Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական հենարանները

Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական հենարանները

Դեռեւս ամիսներ առաջ մի շատ փորձառու քաղաքական գործիչ, ով ուշադիր հետեւում է հայաստանյան քաղաքական գործընթացներին, հետաքրքիր միտք հայտնեց․ «Նիկոլ Փաշինյանը մի «փրկություն» ունի՝ երկրում եւ քաղաքական դաշտում կոնսոլիդացիայի աննախադեպ գործընթաց սկսելը։ Հակառակ դեպքում ժողովրդի վստահության քվեն գնալով նվազելու է, դժգոհ խմբերն ավելանալու են, եւ մի օր պարզվելու է, որ նա հենարան չունի իր երկրում, եւ անգամ իր թիմում այնքան դժգոհություններ են կուտակվել, որ իր հեռացումն ընդամենը տեխնիկական խնդիր է՝ մի քանի հստակ կազմակերպված քայլ պահանջող»։
Անշուշտ, դեռ կան շարքային մարդիկ եւ ֆեյսբուքներում էլ ինչ-որ իրական կամ անիրական զանգված, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, ասելով՝ «թողեք աշխատի»։ Անշուշտ, ուժային կառույցներն ու իրավապահները դեռ ենթարկվում են նրան եւ նրա ընդդիմախոսների դեմ քայլեր են ձեռնարկում, սակայն այստեղ էլ գնալով նվազում է համոզվածությունը, որ իշխանության անօրինական հրահանգները կատարելը ճիշտ ճանապարհ է, մանավանդ ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունից եւ հեռանալուց հետո։ Ընդդիմախոսներն էլ սկսում են այլեւս  չվախենալ քրեական հետապնդումներից՝ կալանքից ու մեղադրանքներից, քանի որ նախ ամեն ինչի հանդեպ մարդիկ իմունիտետ են ձեռք բերում, կյանքը ցույց է տալիս, որ «սատանան այդքան վախենալու չէ, ինչքան թվում է»՝ կարելի է անգամ բանտ ընկնել, բացի այդ՝ սա 1995 թիվը չէ, որ տարիներով մարդուն պահեն բանտում՝ փաստաբան կա, իրավապաշտպաններ կան, մամուլ կա, միջազգային կառույցներ կան, վերջապես՝ Եվրադատարան կա։ Ինչ-որ ժամանակ անց, եթե մարդու մեղքը շատ մեծ չէ, հնարավոր է լինում նրան ազատել կալանքից կամ փրկագին վճարելով՝ ազատություն «գնել»։ Ծայրահեղ դեպքում՝ նստելն էլ մեծ ողբերգություն չի համարվում, ինչպես ասում են, դա էլ կանցնի։ Բայց հետապնդումների «նստվածքը կմնա»։ Այսինքն՝ բոլոր այդ անձինք ու նրանց մերձավորները դառնալու են իշխանությունների եւ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հակառակորդն ու անձնական թշնամին եւ ամեն ինչ անելու են նրա հեռացման օրը մոտեցնելու համար։ Սակայն դա էլ չէ կարեւոր, այլ այն, թե ինչպես է մտածում հանրությունը մեծ հաշվով, եւ ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը բավարար քաղաքական հենարան։
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչից-ումից է կազմված վարչապետ Փաշինյանի քաղաքական հենարանն այսօր։ Առաջին հերթին սա, բնականաբար, իր ղեկավարած քաղաքական ուժն է՝ «Քաղպայմանագիր» կուսակցությունը, որը, եթե անկեղծ լինենք, այդպես էլ քաղաքական ուժ չի դառնում։ Նախ, այն իմաստով, որ վառ անհատականություններ չեն ձեւավորվում։ Անգամ բարձր պաշտոնները ՔՊ անդամներին չտվեցին այն ուժը, պլատֆորմը, որ նրանք կայանան եւ իրենց ծանրակշիռ դերակատարումն ու խոսքն ունենան երկրում։ ԱԺ նախագահի պաշտոնն այդ «ուժը» չհաղորդեց Արարատ Միրզոյանին, տարածքային կառավարման նախարարի եւ ՔՊ կուսակցության նախագահի պաշտոնը՝ Սուրեն Պապիկյանին, 4 նախարարության միավորումը՝ Արայիկ Հարությունյանին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի շատ գորշ կարդինալի վերածվեց ու անհետացավ քաղաքական օլիմպոսից։ Արսեն Թորոսյանն առողջապահության համակարգի ու խորհրդարանի հետ հակամարտություններից աչք չի բացում։ Էդուարդ Աղաջանյանին առհասարակ բոլորը