Համահայկական խաղերն այս տարի կկայանան Արցախում

Համահայկական խաղերն այս տարի կկայանան Արցախում

 

Մարտի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է Համահայկական յոթերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկել են խաղերի կազմակերպման հետ կապված տարաբնույթ հարցեր և հստակեցրել շահագրգիռ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների շրջանակը:

Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Այս տարի լրանալու է խաղերի անցկացման 20-ամյակը և ակնկալվում է մարզիկների աննախադեպ մասնակցություն, ինչի մասին է վկայում նախնական հայտերի մեծ քանակը: Ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձև, որից 14-ը օլիմպիական են:

Հիշեցնենք, որ Համահայկական խաղերի կազմկոմիտեի նախագահը Իշխան Զաքարյանն է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին ղեկավարը։ Ի դեպ, համահայկական խաղերի համար պետբյուջեից գրեթե գումար չի հատկացվում՝ հանգանակությունները կատարում են բարերաները։