Աղքատ Վերմիշյանը՝ հարուստ Վերմիշյանին

Աղքատ Վերմիշյանը՝ հարուստ Վերմիշյանին

Նինան սկսում է պապից․ «Պապս պատերազմի մասնակից է…»։ «Պապից մի սկսեք, Ձեր խնդրից խոսեք, ինչո՞ւ եք եկել»,- կտրում եմ Նինայի շատախոսության պոռթկումը։ Չի ստացվում․  «Պապս հարուս է Վերմիշյաններից էր, բատրակությամբ Լոռու Ագարակ գյուղում փող ա աշխատել, եկել ա էդ հողի տունը Սիլաչու թաղում առել ա, միամիտ լոռեցի ա, էս հարուստ Վերմիշյանի նման չի»։ Նա բոլորին պատմում է, որ հարուստ Վերմիշյանը՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, իր ազգականն է, բայց մատը մատին չի խփում իր՝ աղքատ Վերմիշյանի համար։

«23 տարի «Գայանե» ունիվերմագի մոտ գարդոն ենք հավաքել»,- հիշում է Նինա Վերմիշյանն ու վերջապես անցնում բուն խնդրին։ «Ապրում եմ վթարային տանը։ Փլվում ա գլխիս։ 10 տարի առաջ վթարայնության 4-րդ կարգ ա ստացել։ 3 տարի առաջ գնացի ազգականիս՝ Վերմիշյանի մոտ, էն ժամանակ ինքը Տարոնի խորհրդականն էր, ասեցի՝ ինձ տուն տվեք, տանս կռիսներ են ապրում։ Ինձ ասեց՝ կտամ, ու չտվեց»։ 2014 թվականին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եկել-ուսումնասիրել են Նար-Դոսի 1-ին նրբանցքի թիվ 71 շենքը, Նինայի տունը, գրել են, որ «շենքի սեյսմիկ խոցելիության մակարդակը բարձր է, հնարավոր երկրաշարժի ժամանակ կարող են առաջանալ ուժեղ վնասվածքներ»։ ԱԻՆ աշխատակիցները նաեւ նշել են, որ «նպատակահարմար է շենքի ապամոնտաժումը եւ նորի կառուցումը»։

Այդ օրվանից Նինա Վերմիշյանը փնտրում է պաշտոնյա Վերմիշյանին։ Որտեղ մեքենան տեսնում է, մոտենում է, իր տունն է ուզում։ Մի ագամ Կոմիտասի փողոցում է տեսել Վերմիշյանի մեքենան։ Փորձել է մոտենալ, քաղաքապետարանի վարորդը եկել-խփել է կնոջը, ինչպես ինքն է ասում։ «Մի տասը օր առաջ Վերմիշյանը կառավարության շենքի մոտ ինձ տեսավ, ասեց՝ լավ, լավ, Մեսշչյանին կասեմ քո տան համար»,- պատմում է Նինան։ Վերմիշյանի խոստումներից ոգեւորված՝ նա գնացել է գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսշչյանի մոտ՝ ընդունելության, բայց քարտուղարուհին նրան ներս չի թողել։ «Մի ամիս առաջ էր։ Ընդունելության եմ մտել, ուժեղ խփեց դոշիս, էնքան էլ սիրուն աղջիկ էր, բայց՝ չար… Չթողեց մտնեմ ներս։ Միլիցեն եկավ-ասեց՝ քեզ չենք թողնում։ Երեւի Վերմիշյանը բամբասել էր, դե, Մեսշչյանն իրա ընկերն ա։ Խի՞ չի հանում Վերմիշյանին։ Նիկոլը լա՞վ մարդ ա։ Նիկոլի ի՞նչն ա լավ»,- ասում է Նինա Վերմիշյանը՝ թվարկելով քաղշինկոմիտեի մյուս բոլոր բարեկամներին ու նրանց պաշտոնները։ «Ի՞նչ ա փոխվել, աղջիկ ջան»։

Երբ արդեն դուրս էր եկել խմբագրությունից՝ փաստաթղթերով լի ծանր պայուսակը ձեռքին, որն ամեն օր քարշ է տալիս կառավարության շենքի մոտ, միտքը փոխեց, հետ եկավ ու ասաց․ «Քոչարյանը լավն ա, Քոչարյանն իմ տունը սեփականաշնորհեց։ Նիկոլը վատն ա, տենց էլ կգրես»։ Նինա Վերմիշյանը միայնակ է՝ ամուսնացած չի եղել։ Ապրել է ծնողների հետ։ Նա պառաված օրիորդ է, որը բոլորին պատմում է կյանքից շուտ հեռացած մոր ու միամիտ լոռեցի հոր մասին։