մոռացել են։ Ռուբեն Ռուբինյան, Արեն Մկրտչյան, Հակոբ Սիմիդյան, Լիլիթ Մակունց, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան եւ այլք վերածվել են Նիկոլ Փաշինյանին երկրորդողների, նրա թաքուն եւ բացահայտ հրահանգները կատարողների, լավագույն դեպքում՝ 88 հոգանոց խմբակցության վերակացուների, որոնք հազիվ են կարողանում պահպանել թիմի երեւութական միասնությունը։ Իսկ որ թիմը միասնական չէ, ավելին՝ պառակտված է բազում խմբերի, որոնք ոչ թե չեն սիրում իրար, այլ ուղղակի ատում են այնքան, որ ոմանք իրար հետ չեն շփվում, հազիվ բարեւում են։ Եվ այս թիմին պահում է մի կողմից Նիկոլ Փաշինյանի դիկտատը, մյուս կողմից՝ հեղափոխությունից հետո անսպասելի ստացած ու ոչնչով չարդարացված կարգավիճակը կորցնելու հանդեպ վախը։ Թիմը գաղափարական չէ, կուռ չէ եւ մտավախություն ունի, որ ամեն րոպե կարող է սայթաքել եւ Փաշինյանի զայրույթը հարուցել ու զրկվել հանկարծահաս հաջողությունից։ Այս ամենից հետեւում է, որ նրանք չեն կարող հենարանի դեր կատարել իրենց առաջնորդի համար։ Նրանք գործիքներ են, որոնց միջոցով Փաշինյանն իրականացնում է իր ծրագրերը։ Ընդ որում՝ ոչ այնքան հմուտ գործիքներ։
Հիմա տեսնենք, թե ուրիշ ինչ քաղաքական ուժեր կան երկրում, որոնք այս կամ այն կերպ կարող են Փաշինյանի հենարանի դերը խաղալ։ Թվում էր՝ առաջինը նման հավակնություն եւ շանսեր ուներ Հայ ազգային կոնգրեսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Այս ուժը, ճիշտ է, ժամանակին շատ լուրջ հակասություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հեղափոխությունից հետո այդ հակասությունները ծալել-դրել էին մի հեռավոր դարակում, քանի որ երկուստեք շահը ստիպում էր համագործակցել։ Տեր-Պետրոսյանը եւ իր թիմը հասկանում էին, որ սա միակ իշխանությունն է, որը կիրականացնի իրենց ծրագիրն ու քաղաքականությունը, եւ միակ տարբերակն է, որի պարագայում իրենք կարող են մասնակից դառնալ երկրի կառավարմանը, ապագայում խորհրդարան մտնելու, ինչու չէ՝ հեռավոր ապագայում նաեւ իշխանությունը ժառանգելու իմաստով։ Ուստի ենթադրում ենք, որ հենց առաջնորդի հրահանգով ՀԱԿ-ն ու նրա համակիրները սկսեցին Նիկոլ Փաշինյանին աջակցելու, պաշտպանելու, քարոզելու լուրջ գործընթաց։ Բավական է միայն հետեւել, թե սոցցանցերում ինչ տաժանակիր աշխատանք են կատարում նրանք այս մեկուկես տարվա ընթացքում, համոզվելու համար, որ սա ծրագրային վարքագիծ է։ Այս թիմից ոմանց անգամ բավականին պատասխանատու պաշտոններ առաջարկեց Փաշինյանը, օրինակ՝ Վլադիմիր Կարապետյանին, Անդրանիկ Քոչարյանին։ Կարող ենք արձանագրել, որ ՀԱԿ-ը հեղափոխությունից եւ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց առաջին ուրախացողներից էր։ Եվ պատահական չէ, որ հենց առաջին փուլում Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնեց հանդիպել Փաշինյանին։ Սակայն այդ հանդիպումից հետո ՀՀ վարչապետի հայտարարությունները, թերեւս, առաջին ազդակն էին, որ ՀԱԿ-ի «ժողովրդին» հիասթափություն է սպասվում։ ՀՀ առաջին նախագահի հետ հանդիպելուց հետո Փաշինյանը մեծամտաբար հայտարարեց, որ հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի խնդրանքով, զրուցել են Ղարաբաղի թեմայով, եւ ինքը «ոչ մի նոր բան չի իմացել»։ Հետո արդեն սկսեցին այլ լուրեր տարածվել, թե Նիկոլ Փաշինյանը չի շփվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, չի խորհրդակցում, նրա եւ առհասարակ որեւէ մեկի խորհրդի կարիքը չի զգում։ Բայց քանի որ Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը մտածողությամբ եւ տեսակով բավականին նման էին, բացի