Մի սղոցեք ճյուղը, որի վրա նստած եք

Մի սղոցեք ճյուղը, որի վրա նստած եք

Մոտ երկու տարի առաջ հեղափոխական իշխանությունները ձեռնամուխ եղան կառավարման համակարգի բարեփոխումներին։ Նպատակը հայտարարվեց օպտիմալացումը եւ պետական ուռճացված ապարատի կրճատումը։ Ազնիվ նպատակ, որի դեմ ոչ ոք չի կարող ընդվզել։ Եւ սկսեցին՝ արագությամբ նոր կառուցվածք հաստատել, որով կրճատվում էր նախարարությունների քանակը եւ սուրճ խմողների հաստիքները։ Սակայն անմիջապես աղմուկ բարձրացավ։ Կրճատվող ապարատի աշխատակիցները, որոնք գործազրկության հոտն էին առել՝ սկսեցին բողոքել։ Իսկ մեր իշխանությունը, գիտեք, բողոքներից ու բողոքավորներից շատ է վախենում եւ անմիջապես նահանջում է իր հռչակած սկզբունքներից։ Ու հայտարարեցին, որ ոչ մի մարդ չի կրճատվելու, բոլորն աշխատանք կունենան։ Արդյունքում ստացվեց, որ նախարարությունների եւ տարբեր մարմինների թվաքանակը կրճատվեց, բայց հաստիքները հիմնականում՝ այս կամ այն տեսքով պահպանվեցին։ Եւ քանի որ այդ բարեփոխումների հիմքում որեւէ կոնցեպցիա ու հստակ պատկերացում չկար, թե ինչ են ուզում իշխանությունները՝ ինչպիսի կառավարման համակարգ, ուստի ստացվեց մի անճոռնի բան՝ անիմաստ կառույցներով, բազմագլուխ հրեշի նման միավորված ահռելի սուպերնախարարություններով, իսկ դրանց կողքին՝ շատ կարեւոր մարմիններ ուղղակի վերացան ասպարեզից։

Ասենք՝ պատմության գիրկն անցավ Կրթության ազգային ինստիտուտը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը կրճատվեց, Քաղծառայության խորհուրդը դարձավ գրասենյակ, սփյուռքի նախարարությունը՝ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, մշակույթի նախարարությունը միացավ կրթությանը, գիտությանը, սպորտին եւ ստորադասվեց դրանց եւ այլն։ Ու երբ այսօր կրթական չափորոշիչների հետ կապված աղմուկ է բարձրանում եւ մարդիկ դժգոհում են, որ նման անգրագետ փաստաթուղթ է դրվել շրջանառության մեջ, ոչ ոք չի հիշում, որ այդ չափորոշիչները մշակող մի կարեւոր օղակ մեկ տարի առաջ ուղղակի վերացվեց՝ ոչնչացվեց։ Երբ երկրու համաճարակային իրավիճակ է եւ ակնհայտ է, որ հակամահաճարակային ծառայությունների դերը խիստ մեծ է, բոլորն անտեսում են, որ ժամանակին վերացվել են սանէպիդկայանները, գլխավոր սանիտարական բժշկի հաստիքը, բժշկական համալսարանի սանֆակուլտետը, իսկ Հիվանդությունների վերահսկման խիստ կրճատված կենտրոնը չի կարողանում ամբողջ հանրապետության տարածքը սպասարկել։

Երբ պետական ծառայողներին թաշկինակի պես փոխում են եւ նախարարների ու տարբեր պետերի կամայականությունը՝ նշանակումների հարցում հասնում է անթույլատրելի չափերի, ոչ ոք չի հիշում, որ կար Քաղծառայության համակարգ եւ խորհուրդ, որը կոչված էր պաշտպանելու պետական պաշտոնյային, նրան դարձնելու ավելի պաշտպանված՝ պետերի կամայականություններից, սակայն մեր կառավարությունները հետեւողականորեն քանդեցին այդ համակարգը եւ մեզ վերադարձրին 90-ական թվականներ, երբ ամեն նոր նախարարի հետ ծայրից ծայր փոխվում էր նախարարության ողջ աշխատակազմը։
Սա շատ նման է այն իրողությանը, որ ծառի ճյուղին նստած մարդը սղոցում է այդ ճյուղը, իսկ երբ հայտնվում է ծառի՝ կոտրված ոտքերով ու ողնաշարով, մեղադրում է ծառին, այլ ոչ թե ինքն իրեն։