Ուլնեցի փողոցում բազմաբնակարան 4 շենք է կառուցվելու՝ ինչի՞ դիմաց

Ուլնեցի փողոցում բազմաբնակարան 4 շենք է կառուցվելու՝ ինչի՞ դիմաց

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանն ԱՄՆ-ում բնակվող իր եղբոր եւ այլ գործընկերների հետ Երեւանի Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցու փողոցում բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Խոսքը 4 բազմահարկ շենքի մասին է, որի վերաբերյալ, սակայն, քաղաքապետարանը մեծ դժվարությամբ է շինթույլտվություն տվել։ Ըստ մեր տեղեկությունների՝ կառուցապատողից խոշոր փոխհատուցում են պահանջել, որպեսզի շինթույլտվությունը տան, ինչին չեն համաձայնել։ Բայց ի վերջո համաձայնությունը կայացել է հայտնի չէ ինչի դիմաց։ «ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունից հետո մենք կարող ենք մեզ թույլ տալ կասկածելու, որ նման թանկ, խոշոր ձեռնարկներից ոչ մեկը քաղաքում հենց այնպես չի կայանում։ Այս շինարարությունը մեկ այլ խնդիր էլ ունի՝ դրա դեմ բողոքել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղայրը՝ Արեգ Ղուկասյանը։ Արմեն Սաքապետոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շինթույլտվությունը ստացել են սեպտեմբերի 29-ին։ Ինքը կառուցապատող ընկերությունում բաժնետեր չէ, այլ՝ ԱՄՆ-ում բնակվող իր եղբայրն ու եւս մեկ անձ, ինքն ուղղակի իրեն պատկանող «Estate investment and development» եւ «Universal business solution» ընկերությունների միջոցով այդ կառուցապատման մենեջմենթը՝ կառավարումն է իրականացնում եւ իրավաբանական ու ֆինանսական աշխատանքները։ Իսկ բուն կառուցապատող ընկերությունը «Basic investment and development»-ն է։

- Հե՞շտ են տվել այդ թույլտվությունը, մեր տեղեկությամբ՝ սկզբում չեն ցանկացել տրամադրել։

- Ոչ թե չեն տվել, այլ մենք էնտեղ խնդիրներ ունեցել ենք մեր հարեւանների հետ, ներքեւի սեփական տների բնակիչներն էին բողոքում, ասենք՝ Լիսկան (Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ խմբ․) էր բողոքում, Արկադի Ղուկասյանի եղբայրն էր բողոքում, ասում էին՝ թույլ չենք տալիս շենք սարքեք։ Իմաստն էլ այն էր, որ իբրեւ թե իրենց տների բակերը երեւում են, բայց իրենց տները, ասենք, ամենամոտիկ տունը 150 մետր է հեռու, հետո՝ մեր շենքը խառը կառուցապատման գոտիում էր, իրենցը բնակելի առանձնատների գոտի էր։ Այսինքն՝ օրենսդրական որեւէ կետ մենք չէինք խախտում, բայց ալամ աշխարհին իրենք գրում էին նամակներով։ Բայց միայն իրենք չէ, էնտեղ լիքը մարդիկ կային էլի, որ բողոքում էին։ Էդ խնդիրն էր, որ քաղաքապետարանում երկար ժամանակ քննարկվեց, քանի որ վիճելի հարցեր կային, այդ թվում՝ նաեւ մեծ նախագիծ է, 4 շենք է լինելու։ Մեզ ասացին, որ պետք է սպասենք, որպեսզի քաղաքաշինական խորհուրդ էր ձեւավորվում, էդ խորհրդում քննարկվի։ Էդ պահին էլ քաղաքաշինական խորհուրդը չէր ձեւավորվել, որ մեկ-երկու ամիս սպասել ենք։ Պրոցեսը սկսվել էր փետրվար-մարտ ամսից։ Հետո խորհուրդը ձեւավորվեց, էնտեղ քննարկվեց, եւ 15 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ ձայներով մեր նախագիծը հաստատվեց։ Ու դրանից հետո արդեն «ԱՊԶ»-ն (ճարտարապետական առաջադրանք) տվեցին, ֆորմալ մենք մեր գործընթացները սկսեցինք, մեզ տվեցին շինթույլտվություն՝ մինչեւ զրոյական մակարդակը կառուցելու, մինչեւ հիմնական շենքի համալիր փորձաքննություններ եւ այլն․․․ հիմա էդ պրոցեսի մեջ ենք։

- Իսկ նախագծով քանի՞ հարկանի պետք է լինեն շենքերը։

- Մենք նախատեսել էինք 17 հարկ, քաղաքապետարանը մի հարկ կրճատեց, սարքեց 16։ Մի հատվածում երեք շենք է, մի հատվածում՝ մեկ շենք։

