Գյումրիում մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը չի բարձրանա

Գյումրիում մանկապարտեզների աշխատողների աշխատավարձը չի բարձրանա

Այսօր Գյումրու ավագանու նիստին ԲՀԿ ավագանու անդամ Սուսաննա Աստոյանը հարց բարձրացրեց, թե առաջիկայում համայնքապատկան նախադպրոցական հաստատությունների աշխատողների  աշխատավարձի բարձրացում քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է անել, թե՞ ոչ։

Հարցը քաղաքապետ Սամվել Բալասնյանի համար ցավոտ էր, ի պատասխան ասաց, որ 2 մլրդ դոտացիայով իրենք, բնականաբար, չեն կարող աշխատավարձ բարձրացննել, որքան էլ որ այն անհրաժեշտ է, և հենց այստեղ քաղաքապետը, փոքր-ինչ չզսպելով զայրույթը, հիշեց Շիրակի մարզում ընտրված ԱԺ պատգամավորներին և վերջին միջադեպը, որը տեղի ունեցավ վարչապետի՝ Գյումրի այցի ընթացքում։ 

«Մեր ԱԺ պատգամավորները որոշում  ընդունեցին, որ ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանալու է, բայց որևէ մեկը առաջարկ չարեց մարզերի հետ կապված։ Մենակ դուրս են գալիս փողոց, թոզից են խոսում, մինչդեռ պիտի պայքարեն Գյումրու համար, որ քաղաքին շատ դոտացիա տրամադրվի։ Վերջը պիտի կառուցվի տուրիստական լուսավոր քաղաք։ Մեր ուժերով մոտ 40 տրանսպորտ ենք բերել․ չտեսնելու բան է»,- ասաց նա՝ մարզից ընտրված պատգամավորներին հիշեցնելով իրենց պարտականությունները։

Հիշեցնենք, որ վերջերս վարչապետի Գյումրի այցի ժամանակ տհաճ միջադեպ գրանցվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի մարզից ընտրված «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանի միջև, վերջինս վարչապետի ներկայությամբ դիտողություն էր անում քաղաքապետին փողոցների քարուքանդ լինելու համար։