Իրավապահներ, վարչապետն ասում է՝ գնացե՛ք, ստուգե՛ք քաղաքապետարանի «տենդերները»

Իրավապահներ, վարչապետն ասում է՝ գնացե՛ք, ստուգե՛ք քաղաքապետարանի «տենդերները»

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց ապօրինի տենդերների մասին՝ օրինակ բերելով Մանվել Գրիգորյանի ընկերությունները, որոնք, ըստ նրա, անօրինական տենդերներ են շահել։ Նիկոլ Փաշինյանի ու իրավապահների ուշադրությունից, սակայն, զարմանալիորեն դուրս են մնացել նոր իշխանության կարկառուն դեմքերից մեկի՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու նրա ընկերոջ, վարչապետի օգնական Արտակ Գասպարյանի՝ Արտաչոկի իրականացրած տենդերները։ Ասուլիսի ընթացքում մենք հիշեցրինք Փաշինյանին, որ քաղաքապետ Հայկ Մարությանն անցյալ տարի շուրջ 400 մլն դրամի 9 «ԿամԱԶ» մակնիշի մեքենա էր ձեռք բերել՝ մեկ անձից գնում կատարելով, առանց մրցույթ հայտարարելու, մինչդեռ, եթե մրցույթ լիներ, եւ այլ ընկերություն հաղթեր, հնարավոր կլիներ մոտ 130 մլն դրամ խնայել քաղաքային բյուջեից։ Սրա շուրջ մեծ աղմուկ բարձրացավ համացանցում, բայց հեղափոխական էյֆորիան թույլ չտվեց իրավապահներին, Փաշինյանին ու հանրությանը նկատել Հայկոյի ու քաղաքապետարանի ակնհայտ անբարեխիղճ, եթե չասենք՝ անօրինական ու անձնական շահագրգռությամբ գնման փաստը։

Նույնկերպ չնկատեցին նաեւ ավելի քան 80 մլն դրամ արժողությամբ անճաշակ տոնածառի գնման փաստը, որը դարձյալ Ռուսաստանից էր, Արտաչոկի «կպցրածն» էր ու դարձյալ մեկ անձից գնումով։ Որեւէ մեկի մոտ հարց չառաջացավ՝ ի՞նչ շահ ունի Հայկ Մարությանը, որ ընկերոջ՝ Արտակ Գասպարյանի հորդորով, առանց այլ տարբերակներ դիտարկելու, ձեռք է բերում այդ տոնածառը, ապա նաեւ՝ «ԿամԱԶ»-ները։ Կարող է այլ ընկերություն էր հայտնվում, որն ավելի մատչելի գնով էր նմանատիպ մեքենա վաճառում։ Եվ այդպիսի ընկերություն, ինչպես հետո պարզվեց, իրոք կար՝ «Գալոպեր» ՍՊԸ-ն, որը պատրաստ էր նույն չափանիշներով, «ՄԱԶ» մակնիշի կոմունալ մեքենաներ վաճառել՝ յուրաքանչյուրը շուրջ 15 մլն դրամ ցածր արժեքով։ Հիմա էլ քաղաքապետարանն արդեն 24 միավոր կոմունալ մեքենայի գնում է սկսել՝ շուրջ 900 մլն դրամ ընդհանուր արժեքով, եւ որպեսզի նորից աղմուկ չբարձրանա, որոշել են այս անգամ բաց մրցույթ անել, ոչ թե մեկ անձից գնում կատարել։ 

