ՀՀԿ-ականներին դիմավորողները հիմա էլ կդիմավորեն Փաշինյանի տիկնոջը

ՀՀԿ-ականներին դիմավորողները հիմա էլ կդիմավորեն Փաշինյանի տիկնոջը

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ապրիլի 7-ին կազմակերպում է իր հիմնադրման 25-ամյակին նվիրված գալա-ճաշկերույթ: Տոնակատարությանը ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը: Բայց նա ԱՄՆ-ում կլինի ավելի վաղ՝ ապրիլի 3-ին։ Ըստ սոցցանցում տարածված տեղեկության, ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում վարչապետի տիկինը կմասնակցի միջոցառման՝ նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծրագրերին: Աննա Հակոբյանը ներկայանալու է որպես «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս հանդիպման մասնակիցներն արդեն տոմսեր են գնել՝ 150 դոլար արժողությամբ։ Իսկ, ահա, ապրիլի 7-ի միջոցառումը տեղի է ունենալու արդեն Գլենդելում՝ «Հիլթոն» հյուրանոցի բանկետի սրահում։ Այստեղ էլ մուտքը 500 դոլար է՝ զույգի համար։ Մուտքի նման վճարն ԱՄՆ-ում համարում են նորմալ, հատկապես, որ նախկինում նմանատիպ միջոցառումների համար վճարել են 1000 դոլար։ Մեզ փոխանցեցին, որ մինչեւ բանկետը լինելու է նաեւ հանդիպում տեղի հայ համայնքի հետ։ 

Երեկոյին կմասնակցեն բազմաթիվ հայտնի գործիչներ: Տոնական միջոցառումը կմեկնարկի ժամը 4-ին` ընդունելությամբ, ապա կշարունակվի պաշտոնական, մշակութային ծրագրով եւ ճաշկերույթով` ժամը 5-ին: Դատելով հյուպատոսարանի տարածած հայտարարությունից՝ գալա-ճաշկերույթի ընթացքում «պատվի կարժանանան ՀՀ գլխավոր հյուպատոսության բարեկամների հիմնադիր խմբի» եւ «Հայաստանի տուն» կազմակերպության հոգաբարձուների ու տնօրենների խորհրդի անդամները: ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակազմը եւ 25-ամյակի կազմակերպական կոմիտեն խոստացել են, որ առաջիկայում հանդես կգան հոբելյանական միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկատվությամբ: 

Նկատենք, որ նման ճաշկերույթներ ԱՄՆ-ում կազմակերպվել են միշտ, երբ Հայաստանից ԱՄՆ էին այցելում նախկին իշխանության ներկայացուցիչները։ Եվ միշտ նրանց դիմավորել, քծնել ու պատիվ են տվել նույն մարդիկ։ Ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի թիմակիցների համար էին ճաշկերույթներ կազմակերպում ԱՄՆ-ում՝ Վիգեն Սարգսյանի ու մյուսների, հիմա՝ նոր իշխանությունների համար։ Նրանք ԱՄՆ հայ համայնքի էլիտան են ներկայացնում, որը փող է աշխատում, երբեմն այդ փողերից մասհանումներ անում «հայրենիքին ու հայրենի կառավարություններին», հիմա էլ փորձում են նույնն անել նոր իշխանությունների համար։ Սա մտնում է որոշակի ավանդույթների մեջ։