Զորքերի դուրսբերման հետ կապված կոորդինացիոն խումբ է ստեղծվել

Զորքերի դուրսբերման հետ կապված կոորդինացիոն խումբ է ստեղծվել

Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ստեղծել են կոորդինացիոն խումբ, որը զբաղվելու է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ կապված հարցերով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարությունը։

Ըստ հրապարակման, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս հայտարարությունն արել է ԻՊ դեմ պայքարի ամերիկյան կոալիցիայի ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուն նաեւ ասել է, որ չնայած որոշակի ժամկետային ուշացումներ կան, սակայն նաեւ կա դրական տեղաշարժ։ Այդուհանդերձ, հասկանալի է մի բան, որ ամերիկացի զինվորականները այքան էլ չեն ձգտում շտապել Սիրիայից հեռանալու հարցում եւ շարունակում են աջակցել սիրիացի քրդական խմբավորումներին, որոնց թուրքական կողմը դիտարկում է որպես ահաբեկիչներ։