Բայց արի ու տես, որ սա դարձյալ ձեւական բնույթ է կրում՝ քաղաքապետարանը «սիրահարվել» է «ԿամԱԶ»-ին ու ուզում է ամեն գնով «ԿամԱԶ» գնել, դրա համար էլ մրցույթը «կարել» են բացառապես «ԿամԱԶ»-ի հագով․ այնպիսի տեխնիկական պարամետրեր են սահմանել, որը հատուկ է միայն «ԿամԱԶ»-ին, եւ այլ ընկերություն մասնակցի էլ, հաղթելու շանս չի մնում։ Եթե վերանանք քաղաքապետարանի ռոմանտիկ զեղումներից, որ շատ են սիրում ռուսական «ԿամԱԶ» մակնիշը, առանց դրա կյանք չունեն, եւ տեղափոխվենք ավելի ռեալ, գործնական դաշտ, ապա, ամենայն հավանականությամբ, Հայկ Մարությանն ու վարչապետի օգնական Արտաչոկը խոստացել են ռուսական «ԿամԱԶ»-ին, որ իրենցից պետք է ձեռք բերեն այդ 24 մեքենան։ Գուցե արդեն պահեստում կան այդ մեքենաները, այլ ոչ թե պետք է նոր ստեղծվեն, չի բացառվում՝ դրանք դուրսգրման ենթակա կամ ինչ-ինչ չափանիշներից դուրս մեքենաներ են, օրինակ՝ հնարավոր է, որ  «Եվրո 3» ստանդարտի են, ոչ թե «Եվրո 5», որն ուզում են «սաղացնել» Հայաստանի վրա, արանքում էլ գուցե ոմանք ֆինանսապես լավ օգտվեն։

Սրանք ենթադրությունների դաշտից են, բայց միանգամայն տրամաբանական՝ դատելով քաղաքապետարանի անտրամաբանական ու ծածուկ գործողություններից։ Այս պահին գործընթացը կասեցված է, քանզի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ընկերությունը բողոքարկել է մրցույթի պահանջները, ու հիմա գործը դատական փուլում է։ 

Բարձրացնելով այս հարցը վարչապետի մոտ ու նրա ուշադրությունը հրավիրելով այս հանգամանքի վրա՝ նկատեցինք, որ մեկ այլ դեպքում սա իրավական ընթացք կստանար, իրավապահներն անպայման քայլեր կձեռնարկեին, հիմա մնացել է անհետեւանք։ 

«Հիմա, եթե իրավական արձագանքի խնդիր կա, մեր էս խոսակցությունը գնում ա ուղիղ եթերում, եւ եթե Դուք գտնում եք, որ էդտեղ կա չարաշահում, թող իրավապահները գնան ստուգեն, պատասխան տան։ Համենայնդեպս, ես կարծում եմ, որ եթե տենց խնդիր կա, էդ մարմինները պետք ա արձագանքեն»,- երեկ ասուլիսում ասաց վարչապետը։

Այստեղ ուշագրավ է պարոն Փաշինյանի ձեւակերպումը՝ «եթե Դուք գտնում եք, որ էդտեղ կա չարաշահում»։ Փաստորեն, ըստ Փաշինյանի, մենք՝ որպես լրագրող, պետք է գտնենք՝ այդտեղ չարաշահում կա՞, թե՞ ոչ։ Ու եթե մենք գտնենք, որ կա, իրավապահները կարող են դրան իրավական ընթացք տալ, եթե գտնենք, որ չկա, իրավական ընթացք չեն տալու։ Քանի որ պարոն վարչապետն այդպիսի լայն լիազորություններով է օժտել մեզ ու վստահում է մեր իրավական պրոֆեսիոնալիզմին, որ կարող ենք այս կամ այն գործում «գտնել չարաշահում», ուրեմն, որպես կարծիք, մեզ թույլ կտանք պաշտոնապես հայտարարել՝ այո, մենք գտնում ենք, որ կա այդտեղ չարաշահում, պարոն վարչապետ եւ հարգելի իրավապահներ, ուստի գնացեք, ստուգեք եւ պատասխան տվեք։ Հուսով եմ՝ կանսաք վարչապետի հորդորին եւ անմիջապես գործի կանցնեք։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանին ու իրավապահներին թյուրիմացության մեջ չգցելու եւ մեզ վրա այդքան պատասխանատու բեռ չվերցնելու համար պետք է նկատենք, որ մենք՝ որպես լրագրող, «չարաշահում գտնող» մարմին չենք, մենք փաստերն արձանագրող ու դրանք իրար կապող, դրանց վերաբերյալ տեղեկատվություն փնտրող, տարածող ու վերլուծող «մարմին» ենք։ Իսկ կա՞ չարաշահում, արդյոք, մեր հրապարակած փաստերի մեջ, թե՞ չկա, դա արդեն իրավապահ մարմինների գործն է՝ նրանց անկախությունից, պրոֆեսիոնալիզմից եւ քաղաքական հրահանգներ ստանալ-չստանալու հանգամանքից է կախված։