Ո՞նց կարա իմ նեղ անձնական շահը համընկնի կառավարության ծրագրի հետ

Ո՞նց կարա իմ նեղ անձնական շահը համընկնի կառավարության ծրագրի հետ

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը նախորդ շաբաթ կառավարության նիստին մի նախագիծ ներկայացրեց, որը բախում առաջացրեց իր եւ ֆինանսական բլոկի միջեւ։ Գեւորգյանն այս հարցում գործում էր ընկերոջ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ տադեմով։ Մյուս ճամբարում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր՝ մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Գեւորգյանն առաջարկում էր լուծարել «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամն» ու «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ը եւ փոխարենը ստեղծել «Գյուղական ֆինանսավորման կառույց» ՓԲԸ, ԾԻԳ-ի լիազորությունների մի մասը փոխանցել այդ նորաստեղծ ընկերությանը, մի մասը՝ նախարարությանը։ Սա ԾԻԳ-ի լուծարման հերթական նախագիծն է՝ այս անգամ գյուղնախի ենթակայության ներքո գործող։

Ուշագրավ է, որ Գեղամ Գեւորգյանը ժամանակին հենց այս հիմնադրամի տնօրենն էր, որտեղ ինքն իրեն բարձր աշխատավարձ էր նշանակել, ինչը ժամանակին գրվեց մամուլում։ Հիմա որոշել է լուծարել հիմնադրամն էլ, ԾԻԳ-ն էլ ու տեղը ՓԲԸ բացել, որը մեծ հաշվով էլի նույն գործն է անելու։ Ատոմ Ջանջուղազյանն էլ առաջարկում էր այդ գործառույթները փոխանցել ոչ թե ՓԲԸ-ին, այլ բաժանել նախարարության վարչությունների միջեւ։ Ջանջուղազյանի հետ համաձայն էր նաեւ վարչապետը։ Գեւորգյանին օգնության հասավ Ավինյանը՝ փորձելով համոզել վարչապետին նախարարի առաջարկության օգտակարության մեջ, եւ սկսվեց նեղ մասնագիտական քննարկում, որտեղ Գեւորգյանը խայթեց ֆինանսների նախարարին, թե «պարոն Ջանջուղազյանը շփոթմունք է առաջացնում»։

Մեզ հետ զրույցում երեկ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ այստեղ մոտեցման խնդիր կա․ մեկն ասում է, որ պետք է սկզբից առանձնացնել կառույցը, հետո միավորել նմանատիպ ֆունկցիա իրականացնող կառույցների հետ, մի մասն ասում է՝ եկեք եռամսյա ժամկետում բոլորն իրար հետ միավորենք։ Նա նշեց, որ ՓԲԸ կարող է ստեղծվել, բայց խոսքը շահույթ հետապնդելու մասին չէ։ «Խոսքը ֆինանսական ռեսուրսների պետական օժանդակության որոշակի հատվածի պորտֆելի կառավարման ֆինանսական գործառույթների մասին է։ Ուզում եմ ասել՝ ինքն ուղղակի տենց շատ նեղ մասնագիտական, ֆինանսական մոտեցում ա, բայց ե՛ւ այն տարբերակը, ե՛ւ այն տարբերակը գոյության իրավունք ունի»,-ասաց Գեւորգյանը։

- Դրա տակ մանիպուլյացիա են տեսնում, եւ քանի որ նեղ մասնագիտական է, գուցե վարչապե՞տն էլ շատ չի տիրապետում այդ նրբություններին։

- Ես, անկեղծ ասած, մամուլում առաջին անգամ տեսա նման հրապարակում, որ մենք ուզում ենք ինչ-որ հատուկ կառույց ստեղծել։ Եթե ուզենայինք հատուկ կառույց ստեղծել, կարծում եմ՝ այդ կառույցը չէինք լուծարի մենք մեր ձեռքով։ 

- Իսկ լուծարվող ԾԻԳ-երի աշխատակիցների ճակատագիրն ի՞նչ է լինելու, կարո՞ղ են նրանք տեղափոխվել նախարարություն։

- Ես սիրով հրավիրում եմ նախարարություն՝ աշխատելու։ Եթե իմ բլոկի մասին է խոսքը, իհարկե, ինչի՞ չէ։

- Բայց Դուք վաղը կարող եք անգործ մնալ կամ դառնալ փոխնախարար, եթե գյուղնախը միանա էկոնոմիկայի նախարարությանը, ինչպե՞ս եք մարդկանց հրավիրում աշխատանքի։

- Չեմ կարծում, որ փոխնախարարն անգործ ա, բայց ոչինչ, կապ չունի, նախարարությունն էլ, չէ՞, աշխատակիցների կարիք ունի, հավատացեք, չկա նմանատիպ մոտեցում, որ մեզ մարդիկ պետք չեն։ Լավ աշխատողի համար, կարծում եմ, բոլորը պետք է կռիվ տան։ Չի կարող լավ աշխատող լինել, եւ մարդը չուզենա նրան աշխատանքի ընդունել։ Մենք խնդրում ենք լավ գյուղատնտես, ասում ենք՝ ուղարկեք ձեր ինքնակենսագրականները մեր կայքին, մենք հրավիրենք ձեզ։ Ահագին մարդու կանչել՝ հարցազրույց ենք անցկացրել, հրավիրում ենք աշխատանքի։ Մենք հիմա անասնաբույժների դեֆիցիտ ունենք, ջերմոցի մասնագետի, նորմալ ագրոնոմի դեֆիցիտ ունենք։ «Սպայկան», մնացած ընկերությունները, բոլորն աշխատող են փնտրում։ 

- Տպավորություն կա, որ կառավարությունում Դուք եւ Տիգրան Ավինյանն առանձին թեւ եք՝ տանդեմով, Ատոմ Ջանջուղազյանն ու Մհեր Գրիգորյանը՝ առանձին, եւ կառուցվածքային փոփոխությունների նախագծի հարցում բախումներ են առաջանում ինչպես մասնագիտական, այնպես էլ գուցե նեղ անձնական շահերից բխող։

- Նեղ անձնական չի կարա լինի երբեք, ոչ մի ձեւ։ Այսինքն՝ ո՞նց կարա իմ նեղ անձնական շահը համընկնի կառավարության ծրագրի հետ։ Նեղ անձնական շահ կլինի, որ ես զբաղվեի այս կամ այն ուղղությամբ եւ փորձեի այդ ուղղությունն անընդհատ լոբբինգ անել։ Բայց ոնց որ տեսնում եք, որեւէ տենց բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է թեւերին, կարծում եմ՝ կառավարությունում բոլորն են տարբեր կարծիքներ ունենում, եւ դա նորմալ է, ժողովուրդ։ Մենք ի՞նչ ենք ուզում, որ ով ինչ ասի, բոլորը համաձայնե՞ն դրա հետ։