Որոշել են խորհրդարանը՝ որպես ինստիտուտ, մինչեւ վերջ ոչնչացնել

Որոշել են խորհրդարանը՝ որպես ինստիտուտ, մինչեւ վերջ ոչնչացնել

Վաղը մեկնարկում է ութերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանը։ Այն ուշագրավ է լինելու երկու դրվագով՝ նախ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնելու է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունները։ Օհանյանի նկատմամբ, հիշեցնենք, դատախազը երեք դրվագով է հայցում խորհրդարանի համաձայնությունը, որ քրեական հետապնդում հարուցի, որոնցից մեկը գաղտնի է, այսինքն՝ նշված չէ հարցի բովանդակությունը։ Մյուս երկու գործերն առնչվում են Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիների ժամանակ թույլ տրված ենթադրյալ չարաշաhումների, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, գույք վատնելու և հափշտակելու դրվագներին։ Իսկ Արմեն Չարչյանին դատախազությունը մեղադրում է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորմանը հաց հասցնելու համար «Հաց բերող» անունը ստացած, ապա կալանավորված Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ 2017 թվականին իբրև թե ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

Չարչյանը, հիշեցնենք, մասնագիտությամբ բժիշկ է, պրոֆեսոր, և այդ պահին հանդիսանում էր «Իզմիրյլան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, և 2017 թվականի փետրվարի 6-ին մասնակցել է Արթուր Սարգսյանի առողջական հարցով նախաձեռնված փորձաքննությանը, իսկ փորձաքննությունն ընթացել է «Իզմիրյլան» ԲԿ-ում։ Փորձաքննության համար այդ պահին որպես նեղ մասնագետ, ի թիվս այլ բժիշկների, ներգրավված է եղել նաև Արմեն Չարչյանը։ Ու հիմա դատախազությունը հայցում է Ազգային ժողովի համաձայնությունը՝ Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, չնայած այդ հոդվածով անցել է պատժի համար նախատեսված վաղեմության ժամկետը։ ՔՊ-ն, ենթադրաբար, կտա իր համաձայնությունը ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, քանզի երբեք չի առարկում կառավարությանն ու նրա ղեկավարին։

Բացի դատախազի միջնորդությունները ներկայացնելուց, մի «միջնորդություն» էլ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել՝ հրավիրել հրատապ քննարկում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, թեմայի քննարկման կարևորությունն ու հրատապությունը պայամանվորված է հատկապես վերջին շրջանում ՀՀ զինված ուժերում արձանագրված արտակարգ դեպքերով, զինվծ ուժերի կառավարման ոլորտում առկա բացերով և սխալներով։ Դրա համար հավաքվել է 27 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ խորհդարանը կազմակերպի այս քննարկումը, բայց ելնելով անցյալի փորձից կարծում ենք՝ ՔՊ-ն կտապալի այդ նիստը, ուղղակի բացակայելով եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա։