Նաիրա Զոհրաբյանը՝ իրեն նմանակող աղջկա, «Հումորի լիգայի» և ղարաբաղցիների հումորի մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ իրեն նմանակող աղջկա, «Հումորի լիգայի» և ղարաբաղցիների հումորի մասին

Արդեն ավարտին է մոտենում «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի երկրորդ եթերաշրջանը։ Առաջինն ավարտվեց «Զվեռապոլիս» թիմի հաղթանակով, թեպետ շատերը կարծում էին, որ հաղթանակի արժանի էր «Հետթրիք» թիմը, որը քաղաքական սուր հումորներ էր անում։ Այս եթերաշրջանն առանձնանում է նրանով, որ ժյուրիի կազմում լինում են նաև ԱԺ պատգամավորներ։ Հիմնականում ԲՀԿ-ից Արման Աբովյանն է լինում ժյուրիի անդամ, բայց երբեմն նաև այլ պատգամավորների են հրավիրում։ Օրինակ՝ նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ Աբովյանի հետ ժյուրիի անդամ էր նաև «Իմ քայլի» պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը։ Վերջին նկարահանմանը, որը 1/4-րդ եզրափակիչն էր, ժյուրիի կազմում էր նաև դարձյալ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։  Զոհրաբյանի՝ ժյուրիի կազմում լինելը կարծես թե պատահական չէր, քանզի «Հետթրիք» թիմը նրա, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հետ կապված հումորային համարներ էր պատրաստել։ Սակայն դահլիճը թնդաց, երբ բեմ բարձրացավ Զոհրաբյանին նմանակող աղջիկը։ Նա Զոհրաբյանի ձայնով ու տոնայնությամբ տեղում ներկուսացկական ինտրիգ հրահրեց Նաիրա Զհորաբյանի և Արման Աբովյանի միջև՝ հայտարարելով, որ Զոհրաբյանն է խմբակցության երկրորդ դեմքը, ոչ թե Աբովյանը, ով խմբակցության քարտուղարն է։ Քաղաքական սուր հումորներով աչքի ընկավ ու ժյուրիի բարձր գնահատականին արժանացավ նաև Արցախի բուհերի հավաքականը։ Նրանց ելույթից հետո Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, որ երբևէ չէր կարող պատկերացնել, որ ղարաբաղցիները կարող են այսպես հումորով լինել։ Նկարահանումից հետո այս թեմայով զրուցեցինք Նաիրա Զոհրաբյանի հետ։ Նա ասաց, որ հրավերը վաղուց կար, որ մասնակցեր այս նախագծին՝ որպես ժյուրիի անդամ, բայց ինքը համառորեն մերժում էր։

«Տարբեր հեռուստաընկերություններից մշտապես եղել են ապօլիտիկ հաղորդումների հրավերներ՝ «Չէին սպասում» և այլն, և այլն, և ես շատ կատաղորեն մերժում էի այդ կարգի բոլոր հրավերները, որովհետև ինձ համար տաբու կար, որ Նաիրա Զոհրաբյանի ստեղծած էդ երկաթյա կերպարը հանկարծ որևէ սասանման չենթարկվի։ Բայց ես հետո հասկացա, որ դա սխալ է, որովհետև դու չես թողնում տարածություն, որ մարդիկ քեզ ընկալեն նաև ամբիոնից դուրս։ Այսինքն՝ ես տարիներ շարունակ նույնացված եմ եղել ամբիոնին և չեմ թողել էդ տարածությունը, որ նաև ընտրողը, որ ընտրել է ինձ, ինձ ընկալի նաև ամբիոնից դուրս։ Եվ պարզվեց, որ իմ այդ անձնական տարածության կիլոմետրաժը շատ մեծ է, ես ընդամենը կրճատեցի այդ տարածությունը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում նախագծի մասնակիցների հումորը, դրա որակը։

