Բոլորը բոլորի հետ բանակցում են

Բոլորը բոլորի հետ բանակցում են

Թեպետ ՏԻՄ ընտրությունները սարերի ետեւում չեն, սակայն քաղաքական ուժերն ուղտի ականջում քնած են, եւ անգամ խոշոր քաղաքներում նախընտրական պրոցես չկա։ Հիշեցնենք․ մեծ քաղաքներում, որտեղ բնակչությունը գերազանցում է 10 հազարը, ընտրություններն անցնելու են համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, որոնց առաջին համարները լինելու են քաղաքապետի թեկնածուները։

Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով ընտրվել է 2016-ին՝ ՀՀԿ-ից, ըստ որոշ տեղեկությունների, Վանաձորում այս պահին ամենամեծ շանսերն ունի, այդ պատճառով էլ իր թեկնածության «ստավկաները» բարձրացրել է՝ մտերիմ շրջապատում հայտարարել է, որ  կառաջադրվի այն ուժից, ով կնպաստի իր հաղթանակին, եթե ոչ՝ չի բացառվում, որ իր սեփական կուսակցությունը ստեղծի։ Երեկ Ասլանյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ լուրերը՝ տալով դիվանագիտական պատասխան, թե դեռ որեւէ ուժի հետ քննարկում չի ունեցել, բայց մի բան պարզ է, որ կիսատ գործեր է թողել եւ ցանկություն ունի շարունակելու։ Իսկ սեփական կուսակցություն հիմնելու լուրերի մասին էլ ասաց, որ դեռեւս նման մտադրություն չունի․ «Իմ կարծիքով՝ ամիսուկեսը բավական է, որ այդ բոլոր նախընտրական տեխնիկական հարցերը լուծվեն»։

Համաձայն ԿԸՀ սահմանած ժամանակացույցի՝ ՏԻՄ ընտրություններ են նշանակված սեպտեմբերի 26-ին կամ հոկտեմբերի 17-ին։ Ուշագրավ է, որ 2016-ից ՀՀԿ-ական դարձած Ասլանյանը չբացառեց, որ կարող է նաեւ որպես իշխանության թեկնածու հանդես գալ։ Հունիսի ընտրություններին  ՔՊ-ի համար աշխատել է նաեւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունից փոխքաղաքապետ ընտրված Արկադի Փելեշյանը՝ Ական, որը քաղաքի «ավտարիտետներից» է, սակայն իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը կրիմինալին դժվար թե քաղաքապետ առաջադրի։ Ավելին՝ Ական էլ իր հերթին է բանակցում ընդդիմադիր ուժերից մեկի հետ։ Մենք զրուցեցինք Մամիկոն Ասլանյանի հետ։

- Դուք նորից ՀՀԿ-ի ցուցակո՞վ եք առաջադրվելու, թե՞ հնարավոր է այլ ուժի հետ շարունակեք ճանապարհը։

- Ես չեմ ուզում քաղաքականացնել այս պրոցեսը, որովհետեւ դեռեւս տարիներ առաջ, երբ 2016-ին մտա քաղաքականություն, հայտարարել եմ, որ նպատակս Վանաձորին եւ վանաձորցուն ծառայելն է, դրա համար այս պահին նեղ կուսակցական, նեղ խմբակային շահերն առաջնահերթություն չեն ներկայացնում։ Ընդհանուր քաղաքական ֆոնի վրա կհասկանանք, թե որ ֆորմատն է ճիշտ, եւ ճիշտ լուծման կգանք։ Ես իմ գործով եմ զբաղվում, դեռ ակտիվություն կարծես չկա։

- Այսինքն՝ չի բացառվում նաեւ, որ իշխանության թեկնածուն դառնաք։

- Ես կրկնում եմ՝ մի քաղաքականացրեք, ինձ համար կարեւորը քաղաքի շահն է, որեւէ քննարկում չի եղել որեւէ ուժի հետ, եթե որեւէ ֆորմատ  ծառայելու է ի նպաստ քաղաքի, ապա այդպես էլ կառաջնորդվենք։ Ես կարծում եմ, որ անելիքներ կան, կիսատ գործեր ունենք։

- Բայց ուզեք-չուզեք՝ ընտրությունները քաղաքական գործընթաց են, առավել եւս՝ համամասնական ընտրակարգով։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ակտիվ մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, եթե կրկին Ձեր թեկնածությունը դիտարկեն, կհամաձայնե՞ք, թե՞ ոչ։

- Որեւէ կուսակցություն առանց թեկնածուի հետ համաձայնեցնելու չի կարող դիտարկել։

- Դուք չե՞ք ուզում լսել իմ հարցը, ես հարցնում եմ՝  եթե դիտարկի, կհամաձայնե՞ք, թե՞ ոչ։

- Ես ասում եմ՝ դեռեւս որեւէ քննարկում չկա, դրանք բոլորը քննարկելու հարցեր են։ Ես ներկայացրի իմ պատկերացումները, շեշտադրումն անում եմ ոչ թե մեծ, այլ համայնքային քաղաքականության վրա, ես չեմ ուզում քաղաքական պրոցեսների մաս դառնալ, որովհետեւ ի սկզբանե իմ առջեւ նման խնդիր եմ դրել, որ ես համայնքային խնդիրների համար եմ ինձ մտցնում քաղաքականություն, հետեւաբար՝ համայնքային, տեղական խնդիրների արդյունքում ինքս էլ որոշում կկայացնեմ։

- Եթե 2016-ին ՀՀԿ-ն Ձեզ չաջակցեր, Դուք հիմա քաղաքապետ կլինեի՞ք։

- Ես նման բան չասացի։

- Էլ ո՞նց ասեիք, ուզում եք համոզել, որ Դուք Ձեր ուժերով, հանուն քաղաքի եւ այլն, բայց մենք չենք մոռացել, թե ինչպես տեղի ունեցան ընտրությունները։ Հիմա ժամանակները փոխվել են, փաստորեն, որոշել եք ուրանալ Ձեր քաղաքական ընտանիքին։

- Ես որեւէ անգամ, որեւէ մեկին չեմ ուրացել, չեմ ուրանալու, ինչ եմ ասել, ասում եմ, որ ՀՀԿ-ն առանց իմ կարծիքը հաշվի առնելու դժվար թե առաջարկի, սա է իմ ասելիքը։

- Միեւնույն ժամանակ չեք բացառում, որ իշխանության թեկնածուն կարող եք դառնալ։

- Ես ասացի՝ որեւէ նման առաջարկություն, խորհրդակցություն չի եղել, հետեւաբար չեմ կարող հերքել կամ հաստատել, ի՞նչը հերքեմ կամ հաստատեմ։

- Իսկ ես հարցնում էի՝ կարո՞ղ է այդպիսի բան լինել, որ իշխանության թեկնածուն լինեք, ասեք, որ՝ չէ, չի կարող, որովհետեւ ես ՀՀԿ-ական եմ։

- Ես ասացի այն, ինչ պատասխանեցի։

- Կա՞ ուժ, որի հետ բացառում եք մասնակցությունը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանից եթե առաջարկ ստանաք՝ որեւէ կուսակցությունով մասնակցելու, կհամաձայնե՞ք։

- Շնորհակալություն, հետո կզրուցենք։