Օֆշորային ընկերությունը դատի է տվել ՀՀ-ին․ նախարարությունում լիարժեք անտեղյակություն է

Օֆշորային ընկերությունը դատի է տվել ՀՀ-ին․ նախարարությունում լիարժեք անտեղյակություն է

Դուբայում գրանցված «Ռոսիա ՖԶԷ» ներդրումային ընկերության անունը շոշափվում էր 2013 թվականին, երբ հայտնի դարձավ, որ այն պատրաստվում է ներդրումներ կատարել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար։

Իրանական սահմանից դեպի Սեւանա լիճ ձգվող, այնուհետեւ գործող ճանապարհներին միացող երկաթգծի արժեքը մի քանի անգամ հաշվարկվել է՝ տարիների ընթացքում 1․33 մլրդ դոլարից հասնելով մինչեւ 3.2 մլրդ դոլարի։ Այս թիվը հայտարարվեց Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից։ 
«Ռոսիա ՖԶԷ»-ն ինչ-որ ժամանակ աշխատեց, բայց երկաթգծի կառուցումն այդպես էլ չսկսեց: Հետագայում էլ պարզվեց, որ օֆշորային այս ընկերությունն ու դրա ղեկավարներից մեկը՝ Ժոզեֆ Բարկովսկին, արբիտրաժային դատարան են դիմել՝ Հայաստանի դեմ: Արդարադատության նախարարությունից, ի պատասխան «Հրապարակի» հարցմանը, ընդամենը հայտնում են. ««Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը եւ Ժոզեֆ Բարկովսկին 2018-ի օգոստոսի 3-ին դիմել են Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID)՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ավելի քան 150 մլն դոլար՝ որպես ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին»: 

Ներդրողների համար Իրան-Հայաստան երկաթգիծը շահեկան չէր համարվում։ Տնտեսագետները կարծիք էին հայտնում, որ այն փոքր բեռնաշրջանառություն է ապահովելու, որ 20 տարուց ավելի է պետք, որպեսզի ներդրողի ծախսը վերականգնվի, հետեւապես, ոչ մի լուրջ ներդրողի այս նախագիծը չի կարող հետաքրքրել։ 

Կարծիքներ կային, որ օֆշորային «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը որպես կոնցեսիոն կառավարիչ ընտրելուն նպաստել է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ով եղել է ընկերության հովանավորը, եւ Բեգլարյանի հեռանալուց հետո ՀՀ-ում գործ անելու ընկերության հետաքրքրությունները մարեցին։ 

2011 թվականին՝ Գագիկ Բեգլարյանի նախարարության օրոք, ՀՀ կառավարությունը նույնիսկ հատուկ ընկերություն ստեղծեց՝ «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը պետք է զբաղվեր Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպմամբ եւ ստանար վարկային միջոցներ։ Ընկերությունը սկսեց բանակցությունները «Ռոսիա ՖԶԷ»-ի հետ, բայց ինչ-որ պահից դրանք դադարեցին, եւ 2017 թվականից ՓԲԸ-ն լուծարվեց՝ որպես ավելորդ օղակ։ Պետբյուջեի վրա դրա գործունեությունն արժեցավ 253 միլիոն դրամ, որից 185 մլն դրամը, տրանսպորտի եւ կապի նախկին նախարարներից Վահան Մարտիրոսյանի գնահատմամբ, ծախսվել էր երկաթգծի կառուցման համար կատարված ուսումնասիրությունների նպատակով։ Հետագայում «Ռոսիա ՖԶԷ»-ն կորավ տրանսպորտի նախարարության տեսադաշտից։

