Անհիմն ակտ գրեցին, վարկեր վերցրինք ու սնանկացանք

Անհիմն ակտ գրեցին, վարկեր վերցրինք ու սնանկացանք
Մեխակ Գաբրիելյան

1990-95թթ․ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, գործարար Մեխակ Գաբրիելյանը թավշյա հեղափոխությունից հետո, 2018թ․ ամռանը դիմել էր իրավապահ մարմիններին։ 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հուլիսի 17-ին հաղորդագրություն էր տարածել․

«2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս: Հանցագործության մասին առերևույթ տվյալներ պարունակող հիշյալ հաղորդումը և ՊԵԿ հետաքննության վարչությունում առկա՝ դիմումին վերաբերելի փաստաթղթերը 2018 թվականի հուլիսի 17-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու նպատակով»:

Մենք տեղեկացանք, որ մի քանի ամիս ակտիվ քննությունից հետո այս գործը սառեցվել է եւ որեւէ քննչական գործողություն չի կատարվում, համենայն դեպս՝ նոյեմբերից սկսած։ Մեր հարցին, թե ինչ է կատարվել այդ գործով, Մեխակ Գաբրիելյանն ասաց․ «Հայց ներկայացրեցի, թե ինչպես ՊԵԿ նախկին նախագահի ապօրինի գործողությունների հետեւանքով սնանկացավ իմ ղեկավարած «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ն։ Հայցն ընդունեց Ազգային անվտանգության ծառայությունը, քրեական գործ հարուցեցին, սկսեցին քննություն իրականացնել, որը շարունակվում է մինչ օրս»։ «Գոլդեն Ֆիլդ»-ը ժամանակին, 2009 թվականից զբաղվել է արտադրական գործունեությամբ, արտադրել է ավտոմեքենաների բնական գազի բալոններ, իսկ գործարանը գտնվել է Հրազդան քաղաքում։ Ընկերության արտադրանքը, ըստ Մեխակ Գաբրիելյանի, ժամանակին արտահանվել է Իրան, Ռուսաստանի Դաշնություն։

Մեխակ Գաբրիելյանի հավաստմամբ՝ իր ընկերության դեմ անհիմն ակտ են գրել՝ 550 միլիոն դրամ տուգանք, իրեն եւ նախկին տնօրենին ենթարկել են վարչական տույժի՝ իբր թե ներմուծման ժամանակ թույլ ենք տվել մաքսային ռեժիմի խախտում։ «Սրանից զատ՝ արգելափակեցին նաեւ ընկերության մաքսային գործունեությունը, ինչը նշանակում էր ո՛չ ներմուծում, ո՛չ արտահանում։ Դրանով իրենք ինձ ահաբեկում էին։ 2013թ․ ակտ գրեցին, արգելափակեցին ՍՊԸ-ի գործունեությունը։ Բնականաբար, մեր ընկերությունը վարկեր էր վերցրել, չկարողացավ կատարել իր վարկային պարտավորությունները, վարկերը մարել, իսկ բանկն էլ իր բռնագանձումը տարածեց ընկերության ունեցվածքի վրա»։

ԳԽ նախկին պատգամավորը տեղեկացված է, որ ԱԱԾ-ն շարունակում է քննությունը, բայց դժվար է ասել, թե երբ կավարտվի այն։