Ես զարմանում եմ, լրագրողներին ո՞նց կարող ա խաբեն․ Զեյնալյան

Ես զարմանում եմ, լրագրողներին ո՞նց կարող ա խաբեն․ Զեյնալյան

ԱԺ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից, թե ինչ քայլեր են ձեռնարկում քրեակատարողական հիմնարկներից դատապարտյալների կողմից խարդախություններ բացառելու համար։ Թովմասյանը հիշեց, մարդ կա՝ մինչև հիսուն դրվագով խարդախություն են իրականացնում հեռախոսով, անգամ լրագրողներն են ընկել այս ծուղակը՝ դառնալով խարդախության զոհ դատապարտյալների կողմից։

«Տեսեք, մենք այսօր հայտնաբերել ենք 15 հատ բջջային հեռախոս կամ wi-fi-ի սարք։ Կա նաև տեսակետ, որ պետք է բոլորին թույլ տալ ունենալ բջջային հեռախոս, գուցե նաև սմարթֆոններ։ Հիմա Ձեր բարձրացրած հարցը հակասության մեջ է մտնում այդ տեսակետի հետ։ Ես չեմ կիսում այդ տեսակետը և տեսակետ չեմ հայտնում դրա վերաբերյալ»,-ասաց Զեյնալյանը։ Նա նկատեց, որ դատապարտյալները հեռախոսով իրականացնում են խարդախություն, այդ թվում՝ նաև լրագրողներին են խաբել։ «Ես զարմանում եմ, լրագրողներին ո՞նց կարող ա խաբեն»,-զարմացավ նախարարը։

Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց՝ լրագրողն էլ է մարդ, նրան էլ է հնարավոր խաբել։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ պիտի աշխատեն զբաղմունքով ապահովել դատապարտյալներին, որպեսզի նրանց էներգիան ուղղեն խաղաղ նպատակների։