Նա ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ, ոչ էլ անգամ հայամետ, ու դա գլուխ գովելու բան չի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել CNN primanews հեռուստաընկերությանը, որը նկարահանվել է մայիսի սկզբին՝ Պրահա այցի ընթացքում: Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ նա ասել էր, թե այդ հարցում Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ։
«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք», - ասել է Փաշինյանը։
Այս և այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
- Նիկոլ Փաշինյանն ըստ էության հերթական անգամ «քար» է նետում Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ: Հայաստանն ու Արցախն այսօր փաստացի մեծ վտանգի առաջ են կանգնել, սակայն մեր միակ դաշնակից պետության մասին, երկրի ղեկավարի մակարդակով, արվում է նման հայտարարություն: Ի՞նչ վտանգներով է հղի այս հայտարարությունը և վերջապես ի՞նչ նպատակով նման խոստովանություն արեց Նիկոլ Փաշինյանը:
- Փաշինյանի այս հայտարարությունն այն բանի հրապարակային փաստումն է, որ Հայաստանը հերթական անգամ սեպ է խրում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ: Ի դեպ, սա առաջին անգամ չէ, Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Հայաստանը չի պատրաստվում դաշնակցային գործողություններ իրականացնել: Ասեմ ավելին` Հայաստանն այն երկրներից է դարձել, որոնք զուգահեռ ներկրում են ապահովում ՌԴ-ի համար այն ապրանքանիշերից, որոնք Ռուսաստան չէին ներկրվում անմիջապես Եվրամիությունից և ԱՄՆ-ից: Բայց երբ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մեկնեց Գերմանիա, նրան ասացին, որ լուրջ խնդիրներ են այդ առումով առաջացել և որ Հայաստանն այդ պրոցեսը պետք է դադարեցնի: Դրանից անմիջապես հետո, երբ Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Հայաստան էականորեն այս պրոցեսի ընթացքը փոխեց: Ղարաբաղի հարցից զատ, հավանաբար եղել են վերջին շրջանում այս առումով խոսակցություններ, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային ձևով կրկնել, որ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանին` ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում: Հավանաբար Արևմուտքից նման պահանջ է դրվել, իսկ ահա Փաշինյանն իրականացրել է այն: Արևմուտքի համար սա կարևորագույն հարց է: Ինչ վերաբերում է այս հայտարարության վտանգավոր կողմին, ապա պետք է ֆիքսենք, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ այնքան սառը վիճակում են, որ մեկ վտանգավոր քայլ ավել, մեկ վտանգավոր քայլ պակաս ոչինչ չի փոխելու, ոչ հարաբերություններն ավելի կսառեն դրանից, ոչ էլ կտաքանան:
- Նիկոլ Փաշինյանն իբրև մի մեծ դիվանագիտական ձեռքբերում հայտարարեց, որ Ռուսաստանում իրեն համարում են արևմտամետ, իսկ ահա Արևմուտքում` Ռուսամետ: Սա վարչապետը, կարծես, հաջողություն է համարում:
- Իրականում դա ոչ թե դիվանագիտական ձեռքբերում է, այլ դիվանագիտական մեծագույն կորուստ: Եթե դու ոչ մեկի կողմից չես ընկալվում, եթե քեզ ոչ մեկը չի վստահում, դա արդեն իսկ վտանգավոր է: Ի դեպ նման հայտարարություն նա արել է նաև 2020 թվականի պատերազմից առաջ` Վլադիվաստոկում: Նա ոչ արևմտամետ է, ոչ ռուսամետ, ոչ էլ անգամ հայամետ: Այնպես որ ոչ մի ձեռքբերում չկա այստեղ և եթե մարդ գոնե մի փոքր դիվանագիտական գիտելիքներ ունենա, այդ մասին չի խոսի, չի բարձրաձայնի, որ նման խնդիր կա: Փաստացի նրան բոլոր կողմերը կասկածում են, նշանակում է` տեղիք է տվել: Գլուխ գովալու բան չկա այստեղ:
- Ինչի՞ արդյունք է, Փաշինյանին արտաքին ուժերը չեն վստահում:
- Իր կողմից վարված քաղաքականությունն է պատճառը, եթե մի երկրի ղեկավար մի տեղ մի բան է ասում, մի տեղ լրիվ այլ բան, սա արդեն խոսում է այդ մարդու անկայուն գործունեության մասին. ոչ այստեղ, ոչ այնտեղ: Արդյունքում ունենք ստորացված ու ոչնչացվող Հայաստան:
- Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Այս հանդիպումն ինչի՞ մասին էր, ո՞րն էր առանցքը: Ի՞նչ արդյունքներ արձանագրեցինք:
- Հանդիպումն իբրև Արցախի մասին է: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մեծ ձեռքբերում են արձանագրել երկու երկրները, որոշել են 75 թվականի քարտեզով առաջնորդվել: Այս կերպ նա ևս մեկ անգամ փաստում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում: Այսինքն` կես քայլ առաջ ինչ-որ պրոցեսներ ասպարեզ են գալիս, սակայն հարցի վերջակետը կախված է ռուս-ուկրաինական պատերազմից: Արցախի հարցը ոչ Երևանում, ոչ Բաքվում, ոչ էլ Արևմուտքում չի լուծվում, այն լուծվելու է ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Ռուսաստանի հաղթանակի դեպքում հնարավոր է հարցի որոշակի լուծում:
- Հուլիսի 21-ին էլ հանդիպում տեղի կունենա Բրյուսելում: Այն ինչի՞ մասին է լինելու:
- Արևմուտքը ցանկություն ունի, որ Արևմուտքում տեսնի խաղաղության պայմանագրի կնքումը, որը ձեռնտու է միայն Արևմուտքին, որովհետև նույն Արևմուտքի ծրագրով փակվում է Արցախի հարցն ընդհանրապես, ինչի արդյունքում Ռուսաստանը զրկվելու է Հարավային կովկասի վրա ազդեցություն ունենալու պրոցեսից:
- Ստացվում է, որ Արցախի հարցը կլուծվի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո՞:
- Այո, որովհետև Իլհամ Ալիևը գիտի, որ եթե Ռուսաստանն ունեցավ հաջողություն, ապա ինքը ստիպված է լինելու Ռուսաստանի ցանկությունների հետ հաշվի նստել: Արևմուտքը մեծ տնտեսական կապեր ունի Ադրբեջանի հետ, սակայն Ռուսաստանի հաղթանակի արդյունքում չի էլ կարող շրջանցել Ռուսաստանի ցանկությունները:
- Ինչո՞վ եք այդքան վստահ, որ Ռուսաստանը հօգուտ Հայաստանի է որոշում կայացնելու:
- Ռուսաստանը երբեք հօգուտ Հայաստանի որոշումներ չի կայացնելու, և ոչ էլ հօգուտ Ադրբեջանի, Ռուսաստանի որոշումները մշտապես լինելու են հենց հօգուտ Ռուսաստանի, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար: Արևմտյան տարբերակը ոչ մի դեպքում չի կարող մեր շահերից բխել: Ռուսական տարբերակով գոնե Արցախի հարցը մնում է անորոշ:
Կարծիքներ