ԵԿՄ «դասալիքները» կվերադառնան, նախկինները կլքեն

ԵԿՄ «դասալիքները» կվերադառնան, նախկինները կլքեն

Կարծես թե որոշվել է` ապրիլի 3-ին տեղի կունենա ԵԿՄ արտահերթ համագումարը, որին Երկրապահում սպասում են դեռեւս անցած ամռանից։ Համագումարից հետո կլուծվի նաեւ ԵԿՄ նախագահի ընտրության հարցը։ Արտահերթ համագումարն անցկացնելու տեղի հարցում դեռ երկմտում են, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Մելիք Ադամյան 1 հասցեում գտնվող կառավարության նիստերի դահլիճում, թեեւ քննարկվում է նաեւ Մարզահամերգային համալիրի տարբերակը։ ԵԿՄ սպասվող համագումարն աննախադեպ է լինելու ոչ միայն այն պատճառով, որ դրանով վերջ կդրվի Մանվել Գրիգորյանի էպոխային, այլեւ մի քանի ուրիշ պատճառներով։ 

Նախնական քննարկումների արդյունքում եկել են որոշման, որ  ԵԿՄ 180 հոգանոց վարչությունից պահելու են ընդամենը 3 կամ 4 տասնյակի հասնող կազմ, այն գրեթե հիմնովին փոխվելու է, եւ ներգրավվելու են ժամանակին ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկները։ ԵԿՄ շարքերը զտվելու են հատկապես այն մարդկանցից, որոնք ժամանակին ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են ԵԿՄ վարչության կազմում, օրինակ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, 4-րդ դիվիզիայում «կռված» Սամվել Ալեքսանյանը, քաղաքական այլ դեմքեր, որոնք վերջին տարիներին համալրել են ԵԿՄ վարչությունը՝ դարձնելով այն ՀՀԿ-ի կցորդը։

Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի  ունեցած ընդլայնված նիստի ընթացքում ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը նախագահի հավակնությունները զիջեց Սասուն Միքայելյանին, մինչ այդ Միքայելյանին նման «պարտադրանքի» առջեւ էին կանգնեցրել ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարները, վարչության անդամներ, ինչպես նաեւ Երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք  հրամանատարներ, ովքեր  ժամանակին հեռացել էին ԵԿՄ-ից՝ Ռուստամ Գասպարյան, Արաբոյի Մանվել, Ազատամարտիկների դաշինքի տղաները։ Նրանք հայտարարեցին, որ միակ արժանի թեկնածուն Սասունն է։

ԵԿՄ մեր աղբյուրները չնայած հայտնում են, որ վերջին օրերին կառույցում աննախադեպ աժիոտաժ է, մինչեւ ուշ երեկո ԵԿՄ-ականներն ու աշխատակազմը մնում են գրասենյակում, նախապատրաստվում համագումարին, սակայն ԵԿՄ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Արա Կետիկյանը, ով ինչպես Մանվել Գրիգորյանի ժամանակներում էր «պեռվի կռուգում», այնպես էլ հիմա՝ Սասուն Միքայելյանի, երեկ մեզ հայտնեց, որ երբ որոշեն համագումարի օրը, մեզ անպայման կհայտնեն այդ մասին։ Նա չասաց անգամ, թե երբ են հրավիրելու գործող վարչության նիստը, որ քննարկեն համագումարի  հարցը։ Կանոնադրության համաձայն, գործող վարչությունը երբ նիստ հրավիրի ու լսի արտահերթ համագումար հրավիրելու հարցն ու ընդունի որոշում, 7 օր հետո տեղի կունենա համագումարը: 

Իսկ համագումարի ժամանակ ընտրվում է վարչություն, որից հետո նոր ընտրում են ԵԿՄ նախագահ, ով հետո առաջադրում է տեղակալներին: Որոշ տեղեկություններով՝ Արա Կետիկյանն  ու Ղուկաս Ուլիխանյանը կշարունակեն մնալ իրենց պաշտոններում, քանի որ ջերմ հարաբերություններ ունեն Միքայելյանի հետ։ Վերջինիս ցանկությունն է, որ վարչության կազմում ընդգրկվի նաեւ Արամ Սարգսյանը։ Համագումարը կնշանավորվի նաեւ «դասալիքների» վերադարձով։ Ազատամարտիկների մի խումբ, որոնք, ինչպես նշեցինք, ժամանակին հեռացել են ԵԿՄ-ից, պատրաստվում են նորից «տուն» դառնալ։ Օրինակ՝ «Սեւ հովազ» ՀԿ նախագահ Ռուստամ Գասպարյանը։ Նա մեզ հայտնեց, որ իր կառույցը չի պատրաստվում լուծարել, բայց ինքը կվերադառնա ԵԿՄ, ավելին՝ ցանկություն ունի նաեւ վարչության անդամ դառնալու, եթե, ինչպես Գասպարյանն ասաց, ընկերներն ընտրեն իրեն։

«Ելնելով իրավիճակից, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններից՝ ավելի ճիշտ ենք համարում մի տանիքի, մի հրամանատարության տակ հայտնվելը»,- պարզաբանեց նա։ Գասպարյանը բացարձակ մտահոգություն չունի, թե Սասուն Միքայելյանը կգնա Մանվել Գրիգորյանի հետքերով, ԵԿՄ-ն կդառնա իշխանության կցորդը․ «Ես վստահ եմ, որ կառույցը քաղաքականությունից հեռու է լինելու, պետությանն ու բանակին մոտ։ Բացառվում է, որ կառույցը ծառայի անձի կամ քաղաքական ուժի»։ Նա հաստատեց մեր տեղեկությունը վարչությունը կրճատելու մասին․ «Իմ ինֆորմացիայով՝ 30 կամ 40 հոգի է լինելու»։ Հետաքրքրվեցինք՝ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք մնալո՞ւ են վարչության կազմում։ «Չէ, ինչի՞ մասին է խոսքը»։ Ո՞վ է հեռանալու, ովքե՞ր են մնալու։ «Չեմ կարող ասել, համագումար է լինելու, ընտրելու են։ Այնպես չէ, որ նշանակում է լինելու»։