ներդրողն ուզում է սկսել վարչապետից։ Հետո, եթե չեղավ՝ փոխվարչապետի հետ, եթե դա էլ չեղավ՝ գրասենյակի ղեկավարի կամ նախարարի, փոխնախարարի հետ։ Սա նորմալ է, որովհետեւ երբ ներդրողը գալիս է եւ այս մակարդակի հանդիպում է ունենում, դա իրեն վստահություն է ներշնչում: Բայց, իրականում, էկոնոմիկայի նախարարությունում կա, օրինակ, ներդրումների վարչություն, որը հենց ներդրումների հարցերով է զբաղվում․․․ Հանդիպումները լինում են տարբեր, մի քիչ կոպիտ կարող է հնչել, բայց կախված է նրանից, թե ինչ ներդրում է, ծավալն ինչքան է, որ ոլորտում է։ 

- Ասում են՝ շատ հաճախ ներդրողները հանդիպում են պատի, երբ ուզում են կառավարությունից որեւէ մեկի հետ հանդիպել։ Ասում են՝ շատ ներդրողներ նեղանում-գնում են, երբ գալիս են կառավարություն, եւ իրենց ընդունում է ոչ թե վարչապետը կամ փոխվարչապետը, այլ օգնականը կամ գրասենյակի ղեկավարը։

- Կարող է ինչ-որ մեկի նկատմամբ թերի վերաբերմունք ենք ցուցաբերել, ես՝ անձամբ, ինձ վրա էլ վերցնեմ, որովհետեւ երբեմն լինում է՝ զանգում են, ուզում են կապ հաստատել, բայց ուղղակի ֆիզիկապես չեմ հասցրել։ Բայց կա երկրորդ կողմը, այո, եթե թերանում ենք, խնդրում եմ այդ հարցերը բարձրաձայնել, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք դրանց վրա։ Բայց այստեղ կա մեկ այլ խնդիր․ լինում են մարդիկ, որոնք ներկայանում են որպես ներդրող եւ ինչ-որ մեծ-մեծ ծրագրերի մասին են խոսում, ասում ենք՝ ուղարկեք հակիրճ ձեր ծրագիրը, չեն ուղարկում, ուզում են անպայման հանդիպել։ Հանդիպում ենք մեկ անգամ, ես եմ հանդիպում, հետո պարոն Ավինյանի հետ են ուզում հանդիպել, ասում ենք՝ լավ, ցույց տվեք ձեր կարողությունները, ձեր ընկերության շրջանառությունը, թե բանկը կարո՞ղ է ձեզ վարկ տրամադրել, թե՞ ոչ, ու մարդիկ խուսափում են, չեն տալիս, հետո ասում են՝ մենք գնացել էինք ներդրում անելու, բայց ոչ ոքի դա չհետաքրքրեց։ Թող 10-20 տոկոսն իմ սխալը լինի, որ չեմ հասցնում, չեմ հանդիպում, բայց մնացածը, որոնք բողոքում են, թե ներդրում ունեինք, իրականում ներդրում չի լինում։ Օրինակ ունեմ, երբ Չինաստանից մարդ էր եկել մեր հայրենակիցներից, որ ասում էր՝ ներդրում է ուզում անի, ես հասկացել էի, որ ներդրում չէ, օդի մեջ ինչ-որ բան է, ու երբ եկավ, համոզվեցի, որ ճիշտ էի։ Մարդը 1 միլիարդ դոլարի իբրեւ թե ներդրում էր ուզում անել, որը ներդրում չէր, ընդամենը ծրագիր էր, որ կառավարությունը պետք է տենդեր հայտարարի, եւ գան տարբեր ընկերություններ մասնակցեն՝ Երեւանից Իրան երկաթգիծ կառուցելու համար։ Հիմա էդ մարդը, լսել եմ, տարբեր տեղեր բողոքում է մեզնից, թե բան չենք անում։

Ձեր հայրը բավականին ազդեցիկ մարդ է Լիբանանում, քաղաքականությամբ ու նաեւ բիզնեսով է զբաղվում, եւ ասում են՝ շատ հաճախ ինքն է Ձեզ խորհուրդ տալիս, ուղղորդում, թե ներդրումների հարցում ինչպես վարվել։ Երբեմն ինքն է ընդունում ներդրողներին, զրուցում, որ հետո Ձեզ խորհուրդ տա՝ ինչ անել։

- Նախ՝ իմ հայրը բիզնեսմեն չէ, մենք ընդամենը Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ունենք տուն, որի կողքը կա փոքր գոմ, եւ հիմա ինքը, նաեւ մինչեւ հեղափոխությունն էր սկսել ուսումնասիրել, կամաց-կամաց ֆերմա է ստեղծում։ Հայրս իմ, ո՞նց ասեմ, ես քաղաքականության մեջ եմ, որովհետեւ հայրս էլ Լիբանանում քաղաքականության մեջ է եղել, նախկին վարչապետի խորհրդականն է եղել, եւ ինքն ինձ, այո, խորհուրդներով օգնում է, այո, ավելի ճիշտ՝ քննադատում է շատ։ Իմ ամենասուր քննադատն իմ հայրն է։ Բայց որ ասեմ՝ իրեն եմ ուղղորդում, որ ինչ-որ հարցեր լուծեմ, չկա նման բան։ Ես գործս եւ անձնականս հիմնականում անջատում եմ իրարից, ավելին ասեմ՝ իմ հայրը ծանոթություններ ունի Հայաստանում էլ, Լիբանանում էլ, բայց քանի որ ես կամ քաղաքականության մեջ, ինքն ընդհանրապես չի միջամտում եւ չի խառնվում։