Ընդհանրապես, մեզ մոտ հումորի որակը երբևէ շատ բարձր մակարդակի վրա չի եղել, բայց ինձ հաճելիորեն զարմացրեց հատկապես երկու թիմերի՝ Արցախի բուհերի հավաքականի և «Հետթրիքի» հումորը։ Իսկապես շատ նուրբ հումոր կար։ Հումորը չպիտի լինի գռեհիկ և չպիտի առաջացնի գռեհիկ ծիծաղ։ Այդ երկու թիմերի մեջ ես տեսա իսկապես բավականին նուրբ, հղկված հումոր, ինչը ինձ համար անակնկալ էր, որովհետև ես առաջին անգամ էի մասնակցում այդ նախագծին, և ի սկզբանե, մինչև հանդիպման գնալը լարվածություն կար, որովհետև ես գիտեի, որ իմ վերաբերյալ էր ինչ-որ կոմիքսներ են լինելու։ Այս վերջերս, որքան հասկացա, ինչքան հումորային ներկայացումներ կան, և՛ Նարեկ Դուրյանի,և ՛ Սերգեյ Դանիելյանի ներկայացումներում, և մի ուրիշ ներկայացում էլ կա, ինձ գալիս ասում են՝ գիտե՞ս, էնտեղ քեզանից կտոր կա։ Եւ ես հասկացա, որ երեք գործիչ կա Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյան, Գագիկ Ծառուկյան և Նաիրա Զոհրաբյան, որ իրենց փորձում են ընդօրինակել։ Ինձ ասացին, որ դա պոպուլյարության և հանրաճանաչության ամենապիկն է։

-Ինչպե՞ եք վերաբերվում Ձեզ նմանակումներին, որ այդ աղջիկը Ձեր ոճով՝ այդպես սուր ու կտրուկ շեշտադրումներով Ձեզ էր նմանակում, նաև այն, որ արդեն մեմ դարձած «Նառա դու սուսի» վրա են հումորներ անում։ 

Ես, ընդհանրապես, առողջ հումորին նորմալ եմ վերաբերվում։ Ես ինքնաբավ մարդ եմ և ավելորդ բարդույթներ չունեմ, և ոչ գռեհիկ հումորի հանդեպ, նույնիսկ, եթե ինձ են նմանակում, իմ ռեակցիան Դուք տեսաք՝ շատ պոզիտիվ էր։

-Լա՞վ էր նմանակում այդ աղջիկը Ձեզ։

-Գիտե՞ք, որ ասեմ՝ շատ լավ էր նմանակում, շատ անկեղծ չի լինի, բայց ինքը էնքան սիրով էր դա անում, և պարզվեց, որ իմ ֆանատներից է նա, և ես շատ սիրով իրեն գրկեցի ու համբուրեցի։

-Նա նաև կարծես ներկուսացկական ինտրիգ է հրահրում այդ համարում՝ հայտարարելով, որ խմբակցության երկրորդը դեմքը Դուք եք, ոչ թե Աբովյանը։ Կա՞ ձեր խմբակցության ներսում նման խնդիր։

-Ոչ, չկա։ Ես էլի լինեմ անկեղծ՝ ես շատ հարգում, սիրում եմ իմ բոլոր գործընկերներին, նրանք շատ կարևոր են, բայց կարծես թե հանրային գիտակցության մեջ ԲՀԿ-ն առաջին հերթին Գագիկ Ծառուկյանն է, և անկախ նրանից՝ թե Նաիրա Զոհրաբյանն ինչ պաշտոն կունենա, երկրորդը Նաիրա Զոհրաբյանն է։ Եվ երևի այդ հանրային ընկալումն է, որ դարձավ այդ հումորի մի մասը։

-Ի դեպ, Դուք ասացիք՝ երբևէ չէիք կարող պատկերացնել, որ ղարաբաղցիները կարող են այսպես հումորով լինել։ Իսկապե՞ս միշտ, նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակներից մտածել եք, որ ղարաբաղցիները հումոր չունեն։

-Անկեղծ ասած՝ համենայնդեպս այն ղարաբաղցիները, որոնց հետ ես շփվել եմ, նման նուրբ հումոր չեն ունեցել, որովհետև այդ թիմի հումորը շատ գրագետ ու նուրբ հումոր էր, ես կասեի՝ անգլիական հումոր էր, որտեղ չկար սարկազմ, չկար գռեհկաբանություն և չկար ռաբիզություն։ Ինձ իսկապես անկեղծորեն զարմացրեց։ Ուրեմն իմ բախտը չի բերել ղարաբաղցիների հարցում։ Համենայնդեպս, այն ղարաբաղցիները, որոնց հետ ես շփվել եմ, գոնե էդպիսի սիրուն հումոր չեն ունեցել, դա՝ հաստատ։