այդ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ու նրանց ժամանակաշրջանի գործերի ու գործիչների հետեւից ընկած Փաշինյանը համառորեն շրջանցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա ժամանակը, ուստի սկսեցին աջ ու ձախից քննադատություններ հնչել, թե՝ եթե բացահայտում եք վերջին 20 տարին, ինչո՞ւ չեք անդրադառնում 98-ից առաջ տեղի ունեցածին։ Նիկոլ Փաշինյանին հանդիմանում էին, թե իր հոգեւոր հայրը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, նրա քաղաքականությունն է առաջ տանում եւ մասնավորապես՝ Ղարաբաղի հարցում, ուստի ինչ-որ պահի վարչապետը որոշեց տարանջատվել ՀՀ առաջին նախագահից եւ հայտարարեց, որ 96-ից սկսած՝ կեղծիքով իշխանությունը գրաված նախագահները «չարիք» են եղել այս երկրի համար։ Ոմանք ծափահարեցին այս խոսքերը, իսկ «լեւոնականները» սկսեցին խոսել, որ նա ինքն է չարիքը, դրան գումարած «երախտամոռ է ու քցող»։ Այնպես որ՝ ՀԱԿ-ը որպես քաղաքական հենարան եթե անգամ չդադարեց գոյություն ունենալ, ապա որոշակիորեն սասանվեց։
Հաջորդ ուժը, որը քաղաքական հենարանի հայտ էր ներկայացրել, Արամ Սարգսյանն է՝ իր «Հանրապետություն» կուսակցությունով։ Նրանք հեղափոխությունից հետո Արտակ Զեյնալյանին կառավարություն գործուղեցին, բայց անգամ նրա պաշտոնաթողությունից հետո շարունակում են պաշտպանել Փաշինյանին՝ հավանաբար հույս փայփայելով, որ իրենց ծառայություններն ու նվիրվածությունը կգնահատվեն։ Սակայն վերջերս Արամ Սարգսյանի հարցազրույցներից մեկում բողոքի նոտաներ նկատվեցին․ խոսելով Արթուր Վանեցյանի մասին՝ նա ուղիղ տեքստով հանդիմանում էր Փաշինյանին, թե՝ «մենք ո՞վ ենք, ինքը Վանեցյանին» էր սիրում-գնահատում։
Մյուս ուժը, որը նույնպես փորձեց մերձենալ իշխանություններին, «Սասնա ծռերն» էին, որոնց հետ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումը հանրությունը միանշանակ չընդունեց։ Եվ տպավորություն է, որ այդ հանդիպումն այդպես էլ մնաց «ձայն բարբառո հանապատի»։ Համենայնդեպս, համագործակցությունը եթե անգամ կա, կուլիսային բնույթ ունի, հրապարակային չէ։ «Ծռերի» դիրքերը երկրում չեն ամրապնդվում, վարկանիշը չի աճում, հետեւորդների քանակը չի մեծանում։
Եվս մի քաղաքական ուժ կարող ենք հենարանների շարքում մատնանշել՝ ՔՈ։ «Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցությունը, որն ավելի շատ բնապահպաններից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից է կազմվել, հեղափոխությունից հետո իշխանություններին մեղմ քննադատելու եւ երբեմն սատարելու տակտիկան է բանեցնում։ Սակայն այս կուսակցությունը նախ մեծաթիվ ու կայացած չէ, երկրորդը՝ ցանկացած պահի կարող է կտրուկ դիրքորոշում որդեգրել, օրինակ՝ Ամուլսարի հետ կապված կառավարության դրական պահվածքի դեպքում։
Քաղաքական չասենք, բայց հանրային հենարանի մի խումբ էլ կազմում են «սորոսական» համարվող ՀԿ-ներն ու հանրային դեմքերը, որոնց հանդեպ վերջին մեկ տարում հասարակական նեգատիվ վերաբերմունք է ձեւավորվել, եւ նրանց միակ հույսն ու ապավենը գործող իշխանությունն է ու վարչապետը։ Թեեւ, պետք է արձանագրենք, որ նրանք էլ դժգոհելու պատճառներ ունեն գործող իշխանություններից։
Եթե ամփոփելու լինենք, թե որոնք են եւ ինչքան կշիռ ունեն Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական հենարանի դեր կատարող ուժերը, պետք է նկատենք, ինչպես ռուսն է ասում՝ «նե գուստը»։ Պարզապես Փաշինյանին եւ նրա իշխանությանը փրկում է այն, որ քաղաքական այլընտրանք, ուժեղ ընդդիմություն երկրում այսօր չկա։


Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