Նույն Վահան Մարտիրոսյանը հայտարարում էր, որ քննարկումներ են ընթանում այս ընկերության հետ։ 2018 թվականի սեպտեմբերին տրանսպորտի  հետհեղափոխական, անցումային նախարարներից Աշոտ Հակոբյանը, լրագրողների հարցերին պատասխանելով, պարզաբանեց, որ «Ռոսիա ՖԶԷ» ընկերությունը, կոնցեսիոն պայմանագրի համաձայն, 4 փուլ պետք է իրականացներ՝ ուսումնասիրությունների, ֆինանսական գնահատականների, շինաշխատանքների եւ շահագործման։ «Բայց նա կատարել է ընդամենը տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, որը ներկայացրել է նախարարություն, եւ դրա վերաբերյալ նախկինում կատարվել են բազմաթիվ դիտողություններ։ Դրանից հետո հրավիրվել է իր կոնցեսիոն պայմանագրի հարցերը քննարկելու, բայց նախարարության կողմից բոլոր հրավերները մնացել են անհետեւանք»։

Արդյոք նախարարությունը տուգանե՞լ է «Ռոսիա ՖԶԷ»-ին՝ պայմանագրային կետերը չկատարելու համար, նոր նախարար Հակոբ Արշակյանի աշխատակազմը տեղյակ չէ։ «Դա եղել է նախկին նախարարի օրոք։ Ոչինչ չեմ կարող հայտնել»,- ասաց Հակոբ Արշակյանի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը, թեեւ նա նաեւ Աշոտ Հակոբյանի մամուլի քարտուղարն է եղել։ Անահիտ Առաքելյանի հետ մեր երկխոսությունը փայլուն դիդակտիկ նյութ կարող է ծառայել «ինչպիսին չպետք է լինի խոսնակը» թեմայով թրեյնինգի համար։ Խոսնակը մեզ նախ խնդրեց գրավոր հարցեր ուղարկել, հետո որոշեց, որ այդ հարցերը մենք պետք է ուղարկենք արդարադատության նախարարություն։ «Ի պատասխան Ձեր կողմից բարձրացված հարցերի՝ տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով, որ գործընթացը գտնվում է Արբիտրաժային դատարանում, առաջարկում ենք դիմել ՀՀ արդարադատության նախարարություն»: 

Արդարադատության նախարարությունում տեղյակ չէին «Ռոսիա ՖԶԷ»-ի եւ տրանսպորտի նախարարության փոխհարաբերություններից, տուգանքներից, փոխադարձ պարտավորություններից: Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց. «Հայցվորների հետ կնքված կոնցեսիայի պայմանագրի եւ դրա դրույթների ենթադրյալ խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելը դուրս է արդարադատության նախարարության իրավասության ոլորտից, քանի որ պայմանագիրը կնքվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ»:

Տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի վարչության հին աշխատակից Վարուժան Հարությունյանը չէր հիշում, թե  լիազոր մարմինը, ի դեմս տրանսպորտի նախարարության, տուգանե՞լ է «Ռոսիա ՖԶԷ»-ին, եւ ինչն է եղել պատճառը, որ ընկերությունը չի կատարել պարտավորությունները։

«Մենք ընդամենը կատարողականներն էինք նայում։ Կարող եմ միայն ասել, որ տուժող կողմը մենք ենք եղել։ Արբիտրաժային դատարանը կտա հարցերի պատասխանները»,- ասաց պաշտոնյան։ Նախարար Հակոբ Արշակյանի տեղակալ Արմեն Արզումանյանը, որը երկաթգծի հարցերն է համակարգում, խոսնակից ավելի շատ տեղեկացված չէր։ Նա խոստացավ մեր գրավոր հարցմանը հանգամանալից պատասխանել։ Իսկ եթե հիմնվենք խնդրից տեղյակ վերջին նախարարի՝ Աշոտ Հակոբյանի խոսքի վրա, ապա  լիազոր մարմնի փաստարկներն ամուր են, անհանգստանալու կարիք չկա։ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության մասին համացանցում մինիմալ տվյալներ կան։ Հայտնի է, որ պատկանում է օֆշորային՝ «Ռոսիա գրուպ» կազմակերպությանը, որի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկին 2014-ին եկել է Հայաստան եւ հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։