- Քաղաքապետարանից ինչ-որ բան պահանջե՞լ են ձեզնից դրա դիմաց։

- Որեւէ մեկը որեւէ բան չի պահանջել, որ պահանջեն էլ, մենք էդպես հեշտ հանձնվող չենք, ես չգիտեմ՝ պրոցեսներն ընդհանուր բարդ են անցել՝ երկու պատճառով․ մեկը, որ իրենց պաշտոնավարման սկզբնական շրջանն էր, լիքը գործեր էին կուտակվել, հետո՝ էդ բողոքները կային, դրա հետ կապված պրոցեսները դանդաղեցին։ Բայց դե, մենք էլ ենք հասկացել, ամեն դեպքում, ինչ-որ արդյունքի հասել ենք, ինչ-որ ոսկե միջին գտել ենք, էլի։ Ես ինքս չեմ ներդրողը, մեր հիմնական բաժնետերն Ամերիկայի քաղաքացի է, որն էստեղ ներդրումներ է անում, մի նախագիծ էլ ունի Դավթաշենում, որը շուտով ավարտում է։

- Պարզապես երեկվանից աղմուկ է բարձրացել մամուլում, որ շատ գործարարներ, կազմակերպություններ քաղաքապետարանին աղբատար «ԿամԱԶ»-ներ նվիրելով են շինթույլտվություններ ստացել, գուցե ձեզնից է՞լ են ինչ-որ բան պահանջել։

- Չէ, տեսեք, նախ մեզնից որեւէ բան չեն պահանջել, մեր իրավագիտակցությունը բավականին բարձր է, որ մեզնից պահանջեն, մենք գիտենք ինչ կասենք։ Բայց, անկախ ամեն ինչից, Ձեզ պարզ ասում եմ՝ ոչ հիմա, բայց ընթացքում մենք մեր մեջ որոշել ենք, որ էդ շենքից, օրինակ, կարող է մի բնակարան տանք որեւէ ազատամարտիկի ընտանիքի, մի բնակարան տանք, ասենք, որեւէ զոհված զինծառայողի ընտանիքի, մի բնակարան տանք, օրինակ, վթարային շենքի մի բնակչի։ Դա՝ մեր կամքով, բայց ոչ հիմա։ Մենք հիմա որեւէ մեկի հետ ո՛չ որեւէ պարտավորվածություն ունենք, ո՛չ պայմանավորվածություն։ Այսինքն՝ մենք հետագայում ինչոր կանենք, դա մեր սրտի ցանկությունն է, այնպես, ինչպես, սահմանամերձ գյուղերում անհատական մարդկանց համար մեր միջոցներով տներ ենք սարքում՝ առանց որեւէ մեկի ասելու։

- Բայց մենք լսել ենք, որ քաղաքապետարանը ձեր առաջ պայմաններ է դրել, պահանջներ։

- Որեւէ մեկը մեր առջեւ որեւէ պարտավորություն կամ խնդիր չի դրել։ Գործընթացը շատ բարդ է եղել, հենց էսօր եմ իմացել, որ մեր վերեւի, թե կողքի հարեւանները դատարան են դիմել, մենք հիմա էդ խնդիրների մեջ ենք իրենց հետ, փորձում ենք բանակցել։

- Իսկ դուք հիմա բոլոր այդ չորս շենքերի կառուցման շինթույլտվությունն էլ ունե՞ք, թեկուզ զրոյականի։

- Չէ, տեսեք, քանի որ 1500 քառակուսի մետրից ավելի շինաշխատանքներ կատարելը ենթակա է փորձաքննության, մենք մի հողի վրա, որտեղ որ 3 շենք պետք է սարքվի, էդտեղ ունենք շինթույլտվություն՝ մեկ շենքի հողամասը քանդելու եւ հիմնակմախքային աշխատանքներ կատարելու։ Այսինքն՝ երեքից մեկի մասով ունենք զրոյական եւ չորրորդ շենքի մասով ունենք էլի զրոյական, որը որ առանձին հողակտորի վրա է, ինչը որ հիմա անում ենք։ Երեւի երկուշաբթի պիտի դիմենք արդեն Քաղաքաշինության կոմիտե, որ էդ համալիր փորձաքննությունն էլ անցնենք։ Մի 15 օր էլ դա է տեւելու։ Դրանից հետո պիտի դիմենք քաղաքապետարան, որ ամբողջ էդ համալիրի վերջնական կառուցման թույլտվությունը տան, գնանք մեր գործերը շարունակենք։